Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը խորհրդարանում վարկային համաներման թեմայով ԲՀԿ կազմակերպած լսումների ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում բարեխիղճ, իրենց պարտականությունները բնականոն և պատշաճ կատարող վարկառուները կազմում են ավելի քան 93 տոկոս:

Այլ կերպ ասած, Ներսես Երիցյանը հայտարարել է, որ վարկային գործարքներ ունեցող քաղաքացիների 93 տոկոսը կատարում է իր պարտավորությունը և միայն 7 տոկոսի պարագայում է, որ կան խնդիրներ: Իհարկե պետք է հասկանալ, այդ խնդիրները անպատասխանատվությա՞ն, թե՞ սոցիալական անհնարինության հետևանք են: Սակայն պարզ է ընդհանուր պատկերը և հարաբերակցությունը: Իհարկե, անկասկած է նաև, որ մնացյալ 93 տոկոսի մի զգալի մաս գուցե կատարում է իր պարտավորությունը բավականին լարված, ավելի դժվար, քան, օրինակ, մինչև կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամը, սակայն արձանագրենք, որ կատարում է:

Եվ այստեղ, անշուշտ, կառավարության գերխնդիրն է ապահովել տնտեսական միջավայրի անկման կանգ և շարունակվող վերելք, քայլ առ քայլ, որպեսզի 93 տոկոս բարեխիղճ վարկառուների հնարավորություններն ավելանան և լարվածությունը թուլանա, ոչ թե ունենանք հակառակ պատկեր: Սակայն առկա պատկերի հանգամանքը շատ էական է այն օրակարգի պայմաններում, որ քաղաքական ընդդիմությունը փորձ է անում բերել հանրային շրջանառության և տրամադրության դաշտ:

Բանն այն է, որ ակնհայտորեն փորձ է արվում գեներացնել որոշակի լարված և անորոշ տրամադրություններ ֆինանսական համակարգի շուրջ, որը Հայաստանում գրեթե բոլոր ճգնաժամերին կարողանում է պահել իր կայունությունը, ինչն էլ ունենում է ընդհանուր կայունության և ճգնաժամի կառավարելիության ողնաշարային էֆեկտ:

Վարկային համաներումը, ընդհանրապես վարկային օրակարգի սուր շեշտադրումներով հարցադրումները բերելու են այդ ողնաշարի վրա բեռի ծանրացման, ինչը արդեն առաջացնելու է գլոբալ օրգանիզմի ճկման, և հնարավոր է փլուզման մեծ ռիսկ՝ դրանից բխող տարբեր հետևանքներով՝ սկսած սպասումներից, մինչև հնարավոր փլուզում: Ըստ այդմ՝ հարց է առաջանում, արդյո՞ք հանրության սոցիալական վիճակի մասին մտահոգությունն է բերել այդ հարցը քաղաքական ընդդիմության օրակարգ, թե՞ հաշվարկը, որ տնտեսության ֆինանսական ողնաշարի շուրջ լարվածությունը կարող է ծնկի բերել կառավարությանը, քանի որ սովի և սառնարանների դատարկության էֆեկտները չեն ստացվում կարծես թե:

Այն, որ Հայաստանում ֆինանսական համակարգի գործունեության և սոցիալական երաշխիքների հարաբերակցությունն ունի հօգուտ հանրության վերակարգավորվելու անհրաժեշտություն, վեր է կասկածից: Սակայն նույնքան անկասկած է, որ տնտեսական գլոբալ ճգնաժամը, մեղմ ասած, լավագույն ժամանակը չէ ֆինանսների նուրբ ոլորտի հետ քաղաքական էքսպերիմենտների համար:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •