Այսօր ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հերքեց տեղեկությունը, թե պատրաստվում է վայր դնել մանդատն ու տեղափոխվել գործադիր:

Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Սուրեն Գրիգորյանը պետք է նշանակվեր արդարադատության փոխնախարարի պաշտոնում:

Հարցին, թե ի՞նչ է կատարվում իրենց խմբակցությունում, քանի որ մի շարք պատգամավորների՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ խոսակցություններ են շրջանառվում, Գրիգորյանը պատասխանեց, որ ընթացիկ աշխատանքային պրոցեսից բացի՝ ոչինչ չի կատարվում: Լրագրողը մեջբերեց մամուլում առկա տեղեկություններ, ըստ որի՝ պատգամավորների մանդատը վայր դնելը պայմանավորված է ՍԴ-ի դատավորների ընտրության հետ:

Գրիգորյանը նշեց, որ եթե կլինեն պատգամավորներ, որոնք նման քայլի անհրաժեշտություն կտեսնեն, իր կարծիքով՝ ճիշտ կլինի, որ հենց նրանք էլ մեկնաբանեն: «Քանի դեռ նման հայտարարություն չի եղել, թույլ տվեք որեւէ մեկնաբանությունից ձեռնպահ մնալ»,- ասաց Գրիգորյանը՝ միաժամանակ շեշտելով, որ նմանատիպ խոսակցություններ շրջանառվում են գրեթե բոլոր պատգամավորների շուրջ, եւ եթե բոլորը համապատասխանեին իրականությանը, ապա խմբակցության նախընտրական ցուցակն արդեն սպառված կլիներ:

Հարցին պատասխանեց նաեւ նույն խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը: Նա ասաց, որ այդ ցուցակում շրջանառվում է նաեւ իր անունը, սակայն նա չի պատրաստվում մանդատը վայր դնել: «Թե ինչպիսի նպատակ է հետապնդում նման լուրերի շրջանառությունը, պետք է հարցնել տվյալ հոդվածի հեղինակին»,- ասաց Ստեփանյանը:

Պատգամավորները անդրադարձան նաեւ հոկտեմբերի 8-ին կայանալիք հանրահավաքին, որը կազմակերպում են ԲՀԿ-ն, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունն ու ՀՅԴ-ն: Այս ուժերը նշում են, որ իշխանությունը ձախողել է կառավարման ոլորտներում:

«Իրականում շատ բան չկա ասելու այս մասով: Ցանկացած անձ իրավունք ունի ազատ հավաքներ հրավիրել՝ պահպանելով օրենսդրական պահանջները՝ կովիդով պայմանավորված»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ժամանակավրեպ ու անիմաստ է համարում կանխատեսումներ անել:

Նրա պնդմամբ՝ կան դժգոհություններ հանրության շրջանում, չեն կարող չլինել, որովհետեւ չի կարող լինել 100 տոկոսանոց կոնսենսուս որեւէ հասարակությունում: «Եթե ասում եք՝ արդյոք այդ ծավալը լո՞ւրջ եմ համարում, թե՞ ոչ, մեզ համար կարեւոր է, քանի որ մեր ցանկացած քաղաքացու դժգոհությունն ու դրա բովանդակությունը կարեւոր են, բայց չեմ կարծում, թե դա մեծ, լուրջ ծավալներ ունի»,- ասաց Գրիգորյանը:

Ստեփանյանը նաեւ հավելեց, որ ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունն ունեն իրենց հստակ գործառույթները: Նրա համոզմամբ՝ «թեժ աշուն» ընդդիմությունը պարբերաբար խոստացել է, եւ այս օրերի ընդդիմությունը նույնպես բացառություն չէ: «Սա ընդամենը ընդդիմության օրակարգն է, իսկ թե ինչպիսի «թեժ աշուն» են մեզ խոստանում, կամ այդ հանրահավաքը որքան հուժկու կլինի, հոկտեմբերի 8-ին բոլորս ականատես կլինենք»,- ասաց Ստեփանյանը, իսկ Գրիգորյանը հավելեց, որ լավ կլիներ, եթե ամեն առանձին ընդդիմադիր ուժ հնարավորություն ունենար շարժվել իր օրակարգով:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •