Սեպտեմբերի 14-ից մեկնարկում է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը, ինչի մասին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:

Այդ ձեւաչափը ստեղծվել է հեղափոխությունից հետո: Երկրորդ փուլը, որ համավարակի պատճառով անցկացվելու է հեռավար ձեւաչափով, նախ քննարկելու է առաջինից հետո պայմանավորվածությունների կատարման ընթացքն ու դիտարկելու է նոր հեռանկարները:

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը փաստացի մեկնարկում է դարձյալ հեղափոխական փոփոխությունից հետո: Այս անգամ խոսքը ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրավիճակի մասին է, որ ստեղծվեց տավուշյան հուլիսյան մարտերի արդյունքում, հայկական զինուժի հաղթանակի շնորհիվ:

Այդ հաղթանակի հանդեպ ԱՄՆ ուշադրությունը բավականին նկատելի էր, ընդ որում հատկանշական «կառուցվածքով»: Բանն այն է, որ հուլիսյան ադրբեջանական սադրանքից օրեր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կատարել էր երկու այց՝ պաշտպանության նախարարություն եւ հանդիպում նախարար Տոնոյանի հետ, երկրորդը՝ բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարություն՝ հանդիպում նախարար Արշակյանի հետ: ԲՏԱ նախարարությունը փաստացի ռազմարդյունաբերության նախարարություն է, հաշվի առնելով մի շարք նրբերանգներ:

Այդ այցերի ընթացքում քննարկվել էին մի կողմից անվտանգային ոլորտի, մյուս կողմից բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության ոլորտի գործակցության հեռանկարներ:

Հուլիսյան մարտերին իր բարձրության վրա էին ոչ միայն հայկական բանակը, այլ նաեւ Հայաստանի ռազմարդյունաբերության նոր մշակումները, որոնք արձանագրեցին տպավորիչ արդյունք:

Այդ հանգամանքը հուլիսյան մարտերին տվեց առանձնահատուկ նշանակություն ոչ միայն ռազմական եւ ռազմա-քաղաքական, այլ ընդհանրապես պետական ռազմավարական հեռանկարի իմաստով: Դա էր պատճառը, որ Թուրքիան էլ փաստացի գնաց Ադրբեջանում հեղափոխության՝ փոխվեց Ադրբեջանի աշխարհքաղաքական ֆունկցիոնալ նշանակությունը, վերածելով այդ միավորումը Թուրքիայի աշխարհաքաղաքական «կույրաղիքի»:

ԱՄՆ նոր իրողություններին արձագանքեց նաեւ պոստֆակտում հետաքրքիր վարքագծով: Նախ ԱՄՆ ռազմական կցորդը հուլիսյան մարտերից հետ մասնակցեց Հայաստանում մեկնարկած ամառային զորակոչին, դիտարկելով դրա ընթացքը: Հետո ԱՄՆ ռազմական կցորդը դեսպան Թրեյսիի հետ այցելեց արդեն Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:

Հայաստանում թավշյա հեղափոխությունից մի քանի ամիս անց այն ժամանակ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը շոշափում էր ռեգիոնալ նոր իրողությունները, փորձելով հասկանալ Հայաստանում տեղի ունեցածն ու դրա հնարավոր ազդեցությունը ռեգիոնալ հեռանկարների առումով: Այդ հարցերի սպառիչ պատասխանը Հայաստանը տվեց 2020 թվականի հուլիսին Տավուշում՝ հայկական պետականությունը ռեգիոնալ անվտանգության եւ կայունության հուսալի եւ ինքնիշխան  առանցք է: Եվ ԱՄՆ ակնհայտորեն ճանաչել է այդ պատասխանը, կամ այլ կերպ ասած՝ ճանաչել է իրողությունները, ինչպես ԱՄՆ նախագահ Թրամփը «վերնագրում» էր Իսրայելի եւ մերձավորարեւելյան անվտանգային համակարգի առնչությամբ իր քաղաքականությունը:

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը այդ իմաստով թերեւս գտնվում է ոչ թե երկրորդ փուլի, այլ սկզբունքորեն նոր մեկնակետի փուլում:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •