Սեպտեմբերի 23-ին դատարանը քննելու է Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը: Նախորդ անգամ հարցը քննվեց մի քանի օր, հետո կայացվեց չկալանավորելու որոշում, սակայն դատախազությունը բողոքարկեց այն Վերաքննիչ և դրանից հետո գործը դարձյալ վերադարձվեց ԸԻ դատարանի քննության:

Այդ ընթացքում «Հայրենիք», ՀՅԴ և ԲՀԿ կուսակցական եռյակը հայտարարել է հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք անցկացնելու մասին: Փաստացի, հավաքից առաջ կարող է կալանավորվել Գագիկ Ծառուկյանը: Մինչ այդ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի բավականին կոշտ արտահայտությամբ սրեց Ծառուկյանի հետ հարաբերությունը, իսկ այդ ֆոնին էլ հրապարակվեց Հայաստանում ռուսական ազդեցության մեխանիզմների մասին հայտնի «Դոսյեն», որտեղ շոշափվում էր Ծառուկյանի անունն ու անգամ անձնագրի պատճենը: ԲՀԿ հանդեպ կոշտ քայլերը Նիկոլ Փաշինյանի տագնապի՞, թե՞ հակառակը՝ ԲՀԿ-ին ընդդիմության պատվանդանի ամենաբարձր տեղում տեսնելու ցանկության դրսևորում են:

Մեծ է հավանականությունը, որ կա երկու հանգամանքն էլ՝ Փաշինյանը չի տագնապում Ծառուկյանից, սակայն մյուս կողմից, «պրոֆիլակտիկ» անհրաժեշտությամբ փորձում է նրան պահել կառավարելիության հստակ շրջանակում:

Մյուս կողմից, այդ խնդրի լուծման պարագայում ԲՀԿ-ն է այն ուժը, որն ամենից նպատակահարմարը կարող է լինել ընդդիմության պատվանդանի ամենաբարձր դիրքում: Թեև Նիկոլ Փաշինյանի համար ավելի լայն առումով խնդիրը ներկայումս ընդդիմության պատվանդանի հարցը լուծելը չէ, այլ դրան հավակնող ուժերի միջև մրցակցության կրակը թեժ պահելը՝ մի կողմից թույլ չտալով որևէ էական միավորման գործողություն, որը կարող է առաջացնել չպլանավորված կամ չկանխատեսված խնդիրներ, մյուս կողմից թույլ չտալ, որպեսզի որևէ ուժ հասնի մնացյալի հանդեպ այնպիսի առավելության, որը կբերի ընդդիմադիր դաշտում, այսպես ասած, «դիսբալանսի»:

Փաշինյանին առայժմ հաջողվում է ապահովել դա, ձևավորելով կամ նպաստելով առնվազն երեք ուժեղ բևեռների ձևավորման: Ընդ որում, դա միայն նախկին համակարգի շրջանակում՝ Ռոբերտ Քոչարյան, ԲՀԿ-ՀՅԴ-«Հայրենիք», և Սերժ Սարգսյան: Այդ երեք բևեռները ոչ միայն զգալիորեն տարբեր են և բազմաշերտ՝ Նիկոլ Փաշինյանի համար միավորման առարկայական ռիսկ առաջացնելու համար, այլ նաև տարբեր են իրենց շահերով և շարժառիթային «բազայով»: Ներկայիս փուլում նկատելի է այդ իմաստով Ծառուկյանին ուժեղացնելու միտումը, ինչը, թերևս, հիմք է տալիս եզրակացնելու, որ Փաշինյանը նկատել է նրա դիրքերի որոշակի նվազում նախկին համակարգի երեք բևեռների ուժերի հարաբերակցության համատեքստում: Այդ երեք բևեռները հանրագումարում օգնում են վարչապետ Փաշինյանին հավասարակշռել քաղաքական դաշտի այլ հատվածներում ձևավորվող տրամադրություններն ու հնարավոր սցենարները, որոնք առնչվում են նախկին համակարգի հանդեպ առավել արմատական քայլերի պահանջներին:

Այն, որ Նիկոլ Փաշինյանի համար այդ դաշտում առկա են որոշակի խնդիրներ, վկայեց նրա վերջին ֆեյսբուքյան գրառումը, որը ծավալուն անդրադարձ էր մի կողմից իր քաղաքական մտածողությանն ու ռազմավարությանը, մյուս կողմից՝ Հայաստանում տարիներով ձևավորված հանրային մտածողությանն ու նաև այդ մտածողությունը գեներացնող ուժերին: Ինքնին այդ խնդիրը Փաշինյանի համար ևս մարտահրավեր չէ, սակայն մյուս կողմից կարող է ստեղծել այսպես ասած՝ «աքցանի էֆեկտ»՝ նախկին համակարգի հետ համադրությամբ: Այդ էֆեկտը կստացվի, եթե վարչապետ Փաշինյանի մոտ չստացվի ձևավորել այսպես ասած՝ նժարի էֆեկտը, ապահովելով կառավարելի բալանս նախկին համակարգի շրջանակում, միաժամանակ դրանով իսկ կառավարելի բալանս ստեղծելով այն ուժերի հանդեպ, որոնք կառավարող մեծամասնության հանդեպ մթնոլորտային ճնշումը փորձում են արմատական տրամադրությամբ գեներացնել հեղափոխության անունից:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •