ԲՀԿ-ին կհաջողվի՞ կազմակերպել բազմամարդ հանրահավաք, թե՞ ոչ: Այդ հարցը, ուղիղ թե անուղղակի, հնչում է հաճախ՝ այն բանից հետո, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ նախաձեռնելու է հանրահավաք կրթական բնագավառի ազգային բնույթի համար:

Մի կողմ թողնենք այն ասոցիացիաները, որ դրանից հետո անցկացրին համացանցային օգտատերերը ԲՀԿ նախագահ Ծառուկյանի և կրթության միջև: Դիտարկենք խնդրի զուտ քաղաքական գործառութային բաղադրիչը: ԲՀԿ նախագահը մեծ հանրահավաքի և դրա թեմայի հարցում փորձում է լուծել հիմնական երկու հարց: Մի կողմից, որպես ընդդիմադիր հավակնությամբ ուժ, այսպես ասած հետ չմնալ գործընթացից և հիշեցնել իր մասին, մյուս կողմից հետ չմնալ, այսպես ասած, տրենդից՝ «կրթական-ազգային» փաթեթից, որ դրվել է շրջանառության մեջ տարբեր խմբերի չբարձրաձայնված «կոնսենսուսով»: Թե ինչու է շրջանառության մեջ դրվել հենց դա, առավել քան պարզ է: Մյուս հնարավոր «հավակնորդը» Արցախի հարցն էր, սակայն այստեղ իշխանությունը «հիասթափեցրել» է և չի տվել առիթներ, որոնք իրենց հերթին թույլ կտային գեներացնել «հող հանձնելու» թեման:

Ավելին, այստեղ իրավիճակ է, երբ որոշ խմբեր, իհարկե, հնարավորինս անուղղակի, սակայն անգամ փորձում են այժմ էլ իշխանությանը մեղադրել «չափից դուրս կոշտ» քաղաքականության համար: «Կրթություն-ազգային» թեմատիկան այդ առումով երկրորդ և, թերևս, ավելի հուսալի ու երկարաժամկետ գործածության օրակարգային հարցն է, քանի որ միշտ հնարավոր է խաղալ դրանում «ազգային արժեքների» հանդեպ զգայական տիրույթում, որովհետև անկասկած է, որ որևէ ողջախոհ իշխանություն գնալու է կրթական ռեֆորմի, և այդ ռեֆորմի հիմքում չի կարող լինել այլ բան, քան տեխնոլոգիական անընդհատ հեղափոխություն ապրող աշխարհի պայմաններում արդիականացման խնդիրը: Ու, թեև դա չի լուծվում ազգայինի հաշվին, բայց ինքնին արդիականության գոյության կամ անգամ փորձի հանգամանքը միշտ հնարավոր է «հռչակել» ազգայինի թշնամի:

Այդպիսով ստացվում է քաղաքական «օրակարգի» բավականին շահեկան լուծույթ՝ այն իմաստով, որ հակառակ պարագայում հարկ կլինի զբաղվել լուրջ քաղաքականությամբ, օրակարգ բերել լուրջ հարցեր, որոնք ենթադրում են նաև լուրջ պատասխանատվություն: Բայց, քանի որ պատասխանատվությունը մշտապես եղել է հայաստանյան քաղաքական դասի «աքիլլեսյան գարշապարը», ավելի նախընտրելի է դառնում ձեռնածությունը փաթեթավորել քաղաքականությամբ և զբաղվել դրանով: Այդպիսով, ԲՀԿ նախագահը իր հերթին խուսափում է այլ օրակարգից կամ, այլ կերպ ասած՝ օրակարգի համար պատասխանատվությունից, մտնելով փաթեթի համար պատասխանատվության դաշտ: Այսինքն՝ նա ցույց է տալու, որ քաղաքական դաշտում ունի փաթեթավորման լավագույն ներուժը: Կասկած չկա, որ հենց ԲՀԿ նախագահը կկարողանա կազմակերպել առավելագույն բազմամարդ հանրահավաք այն ուժերի շրջանում, որոնք հավակնում են լինել ընդդիմություն: Գագիկ Ծառուկյանն այդպիսով փորձում է իրացնել իր, այսպես ասած, հարաբերական կամ համեմատական առավելությունը մնացյալ «ընդդիմադիր մրցակիցների» նկատմամբ:

Հետո արդեն կգա մյուս փուլը, թե ով կգնահատի Ծառուկյանի այդ առավելությունը, կամ՝ խոշոր գործարար Ծառուկյանն ինչպես կկարողանա իրացնել այս դեպքում իր «քաղաքական պրոդուկտը», այսինքն՝ որտեղ կգտնի նա հիմնական սպառումը՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությա՞ն մոտ, Հայաստանի նախկին համակարգն առաջնորդելու ոչ պակաս հավակնություն և վճռականություն ունեցող Ռոբերտ Քոչարյանի՞ մոտ, թե՞ ավելի վեր՝ Ռուսաստանում:

Ամիսներ առաջ Ծառուկյանի հայտարարությունը հուշում է, որ նպատակային առումով նա, իհարկե, հայացքն ուղղում է առավելագույնս վեր: Դրա համար նա հայտարարեց, որ պայքարելու է Հայաստանում «հակառուսական ալիքի» դեմ՝ որպես քաղաքական դաշտի երկրորդ մեծ ուժ: Սակայն Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ռուսական տիրույթից ուշադրությունը խոսում է այն մասին, որ Ծառուկյանի այդ հայտը չի ունեցել անհրաժեշտ կամ ցանկալի ընկալումը, և Մոսկվայում համարում են, որ Հայաստանում երկրորդ ուժը, համենայնդեպս ռուսական քաղաքականության տրամաբանության շրջանակում՝ Ռոբերտ Քոչարյանն է: Հանրահավաքը ԲՀԿ նախագահի համար Ռուսաստանին համոզելու երկրորդ փորձն է:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •