Հայկական սոցցանցային տիրույթում և մեդիադաշտում լայն տարածում է գտել «Դոսյե» տեղեկատվական տիրույթի հրապարակած նյութը, որը վերաբերում է Հայաստանի վրա ռուսական ազդեցության մեխանիզմներին:

Նյութը տարածվել է բավականաչափ և, թերևս, չկա դրա բովանդակությունը շարադրելու անհրաժեշտություն, առավել ևս որ այն, խոշոր հաշվով, չի պարունակում որևէ առանձնահատուկ նորություն: Իհարկե, տվյալ պարագայում հնարավոր է արձանագրել, որ ռուսական հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթերին արվող հղումները փաստական ապացույց են այն ենթադրությունների և եզրակացությունների, որ Հայաստանում ռուսական ազդեցության գործակալների առնչությամբ անում է Հայաստանի հանրությունը տարիներ ի վեր: Մյուս կողմից, սակայն, առանց դրա էլ Հայաստանի հանրությունը առանձնապես կասկածներ չի ունեցել հասարակական-քաղաքական դաշտի հիմնական դերակատարների առնչությամբ ունեցած եզրահանգումների մասով: Իսկ դրա պատճառն այն է, որ նրանք իրենք գործել են չափազանց բաց ու անթաքույց, ինչը, սակայն, տվյալ պարագայում կապ չունի հանրային հաշտվողականություն և թափանցիկություն երևույթների հետ:

Միևնույն ժամանակ, «Դոսյեում» հրապարակվածը իր տեղեկատվական պաշարով թերևս չի արտացոլում անգամ մի փոքր մասն այն երևույթի, որին անդրադառնում է: Միևնույն ժամանակ, ինքնին զարմանալի չէ հանգամանքը, որ խորհրդային 70-ամյա անցյալ ունեցող հանրապետությունը, ստանալով անկախություն, անկարող էր լինելու ձերբազատվել այն հատուկ ծառայության ազդեցությունից, որն իր բնույթի կազմակերպությունների շարքում եղել է աշխարհում գերհզորներից մեկը, եթե ոչ առաջինը: Խոսքն, իհարկե, խորհրդային ՊԱԿ մասին է, որը թեև ֆորմալ առումով այժմ գոյություն չունի, այնուհանդերձ, դե ֆակտո պարզապես չէր կարող դադարել գոյություն ունենալ իր տրամաբանությամբ, մեխանիզմներով, իր ազդեցության ոլորտներով, իր ազդեցության գործակալներով: Առավել ևս, որ, ի վերջո, դրա բազայի վրա է կառուցվել նաև ռուսական Դաշնային անվտանգության ծառայությունը:
Հետևաբար՝ միամտություն է կարծել, թե Հայաստանը, այն էլ պատերազմական պայմաններում ձևավորվող պետությունը, կարող էր էական քայլեր անել այդ ազդեցությունից դուրս լինելու համար: Միևնույն ժամանակ, նույնքան միամիտ է մտածել, թե Հայաստանում գործունեություն են ծավալում միայն ռուսական ազդեցության խմբեր: Հայաստանում, թերևս, գործունեություն են ծավալում այն ուժային կենտրոններին ենթակա ազդեցության խմբեր, որոնք էական հետաքրքրություն ունեն կովկասյան ռեգիոնի հանդեպ, և, իհարկե, այն ուղղությունների, որտեղ էական նշանակություն և դեր ունի հայկական գործոնը, օրինակ, Մերձավոր Արևելք:

Մյուս կողմից, այդ հանգամանքը, անշուշտ, պետության կործանման, կորած լինելու, ներկայի ու ապագայի հանդեպ ապոկալիպտիկ հոգեվիճակի և տրամադրվածության մեջ հայտնվելու պատճառ չէ: Ի վերջո` հարկ է արձանագրել, որ աշխարհում անգամ ամենից ուժեղ ուժային կենտրոնները ենթակա են լինում մրցակիցների գործակալական, ազդեցության խմբերի գործունեության: Մի տեղ բավականին մեծ է հակազդեցության, նաև վերահսկողության, նաև կառավարելիության, նաև հակադարձ պատասխան ազդեցության միջոցով հավասարակշռման ներուժը, մեկ այլ տեղ դա լինում է շատ քիչ կամ չի լինում ընդհանրապես: Բայց այդ հանգամանքը մեզ պետք է հուշի, որ գլխավոր շեշտը պետք է դրվի հենց հակազդեցության ներուժի ընդլայնման քաղաքականության վրա, որովհետև ազդեցություն չեզոքացնելու ուղղությամբ անմիջական աշխատանքը դատապարտված է լինելու «սիզիփոսյանի»: Մյուս կողմից, ի հերթին հարց կառաջանա՝ իսկ այդ մեծ ազդեցությամբ խմբերը թույլ կտա՞ն ուժեղացնել, բարձրացնել փաստորեն իրենց դեմ պայքարի ներուժը: Այստեղ հարկավոր է թերևս արձանագրել մի կարևոր նրբերանգ: Ի վերջո, այդ խմբերը՝ անգամ հաճախ մեկ կենտրոնի պարագայում, տարբեր են, ունեն տարբեր շահեր և մոտիվներ, հետևաբար՝ շահերի բախում:

Հայաստանը պետք է կարողանա օգտագործել այդ հանգամանքը և այդպիսով հնարավորինս արդյունավետ պետական կառավարումով բարձրացնել արտաքին ազդեցության հակազդման իր ներուժը, ժամանակի ընթացքում արդեն որակապես և քանակապես փոխելով պատկերն այդ ազդեցության խմբերի առկայության իմաստով: Դա բարդ գործընթաց է, սակայն մի բան կասկածից վեր է, որ այդ հարցերը չեն կարող լուծվել խրոխտ հայտարարություններով, դրանք պահանջում են նուրբ և մանրակրկիտ հաշվարկ:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •