us-russia

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի ընդդիմադիր Նավալնու թունավորման թեմայով՝ ասելով, որ Ֆրանսիան համաձայն է թունավորման եզրակացության հետ, որ տալիս են բժիշկները:

Գերմանիայից բացի, նաև Ֆրանսիայի ու Շվեդիայի լաբորատորիաներն են հաստատել, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» տեսակի քիմիական զենքով, ինչը, բնականաբար, չի կարող որևէ մեկին հասանելիություն ունենալ առանց պետական օժանդակության: Նավալնու հարցում թերևս վճռորոշ է լինելու ԱՄՆ դիրքորոշումը, որն առայժմ վերջնական ձևակերպված չէ: Այն ձևավորվելու պարագայում, եթե Վաշինգտոնը ևս հանգի թունավորման եզրակացության կամ հաստատի այդ եզրակացությունը, ըստ էության կառաջանա Արևմուտք-Ռուսաստան նոր դիմակայություն՝ նոր պատժամիջոցներով: Իսկ այստեղ, ինչպես հայտնի է, մշտապես զգայուն է Հայաստանը՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմա-քաղաքական իմաստով: Արևմուտք-Ռուսաստան դիմակայության որևէ սրացում մարտահրավեր է Հայաստանին, առնվազն այն պարզ տրամաբանությամբ, որ մեր երկիրը բախվում է ամենամեծ՝ ռուսական շուկայում, ռուսական տնտեսությունում խնդիրների մետաստազներին և, բացի դրանից, նաև Արևմուտքի հետ դիմակայության պայմաններում Ռուսաստանի աճող կայսերական նկրտումներին ու հավակնություններին:

Մյուս կողմից, իրավիճակն այդ առումով, իհարկե, բոլորովին միագիծ չէ, ընդ որում՝ վաղուց, և մենք չենք գտնվում 2013 թվականի միջազգային իրադրությունում: Ավելին, հենց դիմակայության այդ փուլում ՌԴ դեմ կիրառված պատժամիջոցները զգալիորեն քանդել են Ռուսաստանի կառավարող էլիտայի առերևույթ միատարրությունը: Իսկ այդ հանգամանքը էապես փոխում է իրավիճակը և, իհարկե, մարտահրավերներով հանդերձ, Հայաստանին տալիս է քաղաքական խաղի ավելի լայն հնարավորություն, հատկապես ներքին լեգիտիմության այն պայմաններում, որ ունի Հայաստանի նոր իշխանությունը, և որը էապես բարձրացնում է դիմադրունակությունն արտաքին հարցերում: Այդ տեսանկյունից, Արևմուտք-Ռուսաստան նոր դիմակայությունը, նախ, ինքնին լինելու է բոլորովին այլ ներքին քաղաքական տրամաբանությամբ, քան 2013-ի փուլը, և դրանից բացի՝ բոլորովին այլ է լինելու դրա խորքային նշանակությունը Հայաստանի համար: Հատկապես երբ ակնառու է, որ դիմակայության ծավալման «էպիկենտրոնը» այս անգամ լինելու է Բելառուսը, ինչը ևս մի կողմից բխում է, մյուս կողմից՝ վկայում իրավիճակի առանձնահատկությունը: Հետևաբար՝ Երևանը նոր իրավիճակում պատրաստ լինելով ամուր պաշտպանության՝ բոլոր առումներով մարտահրավերներին հակազդելու համար, այդուհանդերձ պետք է պատրաստվի առավել աշխույժ խաղի՝ հնարավորություններն օգտագործելու համար:
Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •