Georgia

«Այն, ինչ սպասվում էր՝ դա էլ տեղի ունեցավ։ Բոլոր այն մարդիկ, որոնք ուսումնասիրում են տարածաշրջանը՝ գիտեին, որ սա լինելու է»,- նման տեսակետ հայտնեց վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն՝ խոսելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ծավալվող պատերազմական գործողությունների մասին։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ սառեցված հակամարտություններ չեն լինում. «Իսկ ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական պատերազմին, ընդգծում եմ՝ պատերազմին, ապա, երբեմն, այն պակաս ինտենսիվություն է ունեցել, բայց ժամանակ առ ժամանակ սրվել է։ Կան մի շարք հանգամանքներ, որոնք բերեցին այս իրավիճակին։ Եվ այն, ինչ հիմա կա՝ վերջին տաս տարիների ու ամեն ինչի տրամաբանական ավարտն է»։

Գելա Վասաձեն նշեց՝ Թբիլիսիի համար սա ծայրաստիճան անցանկալի իրավիճակ է. «Մեզ համար շատ ռիսկեր են ստեղծվում, որից ամենակարևորը ողջ տարածաշրջանի ապակայունացումն է, ինչպես նաև Ռուսաստանի դերակատարության ամրապնդման հնարավորությունը։ Խոսել սպասվող սցենարների մասին՝ այժմ իրատեսական չէ, որովհետև կողմերը բնականաբար կփորձեն հասնել մաքսիմալ արդյունքների, բայց ինչպիսի սցենարներ էլ լինեն՝ դրանք տարածաշրջանի համար խիստ վտանգավոր են, որովհետև պատերազմական գործողությունները հետ են մղում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հեռանկարից։ Չնայած ես կասկածում եմ, որ երբևէ գոյություն է ունեցել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հեռանկար»։

Քաղաքագետի խոսքերով՝ հստակ է, որ Մոսկվան այս հակամարտության մեջ ոչ թե միջնորդ է, այլ կողմ. «Ամենասկզբից էլ Մոսկվան զբաղվել է հակամարտության մենեջմենթով։ Մոսկվայի շահերից է բխում, որ հակամարտությունն անվերջ շարունակվի, որպեսզի այն գործիք լինի ազդելու ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի վրա»։

Խոսելով 2016 թվականի Ապրիլյան պատերազմի և երեկվանից մեկնարկած պատերազմական գործողությունների մասին, Գելա Վասաձեն ասաց՝ սկզբունքային տարբերություններ չկան, երևի միայն մասշտաբները։ «Եթե շատերը խոսում էին այն մասին, որ ապրիլին մարտով հետախուզություն էր, ապա այժմ լայնամասշտաբ պատերազմ է։ Չնայած՝ մենք դեռ պետք է տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Հիմա ես դժվարանում եմ ասել, թե սրա հետևանքներն ավելի քի՞չ, թե՞ շատ ծանրության կլինեն»,- եզրափակեց նա։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •