Putin Erdoghan

Ադրբեջանի վրա հարձակումը հավասարազոր է Թուրքիայի վրա հարձակման, հայտարարել է Թուրքիայի իշխող կուսակցության նախագահի տեղակալ, փաստացի Էրդողանի տեղակալ Քուրթուլմուշը: Անկարան ակնհայտորեն սրում է հռետորաբանությունը, որն առնչվում է Ադրբեջանի սանձազերծած հայ-ադրբեջանական պատերազմին:

Մի կողմից բացարձակապես անակնկալ չէ այդ դիրքորոշումը, քանի որ Թուրքիան որևէ կերպ չի էլ խուսանավել այս օրերին դիրքավորվել այդ պատերազմի հովանավորի բացահայտ դերում, մյուս կողմից, սակայն, հռետորաբանության այդօրինակ սրացումը արժանի է հանգամանալից դիտարկման և ուշադրության: Առավել ևս որ սեպտեմբերի 29-ին նաև Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն է հայտարարել՝ այցելելով Անկարայում Բաքվի դեսպանատուն, թե Թուրքիան Ադրբեջանի կողքին է՝ լինի մարտի դաշտում, թե կարգավորման գործընթացում: Ի՞նչն է պատճառը, որ Անկարան սրում է հռետորաբանությունն իր աջակցության առումով: Լայն իմաստով, իհարկե, այն, որ Թուրքիան հենց դրա համար էր հրահրել պատերազմը, որպեսզի օրակարգ բերի հենց իրեն հետաքրքրող հարցերն ու շանտաժի այդ տարբերակով ստիպի դրանց հետ հաշվի նստել նախ Ռուսաստանին, հետո նաև Մինսկի խմբի մյուս համանախագահներին:

Անկարայի համար այստեղ հարցը ոչ միայն կովկասյան ռեգիոնում իր հետ հաշվի նստելու մասին է, այլ նաև այլ ուղղություններով այդ մայրաքաղաքների հետ ունեցած հակասություններում սեփական մոտեցումը պարտադրելու: Սակայն, միևնույն ժամանակ այն, որ Անկարան սանձազերծած պատերազմի երրորդը օրը սրում է իր հռետորաբանությունն ու անցնում գրեթե բացահայտ հայտարարությունների՝ նույնացնելով Ադրբեջանի վրա հարձակումը իր վրա հարձակման հետ, վկայում է, որ Ադրբեջանի գործերը մարտի դաշտում, մեղմ ասած, լավ չեն, և հայտարարությունների իմաստով, արդեն վա-բանկ է գնում նաև Անկարան:

Հայկական բանակին հաջողվել է ոչ միայն կասեցնել ահռելի ուժի հարձակումը բոլոր ուղղություններով, որ 3 միլիոնից քիչ ավելի Հայաստանի և Արցախի ուղղությամբ ծրագրել և իրականացնում էին Թուրքիան ու Ադրբեջանը, այլ նաև շարունակաբար պատճառել մարդկային ուժի և զինտեխնիկայի ահռելի ու անընդհատ կորուստ, զուգահեռ տարբեր ուղղություններով պատժիչ գործողություններով: Ահա մարտական այդ ձախողումն է Թուրքիային ստիպում անցնել արդեն Ադրբեջանի աջակցության քաղաքական գրեթե վա-բանկ տրամաբանությամբ հայտարարությունների: Հայկական բանակը հերթական անգամ խառնել է խաղաքարտերն ու հաշվարկները:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •