Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ կարճ զրույց ունեցավ իր աջակիցների հետ՝ շնորհակալություն հայտնելով ամեն շաբաթ դատարան գալու եւ նիստի ընթացքում իրեն աջակցելու համար.

«Եկել եմ՝ ձեզ շնորհակալություն հայտնելու, դա ե՛ւ ուժ է հաղորդում, ե՛ւ տոկունություն, ե՛ւ ամեն ինչ, բայց նաեւ պետք է ասեմ, որ այս անիմաստ դատը բավականանին երկար է տեւելու, իմ օրացույցով երեքշաբթի օրը գոյություն չունի, ջնջված է, որովհետեւ անիմաստ օր է, եւ չեմ ուզում՝ նույնը ձեր օրացույցում լինի»,- ասաց նա՝ խնդրելով աջակիցներին գնալ տուն. «Ես կխնդրեմ արեւի տակ չկանգնել, գնալ տուն, այս անիմաստ դատը մտել է «ռուծինայի» մեջ, այսպես երկար է տեւելու, եւ ուղղակի խնդրում եմ՝ ձեր երեքշաբթի օրը մի ջնջեք ձեր օրացույցից, զբաղվեք ավելի կարեւոր գործերով»:

Քոչարյանի խնդրանքին արձագանքելով՝ աջակիցները նշեցին, որ նրա համար, մեկ է, պատրաստ են գալ դատարան, որից հետո ծափերով նրան ուղեկցեցին դատարանի շենք. «Լավ եղեք, բոլորիդ առողջություն»,- ասաց նա եւ հեռացավ՝ առաջին անգամ դատարան մուտք գործելով շենքի հիմնական մուտքից. սովորաբար նա շենք է մտնում ծառայողական մուտքից:

Այդ ընթացքում լրագրողների հարցերին Քոչարյանը չպատասխանեց:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •