Անկախության տոնի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարությունը, որը ներառում է ներկայիս քաղաքական ղեկավարության փիլիսոփայական, գաղափարական, նաև աշխատանքային լայն պատկերացումները Հայաստանի զարգացման վերաբերյալ, նպատակները, մեգանպատակները, արժեքային ուղենիշներն ու կողմնորոշիչները:

Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը առավել մանրամասնությամբ հանրությանն է ներկայացրել այն բովանդակությունը, որ շոշափել էր դեռևս նախորդ տարի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած իր ելույթում: Մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարությունը պարունակում է այն նպատակները, որ Փաշինյանը հռչակեց այդ ելույթում, և որոնք դարձան բուռն քննարկումների առարկա: Նա սեպտեմբերի 21-ին փաստացի կրկնել է դրանք:

Երբ Հայաստանի ներկայիս, այսպես ասած, խիստ սուղ բազային վիճակից գնահատում ենք այդ մեգանպատակները՝ սկսած մինչև 2050 թվականը 5 միլիոն բնակչություն ունենալուց, մինչև Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մեդալներ նվաճելը, ապա այդ նպատակները իսկապես թվում են անլուրջ, թվում են իրականությունից կտրված, պաթետիկ, դատարկ և այլն: Դրան զուգահեռ, այդ նպատակները նաև ասոցացվում են քաղաքական գործող մեծամասնության հետ ու քննարկվում կամ վերաբերմունքի արժանանում նաև այդ պրիզմայով: Օրինակ՝ շատ շրջանակներ, որոնք այսօր կարող են հեգնել 5 միլիոն բնակչության նպատակը՝ 2050-ի համատեքստում, դեմքի միանգամայն լուրջ արտահայտությամբ էին քննարկում 2040 թվականի համար 4 միլիոն բնակչություն ունենալու Սերժ Սարգսյանի նպատակադրումը, երբ նա դեռ նախագահի պաշտոնին էր: Իհարկե, իր հերթին պետք է դիտարկել և այն, որ այն ժամանակ էլ այսօր կառավարող մեծամասնության նպատակադրումները լրջորեն քննարկող և քննադատություններին հակադարձողներն էին անլուրջ կամ քննադատական վերաբերմունք դրսևորում Սերժ Սարգսյանի նպատակների հանդեպ: Այդ համատեքստը և իրողությունը վկայում է մի բան, որ Հայաստանի հանրությունը գոնե ազգային, պետական նպատակների, պետականության հեռանկարների հարցում ունի կոնսենսուսի գալու անհրաժեշտություն՝ անկախ քաղաքական հայացքների տարբերությունից և ընթացիկ անհամաձայնություններից, որովհետև ներքին պայքարը, անգամ ամենասուր պայքարը չպետք է լինի Հայաստանի, հայկական պետականության ապագայի, դրանից խլված ժամանակի ու էներգիայի հաշվին:

Վերջին հաշվով, ով էլ լինի մեգանպատակ հռչակողը, արդյոք մենք դե՞մ ենք այն նպատակներին, որոնք հռչակվում են: Կամ՝ արդյոք մենք համարո՞ւմ ենք, որ Հայաստանն ունի դրանից պակասի անհրաժեշտություն ու հրամայական՝ գնահատելով ու հաշվի առնելով ներկայիս ռեգիոնալ ռազմաքաղաքական իրադրությունն ու նաև աշխարհաքաղաքական զարգացումներն ու միտումները: Այո, մենք որպես հանրություն, որպես ժողովուրդ կարող ենք ունենալ ամենատարբեր պատկերացումներ այդ նպատակները հռչակողների մասին, ունենալ նրանց հանդեպ ամենատարբեր վերաբերմունք, վստահել կամ չվստահել, մենք կարող ենք ունենալ այդ նպատակների և ամենատարբեր քաղաքական ուժերի հանդեպ մեր վերաբերմունքի հարաբերակցության տարբեր աստիճաններ, սակայն այդ ամենը պետք է ոչ թե հռչակվող նպատակները դարձնի մեր թիրախը, այլ մեր թիրախը դարձնի հայաստանյան քաղաքական ուժերին, իսկ նպատակները դարձնի նրանց վերահսկելու, կառավարելու, նրանցից հաշվետվություն պահանջելու կարևոր միջոց:

Եթե Նիկոլ Փաշինյանը սահմանել է, ապա այդ մեգանպատակներն ու նպատակները հանրությունը պետք է վերածի ոչ թե հեգնանքի, այլ Փաշինյանին ու նրա իշխանությունը վերահսկելու, պատասխանատվության տակ պահելու լրացուցիչ կարևոր գործիքի, միջոցի: Եթե հանրության որևէ խումբ չի վստահում Փաշինյանին, ապա պետք է նպատակները դիտարկել այլ ուժերի հանդեպ վերահսկողության և պատասխանատվության սահմանման միջոց և պահանջել ավելին՝ եթե նրանք էլ իրենց հերթին չեն վստահում կառավարող մեծամասնությանը:

Այստեղ է Հայաստանի համար կարևորագույն բանաձևերից և հրամայականներից մեկը՝ ապագան դարձնել ներկայիս քաղաքականությունը պատասխանատվության ենթարկելու առարկայական, ոչ վերացական միջոց: Կառավարող մեծամասնությունն իր ռազմավարությամբ անում է համարձակ քայլ՝ տալիս է այդ հնարավորությունը հանրությանը, հնարավորություն թե՛ իր, թե՛ մնացյալ քաղաքական դասի հանդեպ կիրառելու համար:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •