Serj Robert

Հայաստանի 14 կուսակցություն, այդ թվում մեկ խորհրդարանական՝ ԲՀԿ, որոնք անցնող ամիսներին կոշտ ընդդիմադիր դիրքորոշում են ունեցել Հայաստանի ներքաղաքական դաշտում, այդ թվում Արցախի հարցում քաղաքականության առնչությամբ, տարածել են հայկական բանակին, Հայաստանի ու Արցախի հանրապետություններին ամբողջ ներուժով սատարելու մասին հայտարարություն:

Մի կողմից դա այն է, ինչ ուղղակի պարտավոր է անել ցանկացած ողջախոհ եւ պարկեշտ քաղաքական ուժ, մյուս կողմից ադրբեջանական ագրեսիան եւ դրան հայկական զինուժի անձնազոհ հակադարձման հերթական շրջափուլը հայկական քաղաքական դասի համար բարոյահոգեբանական ֆիլտրացիայի պատմական հնարավորություն է, հայաստանյան ներքաղաքական կյանքում առնվազն արցախյան հարցում սկզբունքային համերաշխության հասնելու միջոց, այդ հարցը ներքաղաքական որեւէ ճահճից զերծ պահելու կոնսենսուսի պատմական հնարավորություն: Դա կլինի քաղաքական հսկայական աջակցություն հայկական զինուժին:

Այդ իմաստով, հիմնարար նշանակություն ունի, թե ինչպիսին կլինի Հայաստանի անցնող երեք տասնամյակը կառավարած նախկին երեք նախագահների վարքագիծը: Նախագահներ, որոնք մի կողմից միմյանց են ժառանգել իրենց մասնակցությամբ նաեւ կերտված Արցախի հաղթանակը պահելու խնդիրը, մյուս կողմից միմյանց են ժառանգել համակարգային արատներ, ու նաեւ բանակցային մի տրամաբանություն, որը եղել է բավական խնդրահարույց հայկական շահերի տեսանկյունից:

Երեք նախկին նախագահ, որոնք միմյանց հետ ունեն լրջագույն խնդիրներ, որոնց թիմերը ունեն լրջագույն խնդիրներ, որոնց հանդեպ լրջագույն հարցեր ունի Հայաստանի հանրությունը, հայ ժողովուրդը: Բայց հայ ժողովուրդը, Հայաստանը չունի այլ նախկին նախագահներ՝ նրանք են, եւ նրանք եւս փաստացի ստացել են հայ ժողովրդի առաջ պատմական պատասխանատվության, արածի ու չարածի առնվազն որոշակի մակարդակի «սրբագրման» հնարավորություն՝ անկախ ներկայիս ներքաղաքական անցուդարձից եւ ներկայիս իշխանության հետ եղած խնդիրներից:

Հնարավո՞ր է Արցախի հարցում բեկում, քաղաքական ռումբի, կամ ինչպես նրանցից մեկը կասեր՝ քաղաքական Իսկանդերի էֆեկտով, բեկում երեք նախագահների համատեղ պատմական դրսեւորման իմաստով, թե՞ Հայաստանի համար դա աներեւակայելի հեռանկար է անգամ լայնածավալ պատերազմական մարտահրավերի պայմաններում:

Հարցը երեք նախագահների առանձին կոչերը չեն՝ միասնականության վերաբերյալ: Դրանք անշուշտ կարեւոր են, բայց քաղաքական ռումբի էֆեկտ է ունենալու երեք նախագահների համատեղ կոչը գոնե մեկ՝ Արցախի հարցում, գոնե այժմ, երբ ակնառու է, որ մինչ այդ եղած նրանց քաղաքական պատկերացումներն ու մոտեցումները ջնջված են ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիայով, եւ դրանով իսկ նրանց տրված է այդ միասնական աներեւակայելի թվացող ակտի հնարավորությունը:

Երեք նախագահները վեր կենան ու գնան կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանի մոտ, պատմական համաձայնության, որ Արցախի հարցում կա մեկ Հայաստան-հայություն, բայց ոչ միայն լոկ բարոյահոգեբանական, այլ մեկ քաղաքական բովանդակությամբ եւ գաղափարաբանությամբ, այդպիսով նաեւ ազդակ հղելով ոչ միայն դիմադրունակության իմաստով, այլ նաեւ միջազգային ազդակ հղելով այն առումով, որ ոչ մի պարագայում որեւէ արտաքին ուժ չի կարող ակնկալել Արցախի հարցը դարձնել Հայաստանում ներքաղաքական ազդեցության գործոն:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •