Պարոն Ծառուկյանն առաջարկում է Սահմանադրությամբ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան բարձրագույն պաշտոններ զբաղեցնել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ նշելով, որ լիովին համաձայն է։ «Կարծում եմ՝ պետք է ֆիքսել նաեւ մտավոր եւ ինտելեկտուալ լուրջ խնդիրներ ունեցող անձանց պարագան։ Իսկապես արժի»,- գրել է Հակոբյանը:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի երեկվա ելույթից հետո ԲՀԿ-ականները չեն հանդարտվում:

Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունով ֆեյսբուքյան մի էջում այսօր հետեւյալ գրառումն է հայտնվել.

«Կարծում եմ՝ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի եւ ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

Լրագրողներից մեկն այսօր Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին ուղղված իր հարցի մեջ փորձեց Ծառուկյանի էջի այս գրառումը վերագրել ՀՀ վարչապետին:

Ի պատասխան՝ Սիմոնյանն ասաց. «Ես վստահ եմ, որ այն գրառումը, որ հայտնվել է պարոն Ծառուկյանի էջում, վերաբերում է Գեւորգ Պետրոսյանին (ԲՀԿ-ական պատգամավոր), որի հետ կապված մամուլում տեղեկություններ են պտտվել, որ նա առողջական խնդիրներ է ունեցել նաեւ այն ժամանակ, երբ որ նախարար է եղել: Դա պատճառ է հանդիսացել, որ ինքը լքել է նախարարի պաշտոնը՝ ընդամենը մի քանի ամիս լինելով սոցապ նախարար: Կարծում եմ՝ այդ որոշումը կայացրել է նույն ինքը Գագիկ Ծառուկյանը էն ժամանակահատվածում: Եվ հիմա՝ Գագիկ Ծառուկյանի բուռն քաղաքական գործունեության վերելքի շրջանում, նա փորձում է վեր հանել նման հարցեր, որ քաղաքական գործունեության իմիտացիա ձեւավորի»:

Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն՝ վարչապետին չէ՞ր ուղղված այդ գրառումը՝ ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ նման պարագայում Գագիկ Ծառուկյանը համարձակություն կունենար ինչ-որ անուն նշել կամ, այնուամենայնիվ, ավելի հստակ կգրեր: Ես նույնիսկ վստահ չեմ, որ դա Գագիկ Ծառուկյանի էջն է. նախ հաստատված չէ, հետո տարակուսում եմ՝ արդյոք նման բան կգրեր»:

Լրագրողներից մեկն էլ, մեջբերելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումը, հետաքրքրվեց, թե իշխող ուժը Ծառուկյանին առնչվող այդ քրգործի մասին չգիտե՞ր, երբ նրա հետ հեղափոխությունից հետո հուշագիր էր ստորագրում, Ալեն Սիմոնյանն ասաց.

«Եթե չեմ սխալվում, իսկ հաստատ չեմ սխալվում, այդ տեղեկությունները՝ պարոն Ծառուկյանի հետ կապված, որ նա դատապարտված է եղել եկեղեցու տարածքում բռնաբարության, ինչպես նաեւ կողոպուտի համար, հայտնվել են շատ ավելի ուշ, քան ձեր նշած իրադարձությունները»:

Լրագրողի դիտարկմանը, որ քրգործը շատ ավելի վաղ է եղել, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ քրգործը եղել է ավելի վաղ, բայց դրա մասին տեղեկությունը որեւէ մեկը չի ունեցել, չի հրապարակել:

Եթե իմանայիք, չէի՞ք ստորագրի, փորձեց ճշտել լրագրողը. «Եթե իմանայինք… ես չեմ կարող նման հարցերի պատասխանել: Կա իրողություն՝ հեղափոխություն է տեղի ունեցել, իր փուլերն է ունեցել, տարբեր դերակատարներ են եղել՝ փոքր, մեծ եւ այլն, բոլորն ունեցել են հնարավորություն մաքուր էջից սկսել եւ բոլորն ունեցել են հնարավորություն իմանալ իրենց «յորղանի չափը»,- պարզաբանեց նա:

Անդրադառնալով ԱԺ-ի մակարդակը իջեցնելու հարցին՝ Սիմոնյանն ասաց, որ կոնկրետ պատգամավորներ կան եւ կոնկրետ աշխատելաոճ կա, որ մնացել է անցյալում.

«Ի վերջո, հեղափոխությունը տարբեր փուլեր ունի, եւ մենք հերթով պետք է անցնենք, ցավոք սրտի, որպեսզի վերջնականապես հրաժարվենք այն բարքերից, խոսելու ոճից, լկտիությունից, որ ժամանակին պատգամավորները իրենց թույլ էին տալիս, որ լրագրող էին ապտակում այս շենքում: Հիմա անցել են այլ բանի. պատգամավոր կոչվածը իրեն թույլ է տալիս դերասանի հանդեպ լկտի արտահայտություններ անել, իրեն թույլ է տալիս մնացած պատգամավորների, նախարարների վերաբերյալ լկտի արտահայտություններ անել՝ իր սանդղակին համապատասխան»,- ասաց Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե այդ ամենը Արայիկ Հարությունյանից սկսվեց, որը երեկ ԱԺ-ում վիրավորեց կոտայքցիներին, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց, որ կոտայքցիներին ոչ ոք չի կարող վիրավորել, դա մանիպուլյացիա է:

«Օրինակ է բերվել, եւ ի ուրախություն, թե դժբախտություն՝ իրենք գտել են այդ հերոսի անունը եւ սկսել հակադարձել եւ պաշտպանել: Ընդհանրական ասված բան էր, որ այլեւս նման բարքեր Հայաստանում չլինեն: Եվ բերվել է Կոտայքի մարզի օրինակը, որտեղ նման մի դեպք է տեղի ունեցել: Եթե Երեւան քաղաքում տեղի է ունենում մի հանցագործություն, եւ ասվում է, որ Երեւանում այլեւս նման բաներ չպետք է տեղի ունենան, դա չի նշանակում, որ երեւանցիներին վիրավորում են»:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին արձագանքելու համար քիչ առաջ ճեպազրույցով հանդես եկան նաեւ ԲՀԿ-ականները:

Արձագանքելով մասնավորապես Ալեն Սիմոնյանի այն դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանի գրառումը վերաբերում է Գեւորգ Պետրոսյանին՝ Իվետա Տոնոյանը հայտարարեց.

«Այն, որ պարոն Սիմոնյանը բավականին վառ երեւակայություն ունի, որեւէ մեկը կասկածի տակ չի առնում: Ես կարծում եմ, որ պարոն Ծառուկյանի գրառման մեջ ով որ իրեն պետք է տեսներ, գտներ այդ գրառման մեջ, վստահաբար, տեսել է եւ գտել»:

Միեւնույն ժամանակ պատգամավորն ասաց, որ իսկապես պատրաստվում են իրականացնել Ծառուկյանի գրառման մեջ տեղ գտած միտքը՝ Սահմանադրությամբ ամրագրել, որ հոգեկան խնդիր ունեցող անձինք բարձրաստիճան քաղաքական պաշտոններ պետք է չզբաղեցնեն:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում իր խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի գրառումներին՝ Տոնոյանը պատասխանեց.

«Անկախ անձերից ինձ համար քաղաքական գործունեության մեջ բարեկրթությունն է դիտարկվում որպես առաջնահերթություն: Եթե պարոն Պետրոսյանի առանձին գրառումների կամ առանձին մտքերի հետ կապված իշխանությունները ունեն վերապահումներ, բնականաբար, դա նրանց իրավունքն է այդ մասին խոսելու, բարձրաձայնելու, բայց երբ գործընթացները այլեւս անցնում են խելամտության, տրամաբանության, բարեվարքության բոլոր սահմանները, բնականաբար, հերթը արդեն հասնում է քննարկումների նման մակարդակի»:

Տոնոյանը վստահեցրեց, որ անձնապես ցավ է ապրում, որ քաղաքականությամբ զբաղվող մարդկանց քննադատությունները շրիշակից էլ ցածր մակարդակի են հասել: Նա շեշտեց՝ որեւէ մեկի համար հաճելի չէ դահլիճում բովանդակային քննարկում ծավալելու փոխարեն գտնվել միջանցքներում եւ ստիպված լինել պատասխանել այս կամ այն մտափայլատակմանը:

«Հավատացեք, մենք ոչ թե այստեղ ենք միմյանց միս ծամելու, միս ուտելու, բզկտելու, այլ բովանդակային աշխատանքով զբաղվելու»:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •