ETM

Երեւանը պատրաստ է հոկտեմբերի 9-ին ընդունել ԵՏՄ վարչապետների հավաքը, որ ծրագրված էր ամիսներ առաջ: Այդ մասին ռուսական մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետի հայտարարությունն այդ առումով ունի խիստ էական մի նրբերանգ: Բանն այն է, որ դեռեւս 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերը դարձյալ համընկել էին Երեւանում պլանավորված ԵՏՄ վարչապետների հավաքի հետ: Այն պետք է տեղի ունենար ապրիլի 8-ին Երեւանում: Բայց ապրիլի 7-ին Հայաստան եկավ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, որպեսզի հայտարարի ԵՏՄ նիստը չեղարկելու մասին: Պատասխանատվությունը հեռակա կարգով վերցրեց Ղազախստանը, որն իբրեւ թե արել էր այդ առաջարկը, որպեսզի Ադրբեջանը սխալ չհասկանա:

Այդպիսով, թերեւս համոզված, որ Հայաստանը «սխալ չի հասկանա», կամ բացարձակապես մտահոգ չլինելով այդ մասին, թե ինչպես կհասկանա Հայաստանը, այդ բլոկի անդամ երկրները չեղարկեցին Հայաստանում նախատեսված ԵՏՄ վարչապետների հավաքը, այն տեղափոխելով Մոսկվա: Ընդ որում, չեղարկումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ռազմական աշխույժ գործողությունները դադարել էին՝ ապրիլի 5-ից հետո:

Մեղմ ասած ավելորդ է մեկնաբանել, թե ինչ է նշանակում, երբ այդպիսի իրավիճակում ՀԱՊԿ դաշինքի անդամ երկրները, որոնք նաեւ ԵՏՄ միասնական տնտեսական տարածքի գործընկեր են, չեղարկում են իրենց գործընկեր ու դաշնակից համարվող երկրում նախատեսված կարեւոր հավաքը, որպեսզի «չնեղանա» ոչ անդամ Ադրբեջանը: Նվազագույնը, քան ռազմա-քաղաքական եւ բարոյահոգեբանական ստորություն՝ պատերազմի թիրախ դարձած դաշնակցի նկատմամբ, այդ քայլը որակելը բարդ է:

Ի դեպ, Երեւանից էլ Մեդվեդեւը մեկնեց Բաքու, «որ չնեղանան»:

Կկրկնի՞ ԵՏՄ-ն քառամյա վաղեմության ստորությունը, թե՞ կօգտագործի հնարավորությունը՝ ներկայանալ նվազագույն պատվախնդրությամբ, չչեղարկելով Հայաստանում վարչապետների հավաքը: Ընդ որում, էական է ոչ միայն չչեղարկելը, այլ նաեւ հենց վարչապետների մակարդակով դրան մասնակցելը, մասնավորապես Ռուսաստանի առումով:

Հայ ժողովուրդը, բացի իհարկե որոշ «մգերարմենիական» շրջանակներից, առանձնապես որեւէ պատրանք չունի այսպես ասած դաշնակցային պատվախնդրության եւ պարկեշտության առումով: Բայց, մյուս կողմից, հայ ժողովուրդն այդ երկրների, եւ մասնավորապես Ռուսաստանի համար ունի ոչ պակաս կարեւոր դաշնակցային նշանակություն: Ըստ այդմ Հայաստան գալը պետք է ոչ թե Հայաստանին, այլ նրանց, ովքեր պետք է գան:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •