Որոշ մարդկանցով լուրջ քաղաքականությամբ չենք զբաղվում: Ակումբ ենք ստեղծել, հավաքվում ենք, քննարկում ենք և փորձում ենք քաղաքականությունից հեռու չմնալ: Այս մասին Առաջին լրատվականաի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ նախկին անդամ Լեռնիկ Ալեքսանյանը:

ՀՀԿ-ն չի կարող ընդդիմադիր դառնալ այս կազմով: Այ, եթե ՀՀԿ-ն իր ներսում ներքաղաքական կյանքը վերափոխեր, եթե ՀՀԿ ղեկավարը հայտարարում էր, որ ինքը սխալվել է, այդ հայտարարելը արտահայտվեր նաև գործով, համագումար աներ, ղեկավար կազմը փոխվեր, օլիգարխներից ազատվեր, այսինքն՝ եթե վերակառուցվեր Հանրապետականը՝ սկսած մարդկանցով, վերջացրած վարած քաղաքականությամբ, այդ դեպքում կարող էր լինել ընդդիմություն: Բայց այս կազմով և այս գործունեությամբ ՀՀԿ-ն ուղղակի չի կարող լինել ընդդիմադիր: Իշխանություններին քննադատելը դեռևս ընդդիմադիր լինել չէ:

Ինչ վերաբերում է երեք ուժերին, ապա առանձին-առանձին վերցրած այդ ուժերը կարող են ավելի շատ գործ անել, քան երեքը միասին: Որովհետև ամեն մեկն առանձին ունեն և՛ դրական, և՛ բացասական կողմեր, իսկ երեքը միասին վերցրած ավելի խոցելի են: Նրանց այս դեպքում ավելի հեշտ է քննադատել, որովհետև ամեն մեկի սխալները գումարվում են իրար ու ավելի խոցելի են դառնում: Ասենք, եթե Վանեցյանը չմիանար մյուս երկուսին, նա կարող էր ներկայանալ որպես նոր կուսակցություն, որը կհետաքրքրեր ժողովրդին: Բայց միանալով այդ ուժերին, այդ ուժերի բացասական վարկանիշը դառնում է նաև «Հայրենիքինը»: Նույն բանը կարելի է ասել նաև ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի մասին:

Դուք ցանկություն կունենայի՞ք գնալ իրենց հանրահավաքին. Ես այդ հանրահավաքին գնալու իմաստը չեմ տեսնում: Եթե կառավարության հրաժարականն են պահանջում, դա ուրիշ խնդիր է, եթե իմաստն այն է, որ այս-այս բաները չի արվել, դա էլ ուրիշ խնդիր է: Հանրահավաքը անում են այն ժամանակ, երբ գիտեն, որ ընտրազանգվածը գալու է և հետագա գործողությունների համար ժողովրդի վերաբերմունքն են ակնկալում: Գուցե հանրահավաքի ժամանակ ստուգում են ժողովրդի մեջ ունեցած իրենց վստահության աստիճանը: Գուցե նպատակը դա է, բայց իրենք այդպես չեն հայտարարում: Այսօր կառավարությանը քննադատելու բազմաթիվ տեղեր կան, բայց նրանք կարող են դա անել ոչ թե հանրահավաքով, ոչ թե ֆեյքերով, այլ կոնկրետ գործելով:

Ես այդ կուսակցությունների մեջ չեմ տեսնում մեկին, որը լուրջ քաղաքական հենք ունի: Ամենալուրջ գաղափարական հենքը ՀՅԴ-ն ունի, որը էլի ժամանակի ընթացքում մաշեցրել է այդ հենքը: Այն, ինչ կառավարությունն այսօր ասում է, գուցե լավ չի կարողանում անել, բայց կոռուպցիայի դեմ պայքար ծավալում է: Իրենք պետք է ապացուցեն, որ կառավարության ասածները չեն արվում կամ չեն կարողանում անել: Իսկ դրա համար ոչ թե պետք է հանրահավաք անել, այլ հիմքեր են պետք, լուրջ քաղաքական գործունեություն է պետք, առանձին ճյուղերով վերլուծություններ են պետք, մարդկանց հետ խոսել է պետք: Դա էլ են անում, բայց հանրահավաքը չէ, որ պետք է լուծի այդ խնդիրը:

ՀՀԿ-ն դեռևս որևէ շանս չունի՞՝ որպես ընդդիմություն կայանալու. – Կարող եմ վստահորեն ասել, որ ՀՀԿ-ն շանս կունենա այն ժամանակ, երբ ներկուսակցական կյանքը փոխի և լուրջ փոփոխությունների գնա: ՀՀԿ-ի ներքին կյանքը հիմա չկա: Ժամանակին եղել են տեղերում կուսակցական կազմակերպություններ, անդամներ, հիմա դրանք չկան: Վերնախավը մի քանի հոգով քաղաքականություն է մշակում, կուսակցականների հետ կապը չկա: ՀՀԿ-ն շանս կունենա, եթե իր ներքաղաքական կյանքում լուրջ փոփոխություններ անի:

Ինչպե՞ս եք գնահատում «Դոսյե» կենտրոնի զեկույցի հրապարակումը, որտեղ Վանեցյանի ու Ծառուկյանի անունները ևս շոշափվում են. – Այդ կեղծ կուսակցականությունը, կեղծ սև-սպիտակը որևէ լավ բանի չի բերի երկու կողմերից էլ: Ես կարծում եմ, որ այդ գույները շատ ավելի շատ են, ՀՀԿ-ի մեջ կան շատ կարգին, նորմալ մարդիկ, որոնք ժամանակին աշխատել են, նվիրվել են, հետո դուրս են մնացել: Նաև ՀՀՇ-ի մեջ են եղել շատ կարգին մարդիկ, որոնք լուսանցքից դուրս են մնացել: Հիմա խնդիրն այն է, որ այդ առողջ ուժերը, որ միշտ եղել են, որոնք շատ ավելի խոցելի են այն իմաստով, որ օլիգարխիկ ուժերն ավելի հեշտ ու արագ են միավորվում, որովհետև ավարի խնդիր կա, իսկ մնացածները, որոնք գաղափարական են, նրանք ավելի ուշ են միավորվում: Այդ խնդիրը եղել է նաև ՀՀՇ-ի ժամանակ, երբ շարժումը դարձրին նեղ կուսակցական ուժ: Այդ նույն սխալը կրկնվեց այս իշխանության ժամանակ: Վարչապետն արդեն ընտրվել էր, ինքն ու իր թիմը շատ լուրջ իմիջ ունեին, պետք է առողջ ուժերին՝ անկախ կուսակցականությունից, հավաքեին իրենց շուրջը, բայց էլի դարձրին նեղ կուսակցական: Գուցե դրան նպաստեց նաև ընդդիմությունը, որը ևս իր կողմից սև-սպիտակի հարց դրեց: Համենայնդեպս, այս խառը իրավիճակում այդ առողջ ուժերը պետք է փորձեն միավորվել, որովհետև մեզ մոտ չկա այդ կուսակցականությունը: Այսօր չկան գաղափարի վրա հենված կուսակցություններ: Կան մարդ-կուսակցություններ, փողով կուսակցություններ, կան քաղաքական դաշտը գրավելու, իշխանության գալու, դրա համար միավորվելու քայլեր, իսկ դրանք արդյունք չեն տվել ու չեն տա: Իրական կուսակցականությունը պետք է գաղափարի վրա հենված լինի, ժողովրդի ինչ-որ շահերի պաշտպանը պետք է դառնա: Հիմա աջ ու ձախ չկա, մեկ էլ տեսնում ես՝ ամենաձախերը աջերի հետ դաշինք են կնքել: Հայաստանում քաղաքական դաշտը ավերված է:Ժողովուրդն այսօր բավարարված չի ո՛չ իշխանությունից, ո՛չ էլ ընդդիմությունից: Ընդդիմությանը տանել չի կարողանում, նոր իշխանություններից էլ դժգոհ է, բավարարված չէ, որովհետև իր խոստումները չի կատարում: Այո՛, այսօր կա իշխանությունների նկատմամբ վստահության նվազում: Դրան նաև շատ նպաստում են այդ ֆեյքերը: Այստեղ կարևոր է նաև մամուլի դերը: Այսօր ճշմարիտ խոսքը կորում է ստի մեջ: Թացը չորի հետ, հայհոյանքի հետ վառվում է:

Ժամանակի հետ դաշտը զուլալվելու է և երևալու է, թե ով՝ ով է: Հիմա մի ժամանակաշրջան է, երբ հեղեղի նման ջուրը պղտորվել է, ձուկ որսացողները շատացել են: Հիմա ով ում ասես՝ կարող է վարկաբեկել, ու ժողովուրդը կարող է դրան հավատալ:

Այսօր ընդդիմությունն ի՞նչ է ուզում, ուզում է իշխանությա՞ն գալ, թե՞ ուղղակի քննադատում է իշխանություններին: Ոչ ոք այսօր չի ասում, որ ուզում եմ իշխանության գալ, որևէ մեկը լուրջ ծրագիր չունի: Նրանք չեն ասում՝ իշխանությունը ծրագիր չունի, ասում են՝ իշխանությունն իր ասածները չի անում: Նրանք չեն ասում, որ կոռուպցիայի դեմ պայքարը սխալ է, ասում են՝ իշխանությունն իր խոստացածը չի անում: Իշխանությունն էլ կարող է պատասխանել՝ ձեզ ի՞նչ, դուք ժամանակին ձեր խոստացածն անո՞ւմ էիք: Ես կարծում եմ, որ լուրջ ընդդիմությունը կծնվի հենց այսօրվա իշխանական համակարգից: Այսինքն՝ այն մարդիկ, որոնք փորձել են այս հեղափոխությունն անել, իրենց ընկերները, իրենց կողքի մարդիկ են իրավունք ունենալու ասել՝ Նիկոլ Փաշինյան, մենք գնացինք, հեղափոխություն արեցինք, ու դուք էսօր դա չեք անում: Իրենք այդ բարոյական իրավունքն ունեն: Լուրջ ընդդիմություն կարող են դառնալ այն մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ իշխանափոխություն են արել և իրավունք ունեն ասելու՝ էս բանը միասին որոշել ենք, որ անենք, դու չես արել, դու գնա, մենք անենք: Նախկինները դրա իրավունքը չունեն, որովհետև իրենք արդեն եղել են, չեն արել, ժողովուրդն իրենց մերժել է: Ինչպես ժամանակին Վազգեն Մանուկյանը դարձավ լուրջ ընդդիմադիր ուժ, բայց կոմունիստները չկարողացան: Ժողովուրդը կհավատա այն մարդուն, որը դրա բարոյական իրավունքն ունի ասելու:

Հիմա մարդիկ վեր են կենում, կոռուպցիան են քննադատում, այդ թվում՝ նախկին նախագահի փեսան: Ճիշտ բաներ էր ասում, բայց ինքը չէ, որ պետք է դրա մասին ասի: Կարող է ինքը չլիներ Սերժ Սարգսյանի փեսան, ասածը լավ ընդունվեր: Բայց եթե ինքը հրեշտակ էլ լինի, իր ասածը երբեք չի ընդունվի:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •