Ռուսաստանը բոլոր արտաքին ու ներքին խաղացողներին անում է զսպվածության կոչ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Ռուդենկոն, նշելով, որ Ռուսաստանը որպես Մինսկի խմբի համանախագահ աշխուժորեն մասնակցում է անհապաղ հրադադարի հասնելու եւ բանակցության սեղան վերադառնալու գործընթացին:

Ռուսաստանի փոխարտգործնախարարի կոչի «արտաքին ու ներքին» խաղացողների բաժանումը բավական ուշագրավ է: Ի՞նչ սահման է ենթադրում այդ բաժանումը՝ արտաքին ու ներքին: Խոսքը հակամարտության «ներսի՞» մասին է, որտեղ են Հայաստանը, Արցախն ու Ադրբեջանը, թե՞ պատերազմ սանձազերծած Ադրբեջանի ներքին խաղացողների մասին, հաշվի առնելով այդ երկրում հատկապես հուլիսյան պարտությունից հետո մեծ թափ առած ներվերնախավային խլրտումները:

Հուլիսյան պարտությունից հետո Ադրբեջանի ներսում թուրքական «բլից-կրիգը» բերեց Ռուսաստանի ազդեցության դիրքերի առավել թուլացման: Մեծ հաշվով, պատերազմն այդ իմաստով մարտահրավեր է նաեւ Ռուսաստանին: Արդյոք Մոսկվան զգուշացնում է, որ Ադրբեջանում թուրքական խաղացողների որոշումով բռնկված պատերազմով Ռուսաստանին ռեգիոնալ պայմաններ թելադրելը մերժվում է, եւ Մոսկվան կաջակցի Հայաստանին ռազմական հաջողության հասնելու համար: Առավել եւս, որ Ալիեւը պատերազմից առաջ վերջին շաբաթներին հրապարակավ դժգոհում էր հենց այդ աջակցության առնչությամբ:

Մոսկվան այդ իմաստով իսկապես բարդ խնդրի առաջ է: Եթե տեղի ունենա ադրբեջանական ռազմական հաջողություն, ապա հազիվ թե հնարավոր լինի հայկական անհաջողությունը «դուրս գրել» Հայաստանի քաղաքական իշխանության վրա, թեեւ վերջին շրջանում ռուսական մամուլում եւ որոշ փորձագիտական շրջանակներում, նաեւ դրանց հայկական ինտերպրետացիաներում ակնարկվում էր այդպիսի հնարավոր սցենարների մասին:

Այդ իմաստով անկասկած է, որ Հայաստանի որեւէ անհաջողություն կամ առավել եւս պարտություն լինելու է Կովկասում Ռուսաստանի պարտությունը: Ընդ որում, դրա մասին զգուշացնում են անգամ ռուսաստանցի փորձագետները: «Եթե հակամարտությունը չդադարեցվի լուրջ արտաքին ճնշմամբ, պատերազմը կշարունակվի, և դա մեծ աղետ կլինի։ Այն կցնցի նաև Հյուսիսկովկասյան շրջանը և կշոշափի բոլոր խոշոր խաղացողներին, ներառյալ Ռուսաստանն ու Թուրքիան»։ Այս մասին Մեդուզային տված հարցազրույցում ասել է Կովկասի հարցերով փորձագետ Վադիմ Մուխանովը։

Հաջորդիվ արդեն Էրդողանը ձեռնամուխ կլինի Ռուսաստանի հասցեին իր փետրվարյան սպառնալիքի իրագործմանը, գործի դնելով 25 միլիոն մահմեդականներով Ռուսաստանի ներսից քանդելու ծրագիրը:

Ռուսաստանն անշուշտ հենց իր մարտահրավերները դիտարկելով պետք է իրադարձությունները չափի ոչ թե Հայաստանի հարցում հնարավոր մանր քաղաքական խնդիրներով, այլ Թուրքիայի հարցում ռուսական պետականության ռազմավարական մարտահրավերով:

Հայկական բանակը լուծելու է հայկական պետականության հանդեպ սպառնալիքի հարցը, ամբողջ խնդիրն այն է, որ դրան համարժեք վարքագծի բացակայության պարագայում Ռուսաստանի համար պահպանվելու է թուրքական սպառնալիքը:

Իսկ համարժեքությունը պահանջում է ոչ միայն դաշնակցային պարտավորության հանդեպ բարեխղճությամբ աջակցություն հայկական զինուժին, այլ նաեւ քաղաքական համարժեքություն, որտեղ առանցքում 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի հարցն է: Դրա 100-րդ խորհրդանշական տարելիցը մոտենում է, ու ռեգիոնալ առումով խոսքը դրան առերեսվելու մասին է: Հայաստանի արցախյան հաղթանակով ձեւավորված մոտ երեսնամյա ստատուս-քվոն ըստ էության հակոտնյա է այդ պայմանագրին: Այստեղ է նաեւ ռուս-թուրքական հարաբերության ամբողջ հակասականությունը այդ 30 տարիների ընթացքում:

Այդ առումով էլ ուշագրավ կարող է լինել ՌԴ փոխարտգործնախարարի բաժանման՝ «ներքին ու արտաքին խաղացող», այլ հնարավոր ասպեկտը: Արդյոք Ռուսաստանը գծում է որոշակի սահման, կամ ակնարկում դրա մասին, որ Թուրքիան առկա խնդրում «արտաքին» խաղացող է, իսկ ներքին խաղացողները հակամարտության կողմերն ու պաշտոնական ձեւաչափով համանախագահ միջնորդներն են: Արդյոք դրա համատեքստում է Ռուդենկոն ակնարկում, որ ՌԴ-ն Մինսկի խմբի անդամ է եւ այդ կարգավիճակով ներգրավված է, իսկ Թուրքիան՝ ոչ:

Ամբողջ հարցն այն է, թե Ռուսաստանը որքան պետական արժանապատվություն եւ ռազմավարական հեռատեսություն կցուցաբերի Թուրքիայի այդ հավակնությունը մերժելու հարցում:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •