paterazm

«Իրադարձությունները զարգանում են շատ վատ սցենարով։ Դա նշանակում է, որ կողմերը դուրս են եկել բանակցային գործընթացից և անցել են ռազմական առճակատման, ինչը շատ վատ է»,- նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրավիճակին։

Շարունակելով՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Հիմա բոլորը մտածում են՝ այս պատերազմն ինչ բնույթ կունենա՝ կլինի երկար ու գլոբա՞լ, թե՞ արտաքին խաղացողներին կհաջողվի լոկալիզացնել այս կոնֆլիկտը։ Դուք գիտեք, որ ակտիվանում է Մոսկվան, արդեն կա ՌԴ ԱԳՆ-ի կողմից հայտարարություն, սպասում ենք ՊՆ-ի կողմից հայտարարություն։ Չենք բացառում նաև, որ այս իրավիճակին կմիջամտի անձամբ Պուտինը։ Միջազգային հանրությունը՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը, ևս հանդես են գալիս իրավիճակի հանդարտեցման կոչերով»։

Ստանիսլավ Տարասովը նշեց՝ աչք էր ծակում այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը տեղեկատվական պատրաստություն էր տեսնում. «Հասկանալի է մեկ բան՝ բլից-կրիգ չստացվեց, կողմերը պատրաստ էին այս սցենարին։ Հայկական կողմին չենք կարող մեղադրել, թե նա ուզեցել է ևս մեկ շրջան գրավել։ Դա հիմարություն կլինի։ Պետք է պարզենք ներկայիս սրացման խոր պատճառները։ Ամենայն հավանականությամբ, խոսքը Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններն են, որոնց բախվել է Ալիևը։ Արդյո՞ք Թուրքիան այս անգամ ևս ակտիվ ներգրավվածություն կունենա, ինչպե՞ս կծավալվի Անկարայի ու Մոսկվայի միջև երկխոսությունը։ Սրանք կարևոր հարցեր են։

Կախված այն բանից, թե առաջիկա ժամերի ու օրերի ընթացքում ինչպես կծավալվեն իրադարձությունները՝ շատ բան կորոշվի, այդ թվում՝ ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ասաց՝ այս պահի դրությամբ Երևանն իրեն հանգիստ ու գրագետ է պահում. «Կային մեղադրանքներ, թե Երևանը տապալել է բանակցությունները, բայց երբ Փաշինյանը խոսում էր Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու մասին, նա դա բանակցությունները սկսելու նախապայման չէր համարում։ Չնայած Բաքուն խաղաց դրա վրա։ Կարճ ասած՝ կողմերից մեկը ազնիվ չէր խաղում»։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •