Ակնառու է, որ Հայաստանը թևակոխում է սոցիալական տուրբուլենտության ռիսկի գոտի, որն, անշուշտ, բացարձակապես կապ չունի կուսակցություններից մեկի նախագահի հայտարարած «երեք ամսից սպասվող սովի» հետ, բայց ունի ներքաղաքական իրավիճակի վրա ազդեցության էական ներուժ:

Պետք է կանխատեսել, որ աշնան խորանալու և ձմռան գալստյան զուգահեռ, սոցիալական խնդիրները առավել կինտենսիվացնեն հանրության տրամադրությունների վրա ազդեցությունը, ինչն էլ փորձելու է օգտագործել քաղաքական ուժերի այն սեգմենտը, որը դիրքավորվել է ընդդիմության դաշտում: Իսկ այդ սեգմենտը, անշուշտ, բազմազան է: Թեև այստեղ մեկ բևեռի, միավորման հեռանկարը գրեթե զրոյական է, մի շարք պատճառների բերումով, այդուհանդերձ անհրաժեշտ է նկատել և այն, որ միմյանցից առանձին, նրանք սակայն ունեն միավորող շահ՝ խնդիրներ քաղաքական իշխանության համար, ինչը այդ իշխանությանը կարող է դնել ընդդիմադիր դաշտում քաղաքական գործընկերներ գտնելու և նրանց հետ գործակցությամբ ռիսկերը չեզոքացնելու կամ նվազեցնելու անհրաժեշտության առաջ:

Կստացվի, իհարկե, որոշակի փոխադարձ կախվածություն, որովհետև այդ ուժերն էլ արդեն իրենց հերթին սկսելու են անել այնպես, որ իշխանությունը պայմանավորվի հենց իրենց հետ, քանի որ իրենք միմյանց հետ բացարձակ և միասնական պայմանավորվածության գալ չեն կարող: Խաղը փոխադարձաբար կընթանա ժամանակի վրա՝ կախված այն բանից, թե ով ավելի լավ կօգտագործի այն՝ իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմադիր սեգմենտի ուժերը: Այդ ֆոնին, Սահմանադրական դատարանի թափուր տեղի թեկնածուների ընտրության գործընթացը թերևս արտացոլում է ներքաղաքական լայն տիրույթում խորքային գործընթացների տրամաբանությունը, երբ ձևավորվում են մի քանի խաղային սխեմաներ, թեև դեռևս առանց, այսպես ասած, հիմնականի ուրվագծման:
Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •