Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից վերսկսում է թռիչքները ԵԱՏՄ երկրներից Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի հետ։ Ռուսական ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում։ 

Նշվում է, որ նիստի ընթացքում որոշում է կայացվել փոխադարձության հիմքով վերսկսել միջազգային ավիահաղորդակցությունը Ղազախստանի (քաղաք՝ Նուր Սուլթան), Ղրղըզստանի (Բիշքեկ) և Բելառուսի (Մինսկ) հետ։ Չվերթներն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ։

ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է մնում, որի հետ ՌԴ-ն դեռ սահմանները չի բացում։ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողներին ասել էր, որ նման հարցերը, բնականաբար, քննարկվում են և՛ երկկողմ մակարդակում, և՛ ԵԱՏՄ շրջանակում:

Տեղեկություններ կան, որ Ռուսաստանը Հայաստանում սոցիալական դժգոհության ալիքը ուժեղացնելու համար կարող է չբացել սահմանները ևս մեկ տարի։ Հակառակ պարագայում ԵԱՏՄ երկրների ցանկում Հայաստանը ևս ներառված կլիներ։

Քաղավիացիայի կոմիտեի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչո՞ւ ՌԴ-ն չի հայտարարում դեպի Հայաստան կանոնավոր չվերթների վերսկսման մասին, կամ արդյոք դա ՀՀ-ում ներքին դժգոհություն հրահրելու համա՞ր է արվում։ «Ես չեմ կարող հստակ ասել, քանի որ ռուսական «Աերոֆլոտ» ընկերությունը հայտարարել է կանոնավոր չվերթների մասին։ Սեպտեմբերի 25-ից «Աերոֆլոտ» ընկերությունը հայտարարեց, որ վերսկսում է «Մոսկվա-Երևան» կանոնավոր չվերթները։ Հետո ես կարդացի, որ Ռուսաստանը վերսկսում է կանոնավոր չվերթները ԵԱՏՄ անդամ երկրների հետ, որի մեջ Հայաստանը չկա։ Հիմա ես չգիտեմ՝ ո՞ւմ հավատամ՝ «Աերոֆլոտ»-ի՞ն, թե՞ ռուսական կայքերին։ Չգիտեմ, իսկապես չեմ կարող ասել, թե ինչու ՌԴ-ն չի բացում սահմանները Հայաստանի հետ։ Գուցե քաղաքական հարցեր կան,  գուցե արհամարհում են, չգիտեմ, չեմ կարող ասել»,-  նշեց Շահեն Պետրոսյանը։

 Քաղաքագետ Լևոն Շիրինյանը մեզ հետ զրույցում Ռուսաստանի այս քաղաքականությունը համարեց փափուկ ուժի կոշտ կիրառություն Հայաստանի նկատմամբ։  ««Դոսյե» կենտրոնի բացահայտման մեջ ասվում է, որ Նիկոլին հեռացնելու կամ վնասելու համար օգտագործվել են միջոցներ, որոնք արդյունք չեն տվել։ Դրա համար կոպիտ միջոցներ են հարկավոր։ Սա դիտարկեք այդ կոպիտ միջոցների շարքում։ Ռուսաստանը բարեկամ պետություն մի դիտեք՝ ո՛չ խաղաղության, ո՛չ պատերազմի ժամանակ։ Այդքան լրտես որ երկրում լինի, ո՞ր հեղափոխությունը կհաջողի»,- տեսակետ հայտնեց Լևոն Շիրինյանը։

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը պետք է փոխի գիտակցությունը, կենտրոնանա իր երկրի պետականաշինության վրա, վերակազմակերպի երկիրը, ռուսական ազդեցությունը ժամանակի ընթացքում թուլացնի։ «Ռուսական դպրոցները պետք է փակվեն։ Այդ դպրոցներում լրտեսներ են պատրաստում։ Տևական, դժվարին, բայց փրկություն տանող միակ ճանապարհը սա է։ Հայաստանը պետք է լրտեսաթափ լինի։ Տնտեսությունը պետք է լինի ինքնաբավ։ Մանկուց մարդկանց գիտակցության մեջ մշակում են, որ Ռուսաստանը բարեկամ պետություն է։  Ռուսաստանը չի եղել ու չի լինի բարեկամ պետություն, քանի դեռ կա թուրքական գործոնը։ Իրենք թուրքերին են բարեկամ»,- համոզված է քաղաքագետը։

Այս իրավիճակում, Շիրինյանը վստահ է, կառավարությունը ինչ-որ քայլեր կձեռնարկի, բայց նման երևույթները իրենց տարբեր դրսևորումներով շարունակական են լինելու։ «Հնարավոր է հետագայում էլ հայկական ապրանքներում կորոնավիրուս հայտնաբերեն և արգելեն։ Նման բաներ միշտ լինելու են։ Միայն այս դեպքը չէ։ Վարչապետը պետք է պաշտպանվի մեր կողմից։ Հայկական լոբբիստական կառույցները պետք է օրուգիշեր աշխատեն։ Պետությունը պետք է հզորանա։ Այլ տարբերակ չկա»,- ասաց Լևոն Շիրինյանը։

 ՀՀ քաղավիացիայի կոմիտեից փոխանցեցին, որ դեռևս 2020 թվականի  փետրվար-մարտ ամիսներին դեպի Հայաստան և Հայաստանից չվերթներ իրականացնող ավիաընկերություններին IATA ամառային նավիգացիոն ժամանակաշրջանի համար (մարտի վերջին կիրակի օրվանից մինչև հոկտեմբերի վերջին շաբաթ օրը)  տրամադրված կանոնավոր չվերթների թույլտվությունների ժամանակավոր կասեցումը հանվել է։ Ըստ այդմ՝ ավիաընկերությունները կարող են իրականացնել չվերթները համաձայն ստացված թույլտվությունների, այդ թվում՝ ռուսական ավիաընկերությունները։

Կոմիտեի տեղեկացմամբ՝  հետևյալ ավիաընկերությունները սեպտեմբերի 12-ի դրությամբ արդեն վերականգնել են իրենց կանոնավոր չվերթները.

«Արմենիա Էյրվեյզ»՝  շաբաթական  3 չվերթ – 2-րդ, 5-րդ և 7-րդ օրերին, Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ

«Աերոֆլոտ» (Ռուսաստան)՝ շաբաթական  2 չվերթ  – 4-րդ և 6-րդ օրերին, Մոսկվա-Երևան-Մոսկվա ուղղությամբ (ըստ ավիաընկրերության ներկայացուցչի՝ ս.թ. սեպտեմբերի 26-ից ավիաընկերությունը կավելացնի չվերթների քանակը)

«Էյր Ֆրանս» (Ֆրանսիա)՝  շաբաթական  3 չվերթ – 2/3-րդ, 5/6-րդ և 7/1-ին օրերին, Փարիզ-Երևան- Փարիզ ուղղությամբ

«Էյր Կաիրո» (Եգիպտոս)՝ շաբաթական 2 չվերթ –  4-րդ  և 7-րդ օրերին, Շարմ Էլ Շեյխ-Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղղությամբ

«Ավստրիական Ավիաուղիներ» (Ավստրիա)՝

շաբաթական 3 չվերթ –  1-ին, 3-րդ և 6-րդ օրերին, Վիեննա-Երևան-Վիեննա ուղղությամբ

«Բելավիա» (Բելառուս)՝  շաբաթական 7 չվերթ -ամեն օր,  Մինսկ-Երևան-Մինսկ ուղղությամբ

«Ֆլայ Դուբայ» (ԱՄԵ)՝ շաբաթական 4 չվերթ  – 1-ին, 3-րդ, 5-րդ և 7-րդ օրերին, Դուբայ-Երևան-Դուբայ ուղղությամբ

«Միդլ Իսթ Էյրլայնզ» (Լիբանան)՝ շաբաթական  2

չվերթ – 2-րդ և 6-րդ օրերին, Բեյրութ-Երևան-Բեյրութ ուղղությամբ

«Քաթար» (Քաթար)՝  շաբաթական 5 չվերթ – 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ օրերին, Դոհա-Երևան-Դոհա ուղղությամբ

«Սիբիր» (Ռուսաստան)՝ շաբաթական 3 չվերթ – 2-րդ, 4-րդ և 6-րդ օրերին, Մոսկվա-Երևան-Մոսկվա ուղղությամբ

«Սկայափ Էյրլայնզ» (Ուկրաինա)՝ շաբաթական 2

չվերթ – 1-ին, 5-րդ  օրերին, Կիև-Երևան-Կիև ուղղությամբ

«Ուկրաինական Միջազգային Ավիաուղիներ»՝

(Ուկրաինա) շաբաթական  3 չվերթ – 1/2-րդ, 5/6-րդ և 6/7-րդ օրերին, Կիև-Երևան-Կիև ուղղությամբ:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •