Նիկոլ Փաշինյանն, այդուհանդերձ, ԲՀԿ-ին փորձում է դարձնել ընդդիմության անվիճելի առաջատա՞ր, թե՞ ստիպում է Գագիկ Ծառուկյանին բաց խաղալ այն համակարգի կազմում, որի կազմում էլ ձևավորվել կամ ծնվել է որպես քաղաքական գործոն 2006 թվականին:

Փաշինյան-Ծառուկյան կոշտ հռետորաբանությունը, ընդգծում է այդ հարցը: Որովհետև հնարավոր է իրավիճակը դիտարկել թե՛ մեկ, թե՛ մյուս ռակուրսից: Մեծ հավանականությամբ, իրադարձությունը կարող է զարգանալ երկրորդ սցենարով, համենայնդեպս դրա երկարաժամկետ դիտարկման պարագայում: Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործոնը աստիճանաբար դառնալու է խնդիր Նիկոլ Փաշինյանի համար, բազմաշերտ խնդիր: Այդ գործոնն ամբողջությամբ հիմնված է ֆինանսատնտեսական կարողության և ֆունկցիաների վրա:

Ըստ այդմ, եթե դրանով լուծվելու են հարցեր, այդ թվում՝ մասնավորապես այլ ուժերի, այլ մրցակիցների կամ հակառակորդների չեզոքացման հարց, ապա դրանք պետք է լուծվեն քաղաքականություն-փող ակնառու սերտաճման հաշվին: Դա էլ իր հերթին նշանակում է, որ այդ երևույթի պատասխանատվությունն ընկնելու է Նիկոլ Փաշինյանի վրա: Որովհետև նա կա՛մ պետք է կանխի փողով քաղաքական գործոնի դրսևորման հնարավորությունը, կա՛մ դառնա դրա հովանավոր: Իսկ հանրությունը նկատելու և արձանագրելու է այդ հանգամանքը՝ դրանից բխող գնահատականով:

Այլ կերպ ասած, եթե ակնկալվի Ծառուկյանով ուժեղանալ այլ մրցակիցների համեմատ, ապա դա բերելու է հանրության վերաբերմունքի և վստահության առումով թուլացման, ինչը ավելի երկար ժամկետում թուլացնելու է նաև մրցակից կամ հակառակորդ քաղաքական ուժերի համեմատ: Ըստ այդմ, երկարաժամկետ իմաստով, ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի համար ավելի շուտ խնդիր է, լուրջ խնդիր, քան հնարավորություն:
Ի՞նչ վիճակ է կարճաժամկետ հեռանկարում: Առերևույթ, իհարկե, ցանկալի է ունենալ խոշոր գործարար կամ սեփականատեր ընդդիմադիր, որը խոցելի է: Բայց այդ կարճաժամկետ էֆեկտը Փաշինյանին կարող է անհրաժեշտ լինել այն դեպքում, երբ նա մյուս մրցակից կամ հակառակորդ ուժերից ունի կարճաժամկետ ռիսկեր, վտանգներ: Ունի՞ Փաշինյանն այդպիսի ռիսկեր: Նրա հանրային վստահությունը թերևս շարունակում է լինել այն մակարդակին, որն ապահովագրում է կարճաժամկետ ռիսկերից, առավել ևս, երբ հակառակորդ կամ մրցակից ուժերը նախկին իշխող համակարգից են:

Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական առումով չունի Ծառուկյանի կարճաժամկետ անհրաժեշտություն: Հետևաբար՝ դրված է երկարաժամկետ ռազմավարական խնդիր՝ Գագիկ Ծառուկյանին քայլ առ քայլ մղել այն համակարգ, որտեղից սերվել է: Ծառուկյանը ամեն կերպ խուսանավում է, թե կապ է պահել այդ համակարգի, մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որի քաղաքական նախագիծն էր ԲՀԿ-ն, խոշոր հաշվով: Բայց այստեղ հաշվարկի հիմքում կարող է և չլինել այդ հավաստիացումների հանդեպ կասկածը կամ հակառակը՝ հստակ տեղեկությունը, որ իրականում կապ կա, և ԲՀԿ-ն ընդամենը Ռոբերտ Քոչարյանի քաղաքական մարտավարության «անտեսանելի մարդն» է: Անկախ այդպիսի համոզում ունենալ-չունենալուց, Փաշինյանի համար նախընտրելի է, որպեսզի ԲՀԿ-ն իր բնույթով, կամ, ավելի շուտ՝ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործոնն իր բնույթով մղվի արդիական քաղաքական գործընթացներից դուրս: Այստեղ խնդիրը ամենևին արժեքային տիրույթում չէ, այլ պրակտիկ քաղաքական շահի: Այդ բնույթով գործոնը վարչապետ Փաշինյանի համար ոչ միայն պարունակում է այն երկարաժամկետ ռիսկը՝ պատասխանատվության առումով, որի մասին խոսեցինք ավելի վերևում, այլ նաև ռիսկը, որ, ըստ էության, ապաքաղաքական ԲՀԿ-ն կարող է դառնալ այլ քաղաքական ուժերի քաղաքական «պարտիզանության» համար որոշակի «լանդշաֆտային ծածկույթ»:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •