Serzh Gagik

Աշունն, այո, թեժ է լինելու, ինչպես թեժ էին գարունը, ամառը, ինչպես ձմեռն է լինելու թեժ, ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, խոսելով ներքաղաքական զարգացումների մասին:

ՀՀԿ փոխնախագահն անդրադառնալով քաղաքական ընդդիմության ձեւաչափերին, ասել է, թե իշխանությունը փորձում է սեպ խրել տարբեր ուժերի միջեւ՝ ՀՀԿ-Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան, ՀՀԿ-ԲՀԿ. «Դա շատ տեսանելի է, բայց ի պատիվ մեզ, մենք այս պահի դրությամբ ի վիճակի ենք եղել եւ կլինենք անցյալում թողնել տարաձայնությունների նստվածքը», ասել է Արմեն Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը նախորդ տարի հայտարարեց, որ առանց ՀՀԿ-ի որեւէ ընդդիմադիր ձեւաչափ չունի հաջողության շանս: Նրա ասածն անշուշտ գաղտնիք չէ: Չհեռանալով կուսակցության նախագահի պաշտոնից, ինչը ծրագրում էր անել դեռեւս 2018-ի ապրիլի 25-ին, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ն պահեց ներքին կյանքի առանցքային դերակատար, վերածելով նաեւ հեղափոխության յուրօրինակ «պաշտպանիչ շերտի»:

 

Դա իհարկե ուներ իր հաշվարկը, որովհետեւ առանց այդ դիրքի՝ ՀՀԿ-ն չէր կարող ազդել նախկին համակարգի ուժերի վարքագծի վրա: Այժմ, իշխանության ճանապարհին նրանք «բախվելու» են այդ «պաշտպանիչ շերտին»: Քանդել այն գրեթե անհնար է՝ քանի կա Սերժ Սարգսյանը, իսկ շրջանցել՝ նույնպես, որովհետեւ ՀՀԿ-ն նախկին համակարգի եւ դրա հետ ասոցացվող մյուս ուժերին սպասում է գրկաբաց: Դրա վկայությունն է նաեւ Արմեն Աշոտյանի հայտարարությունը, որ կարող են անցյալում թողնել բոլոր տարաձայնությունները Ռոբերտ Քոչարյանի եւ ԲՀԿ հետ:

Իհարկե կարող են, բայց ամբողջ հարցն այն է, որ Ռոբերտ Քոչարյանին ու ԲՀԿ-ին դա պետք չէ, նրանք չունեն այդ տարաձայնություններն անցյալում թողնելու կարիք: Ավելին, նրանք քաղաքական խաղի մի էական մաս կառուցում են հենց ՀՀԿ հետ տարաձայնությունը կապիտալիզացնելու հաշվարկի վրա: Ընդ որում, ամենեւին ոչ միայն ներքին դաշտում, հաշվի առնելով նրանց մոտեցումները ռուսական ուղղության հանդեպ, ու ՀՀԿ անդամությունը ԵԺԿ-ին:

ՀՀԿ-ն իհարկե չի խորհում այն մասին, թե ինչ է պետք կամ ինչ պետք չէ Ռոբերտ Քոչարյանին կամ ԲՀԿ-ին: ՀՀԿ կամ նույնն է թե Սերժ Սարգսյանը խորհում է, թե ինչ է պետք իրեն: Իսկ իրեն պետք է, որպեսզի իր եւ Նիկոլ Փաշինյանի արանքում լինի միայն ժողովուրդը, ոչ մի այլ ուժ:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •