Putin Aliev

Շվեդիայի պատգամավոր Մագնուս Յակոբսոնը ԱՄՆ-ի, Սերբիայի և Կոսովոյի կառավարություններին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ սեպտեմբերի 4-ին ստորագրված տնտեսական հարաբերությունների կարգավորման համաձայնագրի համար։

Համաձայնագիրը կնքվել է Սպիտակ տանը եւ կարելի է համարել պատմական։ Հարաբերությունների կարգավորումից հետո Սերբիան եւ Կոսովոն միասին կանդամակցեն Եվրամիությանը։ Բացի այդ, Թրամփի վարչակազմը մեկ այլ պատմական գործընթաց է նախաձեռնել արաբական պետությունների ու Իսրայելի հաշտեցման ուղղությամբ։ Մեկ ամսվա ընթացքում արաբական երկու երկիր՝ Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը հաշտության ու համագործակցության պայմանագրեր կկնքեն Իսրայելի հետ։

Կոսովոյի անկախությունը ճանաչվել է բազմաթիվ, այդ թվում արեւմտյան առաջատար երկրների կողմից։ Ռուսաստանը չի ճանաչել Կոսովոն, Սերբիան Արեւմուտքին հակադրելու քաղաքական կուրսի ակնկալիքով։ Եվ հնարավոր է սերբ-կոսովյան համաձայնագրի կնքման հետ է կապված Մարիա Զախարովայի սկանդալային գրառումը սերբ նախագահի ու Թրամփի հանդիպման վերաբերյալ։ Այդ սկանդալն այնպիսի արձագանք ունեցավ, որ Պուտինն ու Լավրովը ստիպված էին անձամբ ներողություն խնդրել սերբ նախագահից։

Իրավիճակի նրբությունն այն է, որ Կոսովոն ճանաչվեց նաեւ այն պատճառով, որ Սերբիան համարվում էր Ռուսաստանի ֆորպոստը Եվրոպայում, բացի այդ՝ երկարատեւ մխացող հակամարտությունները ռուսական քաղաքականության տարերքն են։ Միեւնույն ժամանակ, այդ քաղաքականությունը տարիներ շարունակ Ռուսաստանին տարբեր ռեգիոններում կանգնեցնում է փաստի առաջ՝ չստանալով ոչինչ՝ Մոսկվան կորցնում է նաեւ իր դաշնակիցներին։ Բալկաններում դա տեղի ունեցավ, Բելառուսում տեղի է ունենալու նույնը, եւ հնարավոր է՝ Հարավային Կովկասում, որտեղ Հայաստանից ու Ադրբեջանից Ռուսաստանի հավասար հեռավորության քաղաքականությունն ի վերջո հանգեցրեց լուրջ խնդիրների, ընդհուպ՝ Կովկասի կորստի հեռանկարի։

Լուրջ խնդիրների առաջ կանգնեց նաեւ Բաքուն, ընդհուպ՝ միջազգային կյանքում իր դերի եւ ինքնիշխանության կորստի հեռանկարի առջեւ։

Կոսովոյի պարագան ճշգրտումներ կմտցնի՞ ՌԴ եւ Բաքվի վարչակազմերի քաղաքականության մեջ։ Առավել եւս, որ այդ մոդելը միջազգային հարթակում կիրառելի էր համարվում նաեւ Արցախի համար։ Մոսկվան ու Բաքուն կարող էին ճանաչել Արցախը ներկայիս իրողություններով եւ տնտեսական համագործակցության համաձայնագիր ստորագրել Ստեփանակերտի հետ, այդպիսով անկասկած հավակնելով Խաղաղության Նոբելյան մրցանակին։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •