Ishxan Zaqaryan

Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, նրա որդին և եղբայրը լրացուցիչ անգամ Ազգային անվտանգության ծառայություն չեն հրավիրվել, չունեն դատավարական որևէ կարգավիճակ։

Հիշեցնենք, որ երեկ Զաքարյանները հրավիրվել էին Ազգային անվտանգության ծառայություն։ Ըստ ԱԱԾ լրատվականի՝ նրանք ԱԱԾ են հրավիրվել Գառնու տարածքում հիմնած այգու հողատարածքների օրինականությունը ստուգելու նպատակով։ Այլ մանրամասներ կառույցը չի հայտնում։ Զաքարյանների փաստաբանն ասաց, որ Գառնու հողատարածքների, դրանց օրինականության վերաբերյալ որևէ քննարկում չի ունեցել իր վստահորդների հետ։

Նշենք, որ Իշխան Զաքարյանն ու իր ընտանիքի անդամները հսկայական հողատարածքներ ունեն ինչպես Գառնի համայնքում, այնպես էլ Արարատի մարզի մի շարք համայնքներում։ Իշխան Զաքարյանի անունը կապվում է նաև Գառնիում գործող «Կարմիր սար» հիմնադրամի հետ, որի դեմ տարիներ շարունակ բողոքում էին գառնեցիները: Hetq.am-ի հրապարակման համաձայն՝ «Կարմիր սար» հիմնադրամը գրանցվել է 2014 թ. Ապրիլին, և բնապահպանության նախարարության հետ կնքված պայմանագրի համաձայն` իրականացնում էր Ազատ գետի ավազանի տարածքի կենդանական աշխարհի պահպանությունը: Գործունեություն ծավալելու համար հիմնադրամը 2015-ին 25 տարի ժամկետով հողատարածքներ էր վարձակալել Կոտայքի մարզի Գառնի, Հացավան և Արարատի մարզի Լանջազատ (Զովաշեն) համայնքներից: Հողատարածքները գտնվում են Ազատի ջրամբարի հարևանությամբ։ Իշխան Զաքարյանը բավականին ընդարձակ այգիներ ունի Ազատի ջրամբարին կից Լանջազատ համայնքում, բերքատու այգիներ ունի նաև Գառնիում։

Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը ասաց, որ Իշխան Զաքարյանի ունեցած հողատարածքների 5-6 տոկոսն է Գառնի համայնքի տարածքում՝ չմանրամասնելով, թե այդ 5-6 տոկոսը քանի հեկտար հողատարածք է ներառում։ «Իրենց ունեցած հողատարածքների մեծ մասը Արարատի մարզի Լանջազատ համայնքում է»,- ասաց համայնքապետը՝ հավելելով, որ Գառնիում ունեցած հողատարածքների օրինականության առումով խնդիրներ չկան, սեփականաշնորհումն էլ իր պաշտոնավարման ժամանակ չի եղել, այլ շատ ավելի վաղ։ Սահակյանը չասաց նաև, թե այդ հողատարածքները ներկայումս ում են կոնկրետ պատկանում։ «Պիտի նայվի դա, հիմա չգիտեմ, բայց կարծեմ՝ որդու կամ եղբոր անունով են։ Այդ հողատարածքները ժամանակին եղել են համայնքապատկան հողեր, բայց աճուրդային կարգով սեփականաշնորհվել են։ Փաստաթղթերի համաձայն՝ ոչ մի խնդիր չկա, դրանց օրինականության մասով խնդիրներ չկան։ Անօրինական բան չի արվել։ Այդ հողատարածքների վրա հիմա պտղատու այգիներ են»,- եզրափակեց Գառնու համայնքապետը։

Արարատի Լանջազատ համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Հրայր Հակոբջանյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Լանջազատում Զաքարյանների ունեցած հողատարածքների օրինականության մասով խնդիր չկա։ Հակոբջանյանն ասաց, որ հողատարածքները եղել են Աշոտ Զաքարյանի անունով։ «Իրենց հողերն են, մշակովի տարածքներ են, ծառեր են տնկել։ Մի մասը մասնավորից են առել, մնացածը տարբեր ժամանակներում՝ սկսած 91 թվականից սեփականաշնորհվել են։ Դրանից հետո իրենք՝ ախպերները, հորեղբոր տղաները, գյուղի տարբեր հատվածներում հողատարածքներ են սեփականաշնորհել։ Ամայի տարածքներ են եղել, իրենք էլ վերցրել են, տարբեր տեսակի ծառեր են տնկել՝ դեղձ, գիլաս, ծիրան։ Մեծ այգիներ են»,- ասաց համայնքապետը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել՝ պնդելով, թե ինքը բժշկի մոտ է։ Մենք մասնավորապես ուզում էինք պարզել, եթե այդ հողատարածքները, հսկայական այգիները օրինական են, ապա ինչու են իրավապահները, այն էլ Ազգային անվտանգության ծառայությունը ստուգում դրանց օրինականությունը, և ինչպես են տարիներ շարունակ Զաքարյանները ոռոգել իրենց «օրինական» այգիները։

Տարիներ առաջ «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը գառնեցիների հետ միասին բացահայտել էին՝ այդ այգիները ոռոգելու նպատակով չթույլատրված չափերի խողովակներ էին անցկացվել, որով ոռոգվում էին ինչպես Զաքարյանների, այնպես էլ նույն և հարակից համայնքներում գտնվող նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի այգիները։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •