Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուն ասել է, որ ինքը Ռուսաստանի արտգործնախարարությունում չի հանդիպել Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին՝ գրում է  ՏԱՍՍ-ը:

«Տվյալ պարագայում՝ ոչ»,- ասել է նա Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ հանդիպումից հետո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը պլանային հանդիպումներ է անցկացնում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների մասնակցությամբ: Այս մասին հայտարարել էր գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և հավելել, որ արդյունքներից հետո լրատվամիջոցների համար կհրապարակվի հաղորդագրություն:

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառումով բավականին կոշտ անդրադարձ է կատարել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Տողանյանի առնչությամբ:

«Անհիմն հայտարարությունների փոխարեն լավ կլիներ օգտակար գործերով զբաղվել, հատկապես, երբ այս օրերին դրանց ծավալը շատ-շատ է։ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանին հորդորում եմ ոչ գրագետ ու դիվանագետին ոչ հարիր վարքագիծ չդրսևորել։ Մոսկվայից Արցախ շատ բան տեսանելի չէ, բայց գոնե ընկալման հարցում պետք չէ կորցնել սթափությունը»,- գրել է ԱՀ նախագահի խոսնակը:

Այն, որ Արցախի նախագահի խոսնակը ռազմական գործողությունների, պատերազմի թեժ իրավիճակում անում է այդպիսի կոշտ գրառում, վկայում է այն մասին, որ Արցախը տեսել է դրա խիստ անհրաժեշտությունը: Հակառակ պարագայում բացառելի է, որ ԱՀ նախագահի խոսնակը անդրադառնար թեմային՝ տեղեկատվական աշխատանքի խիստ ծանրաբեռնվածության առումով: Այդ իմաստով էլ ուշագրավ է նրա գրառման տողատակը՝ դեսպանի այս օրերի գործունեության արդյունավետության, մեղմ ասած, կասկածելիության տեսանկյունից: Այսինքն՝ այս օրերին ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանը պետք է լիներ ամենածանրաբեռնված դիվանագետներից մեկն աշխարհում, ընդ որում՝ ոչ միայն հայ դիվանագետների շարքում, բայց Բաքվի սանձազերծած պատերազմի առաջին օրերին դեսպանը, ծանրաբեռնելով իրեն մի քանի հարցազրույցով, արել է դրանցում հայտարարություններ, որոնք ավելի ծանրաբեռնվածություն են Հայաստանի և Արցախի քաղաքական, ռազմաքաղաքական դիրքերի վրա, քան այն թիրախների, որ պետք է սպասարկի կարևորագույն մայրաքաղաքում Հայաստանի շահերը ներկայացնող դիվանագետը:

Ըստ այդմ՝ առաջանում է հարց, թե ում շահերն է ներկայացնում դեսպանը, որն արել էր մի քանի աղմկահարույց հայտարարություն, այդ թվում՝ Արցախում բնակչության տարհանման վերաբերյալ: Հետագայում, իհարկե, փորձ արվեց բացատրություններ տալ, թե դեսպանը նկատի է ունեցել բոլորովին այլ բան, սակայն նստվածքը, ինչպես ասում են, մնաց, և այնպիսին, որ առաջացրել է ԱՀ նախագահի խոսնակի մակարդակով արձագանքի անհրաժեշտություն:

Ընդ որում, կասկածից վեր է, որ այդ արձագանքը անհրաժեշտ խողովակներով համաձայնեցված կլինի երևանյան իշխանության հետ՝ ընտրելով հենց Արցախից արձագանքի տարբերակը, քանի որ այլ ձևաչափն անշուշտ կլիներ ոչ պատեհ:

Հայաստանն ու Արցախը ներկայումս էական նպատակներ ունեն Ռուսաստանի ուղղությամբ աշխատանքի առումով, և այդ իմաստով թերևս շատ կարևոր կլինի, եթե դեսպանը դադարեցնի հարցազրույցներն ու ինտենսիվ աշխատի այդ նպատակների ուղղությամբ: Երբ հայկական բանակը լրջագույն խնդիրներ է լուծում ճակատում, Հայաստանը իրավունք չունի որևէ բացթողում ունենալու դիվանագիտական ճակատում, առավել ևս՝ Ռուսաստանի ուղղությամբ:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •