Erdoghan Putin

Այստեղ ես ռազմական մասնագետ չեմ և դրա համար զերծ կմնամ մեկնաբանությունից, հայտարարել է Կրեմլի խոսնակ Պեսկովը՝ ի պատասխան ճեպազրույցի ընթացքում նրան ուղղված հարցի: Իսկ հարցը վերաբերել է այն հանգամանքին, թե արդյո՞ք Ռուսաստանը տեսնում է ռեգիոնում իր ռազմուժը մարտական պատրաստության բերելու անհրաժեշտություն:

Այլ կերպ ասած, Կրեմլն առկախ է թողնում հարցը, հղում անելով զինվորականներին, ինչը նշանակում է, որ Մոսկվայում հարցն առնվազն ներքին քննարկումների դաշտում է: Սա մի կողմից կարող է խոսել այն մասին, որ Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի ռազմական արկածախնդրության լարվածության և մասշտաբի ընդլայնման բավականին բարձր ռիսկ, ըստ այդմ՝ քննարկում դրան հակազդելու համար արդեն ռուսական ռազմուժի ներգրավման հանգամանքը: Մյուս կողմից, սակայն, Պեսկովի այդ հայտարարությունը գործնականում ազդակ է հենց այդ հնարավոր էսկալացիայի անթույլատրելիության մասին, երբ Մոսկվան արձանագրում է, որ չի բացառվում Ռուսաստանի անմիջական ներգրավումը: Այլ կերպ ասած, Մոսկվան ակնարկում է Բաքվին և, թերևս, Անկարային, որ պատրաստ է ընդհուպ այդ տարբերակին, եթե շարունակվի թուրքական ներգրավվածությունը ադրբեջանական կողմից:

Ակնառու է, որ Թուրքիայի ներգրավվածության թիրախը Ռուսաստանն է, առնվազն Հայաստանից ու Արցախից ոչ պակաս: Այդ իմաստով, Մոսկվայի առաջ հարց է՝ կամ տրվել թուրք-ադրբեջանական շանտաժին, կամ խոսել Անկարայի ու Բաքվի հետ ուժեղի դիրքից, սեփական պայմաններով: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանը ռազմական սադրանքի հարցում ունենան ակնհայտ ձախողումներ: Այդ խնդիրը հայկական բանակն այժմ լուծում է, իհարկե, առանց Ռուսաստանի, բայց տվյալ պարագայում Ռուսաստանի քաղաքական կանխարգելիչ ազդակները չեն լինի ամենևին անտեղի, հատկապես երբ դրանք ուղեկցվում են նաև Միացյալ Նահանգներից Թուրքիային ուղղվող զգուշացումներով՝ պետքարտուղարության հայտարարության թափանցիկ տողատակում:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •