Ես որպես Գերագույն հրամանատար այսօր չեմ եկել ասելու, թե ինչի են պատրաստ հարենիքի համար մեր զինվորներն ու գեներալները, ես եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես՝ ես պատրաստ եմ զոհվելու հանուն հայրենիքի, խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը խորհրդարան է ժամանել ռազմական դրության մասին կառավարության որոշման խորհրդարանական քննարկման շրջանակում:

Այդ շրջանակում Փաշինյանը հայտարարել է նաեւ, որ Հայաստանը քննարկման օրակարգ է բերում Արցախի ճանաչման, Արցախի հետ ռազմա-քաղաքական փոխօգնության պայմանագիր կնքելու հարցերը: Նա հայտարարել է, որ այդ հարցերը պետք է քննարկել հանգիստ, բոլոր փաստարկները դիտարկելով եւ ըստ այդմ քայլերի տրամաբանությունը որոշելով:

Վարչապետ Փաշինյանի խորհրդարանական ելույթի զգայական, նաեւ օրակարգային շեշտադրումները հուշում են, որ Հայաստանի Հանրապետությանը նետված է լայն մարտահրավեր, քան զուտ ադրբեջանական քաղաքականությունն ու ռազմուժը: Հայաստանի վարչապետը ժողովրդին հղած ուղերձում էլ նշել էր, որ Ադրբեջանի գործողությունները խրախուսում է Թուրքիան:

Թուրքիան դա չի էլ թաքցնում: Մի քանի շաբաթ առաջ Անկարայի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ իրենք հակամարտության կողմ են: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն այսօր իրավիճակը քննարկել է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ: Անկասկած է, որ Թուրքիայի ներգրավվածության բուն շարժառիթը Ռուսաստանն է: Մոսկվան չի գնա Ադրբեջանի հետ կոշտ հռետորաբանության, բայց փոխարենը անցնող ամիսներին ինտենսիվ սպառազինություն է մատակարարել Հայաստան, ինչը հարուցել էր Բաքվի դժգոհությունը:

Հայ-ադրբեջանական շփման գծում բախվել են ոչ միայն հայ-ադրբեջանական, այլ լայն իմաստով ռեգիոնալ ռազմա-քաղաքական շահեր եւ աշխարհակարգային խնդիրներ: Ամբողջ հարցն այն է, թե ու՞մ հաշվին են լուծվելու դրանք՝ Հայաստանի՞, թե Ադրբեջանի: Ընդ որում պետք է դիտարկել նաեւ, որ հաշվից դուրս չէ նաեւ Վրաստանը, որի համար թուրքական քաղաքականությունը՝ ադրբեջանական գործիքը ձեռքին, պակաս վտանգավոր չէ, քան Հայաստանի համար:

100 տարի առաջ ռեգիոնալ հարցերը լուծվեցին հայկական շահերի ու անվտանգության հաշվին: 100 տարի անց իրավիճակը դաձյալ հանգել է նույն կետին: Դա իսկապես չափազանց լուրջ, վճռորոշ ու հանգուցային մարտահրավեր է հայկական պետականությանն ու հայ ժողովրդին՝ ինչպիսին է լինելու առնվազն գալիք հարյուրամյակը, ուժերի ինչ հարաբերակցությամբ եւ ռազմա-քաղաքական ինչ բալանսով:

Հայաստանի ինքնուրույն դիմադրունակությունն է նաեւ զգալիորեն կանխորոշելու այդ հարցում ուժային կենտրոնների վարքագիծը, սկսած Ռուսաստանից, մինչեւ Միացյալ Նահանգներ, որոնք գործնականում միակ տերությունն են, որ ունեն Թուրքիայի քաղաքական զսպման կարողություն:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •