Gevorg Gorgisyan

Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախատեսված էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանն ընդդեմ «Չորրորդ իշխանության» գործով դատական նիստը։

Գորգիսյանը, հիշեցնենք, դատական հայց է ներկայացրել լրատվամիջոցի դեմ՝ համարելով, որ լրատվամիջոցի կողմից արված մի հրապարակում վիրավորել է իր պատիվն ու արժանապատվությունը։ Գորգիսյանը պահանջում է ներողություն և միլիոն դրամ փոխհատուցում հասցված վիրավորանքի համար։

Այս գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դանիել Մխեյանին։ «Չորրորդ իշխանություն» թերթի ներկայացուցիչները, սակայն, երեկվա նիստում ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, քանի որ ուսումնասիրել և պարզել են, որ Դանիել Մխեյանը ընդամենը մեկ տարի առաջ` 2019-ին հանդիսացել է «Արմենիա» հեռուստաընկերության իրավաբանը։

«ՉԻ» ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն ասաց, որ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել այն հիմքով, որ կարծում են՝ այս դատավորը այս գործով չի կարող անկողմնակալ լինել, քանի որ, թե՛ «Արմենիա» հեռուստաընկերությունը, թե՛ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կապվում են Միքայել Մինասյանի անվան հետ։ «Հենց այդ հիմքով էլ ներկայացվել է ինքնաբացարկի միջնորդությունը, որից հետո էլ դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ։ Մենք համարում ենք, որ, անկախ դատարանի որոշումից, այդ հանգամանքը կարող է կասկածի տակ դնել սույն գործով վերջնական դատական ակտը»,- ասաց Խաչատրյանը։

Մենք տեղեկացանք, որ դատավորը հայցվորի ներկայացուցչին պատասխանող կողմի ներկայացուցչին միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորություն չի ընձեռել՝ համարելով, որ ներկայացված միջնորդությունը վերաբերում է բացառապես պատասխանողին ու իրեն։ Այսինքն՝ Գևորգ Գորգիսյանի փաստաբանը չի կարողացել դիրքորոշում հայտնել «Լուսավոր Հայաստանին» Միքայել Մինասյանի առնչության վերաբերյալ։

Գորգիսյանը, հիշեցնենք, վիրավորվել է «ՉԻ»-ի «Գորգիսյանը կլիներ ջեբկիր» վերնագրով հրապարակումից, որի համար հիմք էր հանդիսացել Գորգիսյանի մի հայտարարություն, որտեղ նա ասել էր․ «Պաշտոնապես հայտարարում եմ՝ ովքեր մտահոգ են, որ ՈՉ-ի ճամբարում մեր լիցենզիայով հանձնաժողովի անդամ են լինելու՝ պատրաստվում էին լցոնումներ իրականացնել ընտրական տեղամասերում»։

Այդ հայտարարությունից հետո «ՉԻ»-ն գրել էր. «Հետո ասում են՝ Հայաստանում կորոնավիրուս չկա: Մարդը բացահայտ ցույց է տալիս, որ խնդիրներ ունի, բայց, քանի որ «ընդդիմադիր» է՝ Թորոսյանը չի ցանկանում նրան հոսպիտալացնել: Գորգիսյանի դեպքում կարելի է նաև պնդել, որ դիմակները չեն օգնում վիրուսից պաշտպանվել. չէ՞ որ նա առաջին իսկ վտանգի դեպքում մշտապես դիմում է թաշկինակի օգնությանը և փակում քիթն ու բերանը:

Գորգիսյանի մոտ կարծես արդեն բարի ավանդույթ է ձևավորվել՝ ցանկացած լուրջ գործընթացի նախաշեմին նա անում է մի գործողություն կամ արտահայտում մի միտք, որ դառնում է այդ գործընթացի անքակտելի մասը: Եվ քանի որ ԼՀԿ-ն հիմա մտել է մարաղ, և մանևրի դաշտը փոքրացել է, հերոսի ազգանունով պատգամավորը որոշեց սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեջ իր անունը մտցնել նման անհեթեթ մտքերով: Պաշտոնապես հայտարարում ենք՝ եթե Միքայել Մինասյանը չստեղծեր «Լուսավոր Հայաստանը» և չլիներ Գևորգի ազգանվան առավելությունը, ապա նա հաստատ կլիներ ջեբկիր»:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •