Սեպտեմբերի 23-ին տեղի չի ունեցել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաքննության նիստը՝ Ծառուկյանն ու փաստաբանները չեն ներկայացել դատարան: Նրանք հայտնում են, թե պատշաճ չեն եղել ծանուցվել, թեեւ մյուս կողմը պնդում է հակառակը:

Այն, որ ԲՀԿ նախագահն ու փաստաբանները չեն գնացել նիստի, թերեւս վկայում է, որ նրանք չունեն որեւէ դրական արդյունքի սպասում: Կկալանավորվի՞ ԲՀԿ նախագահն այս անգամ, թե ոչ:

ԲՀԿ-ն Հայրենիք ու ՀՅԴ կուսակցությունների հետ հայտարարել է համապետական հանրահավաքի մասին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 8-ին: Եթե Ծառուկյանը կալանավորվի մինչ այդ, ապա նա փաստացի կդառնա թե հանրահավաքի, թե ընդհանրապես եռյակի գործակցության ձեւաչափի «գլխավոր հերոսը», եւ ընդհանրապես ընդդիմադիր հավակնություն ունեցող ուժերի որոշակի շրջանակի գլխավոր հերոս: Նա կլինի հայտարարված քաղբանտարկյալ, ում հանդեպ կձեւավորվի ընդդիմադիր բարոյական պարտավորության մի շրջանակ:

Այդ հանգամանքը կարող է ունենալ երկակի ազդեցություն: Ծառուկյանը մի կողմից կդառնա առաջնորդ, մյուս կողմից՝ դուրս բերվելով անմիջական խաղից եւ վերածվելով «ընդդիմության սրբապատկերի», ԲՀԿ նախագահն այդուհանդերձ կարող է կանգնել դիրքերի կորստի առաջ, ինչից կօգտվեն նրա ներկայիս ուղիղ թե անուղղակի գործընկերները, որոնք խորքային առումով իհարկե նրա մրցակիցներն են:

Մյուս կողմից, իքս պահին ազատվելով կալանքից, Ծառուկյանը կամա թե ակամա կարող է քանդել այդ ընթացքում առանց իրեն ձեւավորվող որոշակի մեխանիզմ, ինչպես օրինակ նշմարվեց Ռոբերտ Քոչարյանի պարագայում:

Օրերս հրապարակված հայտնի «Դոսյեի» համատեքստում դիտարկելով իրավիճակը, Գագիկ Ծառուկյանի կալանավորումը կարող է ստացվել պատասխան այն մեխանիզմին, որ Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխելու առումով նկարագված էր «Դոսյեում»: Այդ դեպքում կա երկու հանգամանք: Ծառուկյանը կամովի՞ն է ներգրավված այդ մեխանիզմում՝ եթե իհարկե ներգրավված է, ինչի պատասխանը պետք է տան թերեւս դա պարզելու հնարավորություն ունեցող կառույցները, թե՞ Ծառուկյանին ներքաշում են ինչ ինչ հանգամանքներ օգտագործելով:

Այդ պարագայում իհարկե ԲՀԿ նախագահի համար կալանքը կարող է լինել կամա թե ակամա ավելի խորը չներքաշվելու հնարավորություն:

Բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել՝ կապված Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը հետաձգելու հետ, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը՝

«Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում այսօր, ժամը 11։00-ին սկսված Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը հետաձգվել է: Նիստը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաջորդ դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 25-ին, ժամը 10:00-ին: Նիստի հետաձգման պատճառը մեղադրյալ Գ. Ծառուկյանի և նրա պաշտպանների չներկայանալն է հանդիսացել, չնայած այն հանգամանքին, որ սեպտեմբերի 17-ին և 18-ին դատարանը ծանուցումներ է ուղարկել Գ. Ծառուկյանին և նրա փաստաբաններին, էլեկտրոնային փոստով ծանուցում է ուղարկել պարոն Ծառուկյանի ԱԺ պատգամավորի պաշտոնական էլեկտրոնային հասցեին, բացի այդ հեռախոսային կապի միջոցող հավելյալ տեղեկացրել է նիստի օրի, ժամի մասին, ինչպես նաև վայբեր ծրագրի միջոցով փոխանցել տեղեկատվությունը, որով ուղարկված տեղեկատվության ստանալը ծրագիրը հաստատել է:

Սեպտեմբերի 22-ին դատարանի աշխատակազմը, փոստաբանի հետ հեռախոսազրուցի ընթացքում, հիշեցրել է այսօրվա նիստի մասին:

Այսօր՝ 11:00-ին մեկնարկած նիստի ընթացքում, դատարան ներկայացած դատավարության մասնակիցները միջնորդել են դատարանին քննությունն իրականացնել մեղադրյալի և պաշտպանների բացակայությամբ, սակայն, դատարանը հաշվի առնելով հարցի կարևորությունը, որոշում է կայացրել միջնորդության քննությունը հետաձգել սեպտեմբերի 25-ին, ևս մեկ անգամ պաշտպանության կողմին ծանուցելու համար»:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •