Gagik Tsarukyan

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունը։ Ծառուկյանը ժամանել է դատարան։

Դատարանի շենքի դիմաց հավաքվել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, ինչպես նաև աջակիցները։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, հունիսի 21-ին մերժել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս որոշումը Վերաքննիչ դատարանը բեկանել է և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Նիստից առաջ՝ լրագրողների հարցին, թե ինչպես է իր տրամադրությունը, Ծառուկյանը պատասխանեց. «Շատ լավ, շատ բարձր, Ծառուկյանին ի՞նչ է եղել, որ տրամադրություն չունենա»:

Ծառուկյանը նշեց, որ տերն է այն ամենի, ինչ ասել է մինչ այս. «Եթե մարդը խոսում է իր երկրի համար, իր ժողովրդի համար, իրավիճակի համար, էսօր սոցիալական, տնտեսական, քաղաքական վիճակը այնպես ծանր է, որ տենց երբեք չի եղել, ես հունիսի 5-ին ասել եմ, որ այս վիճակից պետք է դուրս գալ, իրոք, ժողովրդի վիճակը շատ ծանր է, դուք տեսնում եք՝ այսօր ամբողջ աշխարհում մի պետություն չկա, որ աջակից լինի Հայաստանին, ես ասում եմ՝ ուղղեն, կարգավորեն, թե չէ ավելի վատ է լինելու, հունիսից մինչեւ հիմա նայելով՝ ավելի լավ չի կարող լինել այս մոտեցմամբ,կառավարության այս հիմնական կազմով»:

Ըստ Ծառուկյանի՝ կառավարությունը անփորձ է եւ չի տիրապետում աշխատանքի ոլորտներին. «Ասել եմ, ասում եմ՝ մարդիկ անփորձ են, այսօր պատմաբանին չես կարող տանել տնտեսության ղեկավար, հիմնական խնդիրը սա է եղել, իսկ եթե այսօր Ծառուկյանին ձերբակալելով՝ ժողովրդի վիճակը կլավանա՝ աշխատավարձը կբարձրանա, հարկային պարտավորությունները կպակասեն, ուսման վարձը կպակասի, ներդրումները շատ կլինեն, հարց չկա, ես ինչ որ ասել եմ, իմ սկզբունքին եմ, ավելի համոզված, դեռ քիչ եմ ասել»,- ասաց նա:

Լրագրողների մյուս հարցերին ԲՀԿ ղեկավարը չպատասխանեց. «Ամեն ինչ ցույց կտա դատական պրոցեսը»,- ասաց նա եւ աջակիցների ծափողջյունների ներքո մտավ դատարանի շենք:

Հիշեցնենք` նախորդ նիստը հետաձգվել էր Ծառուկյանի եւ նրա պաշտպանների բացակայության պատճառով. ԲԴԽ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին եւ 18-ին դատավորի աշխատակազմը էլեկտրոնային փոստով ծանուցում է ուղարկել ինչպես պաշտպաններին, այնպես էլ Ծառուկյանի պատգամավորական պաշտոնական էլեկտրոնային հասցեին, դրանից բացի հեռախոսային կապի միջոցով հավելյալ տեղեկացրել է նիստի օրի, ժամի մասին, ինչպես նաև վայբեր ծրագրի միջոցով փոխանցել է տեղեկատվությունը, որով ուղարկված տեղեկատվության ստանալը ծրագիրը հաստատել է: Ըստ ԲԴԽ-ի` աշխատակազմը նաեւ սեպտեմբերի 22-ին է պաշտպանների հետ հեռախոսազրույցի ընթացքում հիշեցրել նիստի մասին:

Պաշտպանները, սակայն, հերքում են այս տեղեկությունը. նրանք դրա վերաբերյալ հաղորդագրություն էին տարածել` ասելով, որ պատշաճ ծանուցված չեն եղել։

Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալու համար: Նա առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •