Հայաստանի ատոմակայան ՓԲԸ և ռուսական «Ռոսատոմ»-ի միջև քննարկվել է հայկական ԱԷԿ-ի շահագործումը 2026 թվականից հետո ևս 10 տարով երկարաձգելու հարցը:

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանը հրաժարվել է ատոմակայանի շահագործման երկարաձգման նպատակով արդիականացման և նորոգման ռուսական վարկի մնացյալ մասից՝ հայտարարելով, որ աշխատանքը կշարունակի պետական միջոցներով, նախկին համակարգը սկսեց շրջանառել քարոզչական «թեզ» ատոմակայանից հրաժարվելու մտադրության մասին: Այժմ պարզվում է, որ Հայաստանն ու «Ռոսատոմը» քննարկում են 2026-ից հետո ևս տասը տարով շահագործելու հնարավորությունը:

Ինչպես հայտնի է, Հայաստանի ատոմակայանի շահագործման երկարաձգմանը վերապահումով է մոտենում Եվրամիությունը, թեև չշահագործելու պարտադիր պայման կամ պարտավորություն, որպես այդպիսին, չկա:

Ատոմակայանը Հայաստանի համար ունի ոչ միայն էներգետիկ, այլև ընդհուպ ռազմա-քաղաքական ռազմավարական կարևոր նշանակություն, ինչի մասին խոսելը, թերևս, ավելորդ է: Այդ տեսանկյունից, Հայաստանը կամ պետք է շահագործի եղածը, հնարավորինս երկարաձգելով դրա տեխնոլոգիական կենսագործունեության ժամկետը, կամ ձեռնամուխ լինի նորը կառուցելուն՝ հինը փակելու համար: Նոր ատոմակայանի մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը 2008 թվականին, բայց այդ հայտարարությունը այդպես էլ մնացել է անգամ ոչ թե թղթի վրա, այլ, այսպես ասած, օդի մեջ:

Մինչդեռ, անգամ 2026 թվականին հայկական ատոմակայանի շահագործումը երկարաձգելու պայմաններում, ակնառու է, որ այդ երկարաձգումը չի կարող տևել անվերջ և, վաղ թե ուշ, Հայաստանը կանգնելու է դրա տեխնիկական, տեխնոլոգիական հնարավորության սահմանափակման իրողության առաջ: Հետևաբար՝ Հայաստանը պետք է ձեռնամուխ լինի ոչ միայն ատոմակայանի շահագործման ժամկետը 2026 թվականից հետո էլ առնվազն մեկ տասնամյակ երկարաձգելու շուրջ բանակցությանը, այլ նաև բանակցության նոր ատոմակայան կառուցելու շուրջ: Ընդ որում, բանակցություն ոչ միայն «Ռոսատոմ»-ի, այլ նաև այլ երկրների և կազմակերպությունների հետ: 2011 թվականին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայաստան այցի ընթացքում հայտարարեց նոր ատոմակայանի շինարարության հարցում Հայաստանին օժանդակելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին, թեև այդ հայտարարությունն էլ նոր ատոմակայանի մասին, Սերժ Սարգսյանի խոսքի նման, մնաց օդում: Միևնույն ժամանակ հայտնի է, որ Հայաստանը «Ռոսատոմ»-ի հետ այդ շրջանում կնքեց համաձայնագիր, որով ռուսական ընկերությունը ստանձնեց նոր ատոմակայանի կառուցման իրավունք, սակայն ֆինանսավորման 20 տոկոսի պարտավորությամբ:

Այդպիսի տարօրինակ համաձայնության պայմաններում հազիվ թե որևէ այլ ներդրող գտնվի, որը համաձայնի ներգրավվել նոր ատոմակայանի շինարարության աշխատանքին: Դա էլ ավելի է սրում անհրաժեշտությունն արդեն այսօր ձեռնամուխ լինել այդ ուղղությամբ գործնական քայլերի, անհրաժեշտ վերանայումները թե՛ «Ռոսատոմ»-ի, թե՛ հնարավոր մյուս գործընկերների հետ անելու համար, այդ թվում նաև Չինաստանի, որի հետաքրքրությունը կովկասյան ռեգիոնի և մասնավորապես Հայաստանի հանդեպ լինելու է աճման ռեժիմի վրա:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •