«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ԲՀԿ-ին և Գագիկ Ծառուկյանին արել է հետաքրքիր առաջարկ, որը բխում է դրանից մի քանի ժամ առաջ ԲՀԿ նախագահ Ծառուկյանի արած գրառման տրամաբանությունից:

Ըստ այդմ, բավականին տարօրինակ կլինի, եթե ԲՀԿ խմբակցությունը չմիանա «Իմ քայլի» առաջարկին: Մասնավորապես, Գագիկ Ծառուկյանը գրառում էր արել, թե ժամանակն է օրենքով սահմանել արգելք, որպեսզի «հոգեկան խնդիր ունեցողները» չզբաղեցնեն քաղաքական բարձրագույն պաշտոններ: ԲՀԿ նախագահի այդ գրառումը հանրայնորեն դիտվեց ակնհայտ ակնարկ վարչապետ Փաշինյանի հասցեին, որը դրանից քիչ ժամանակ առաջ իր հերթին ֆեյսբուքյան գրառում էր արել ընդդեմ ԲՀԿ-ի:

Փաշինյանն, իհարկե, առանց անուն տալու հիշեցրել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դատապարտման պատմությունը՝ բռնաբարության գործով: Այդպիսով, ահա Փաշինյան-Ծառուկյան այդ կոշտ՝ անանուն, բայց կոշտ թիրախավորումներից հետո էլ «Իմ քայլի» պատգամավորը հիշեցնում է, որ դեռևս ամիսներ առաջ արել է նախաձեռնություն պատգամավորի թեկնածուների հոգեբանական վիճակը ստուգելու համար, որպես պատգամավորության ցենզ:

Պողոսյանը հիշեցրել է, որ այն ժամանակ ԲՀԿ գործընկերները եղել են դրան դեմ, ընդունել են նախաձեռնությունը քննադատաբար, և ինքը առժամանակ հրաժարվել է դրանից: Այժմ, Պողոսյանը փաստացի «որսացել» է պահը՝ Ծառուկյանի գրառման հիմքով, և առաջ է բերում հարցը: Կտանի՞ այն պատգամավորը մինչև վերջ, հարցի մի կողմն է, և կմիանա՞ ԲՀԿ-ն այս անգամ՝ արդեն հարցի մյուս կողմը:

Համենայնդեպս, կլինի տարօրինակ, եթե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չմիանա պատգամավորության ցենզի համար հոգեբանական ստուգման վերաբերյալ առաջարկին, այն պարագայում, երբ կուսակցության առաջնորդն է անհրաժեշտ համարում այդպիսի նորմի կամ արգելքի սահմանումը: Ի վերջո, խորհրդարանը թիվ մեկ քաղաքական օրգանն է, և բոլոր բարձրագույն պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետը, անցնում են խորհրդարանով: Շատերին, իհարկե, կարող է թվալ զավեշտալի կամ աբսուրդային այդպիսի ցենզի սահմանումը:

Մյուս կողմից, սակայն, Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական անցուդարձը, դրանում առկա, այսպես ասած, մշակութային մակարդակը ոչ միայն վերացնում է այդ հարցում աբսուրդի տպավորությունը, այլ իսկապես անհրաժեշտ է համարում պատգամավորների հոգեկան վիճակի ստուգումը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •