Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) այսօր դաս չկա, փոխարենը բուհի բակում բաց քննարկում է։

Հավաքվել են ուսանողներն ու դասախոսական կազմը։ Հավաքի պատճառը ՀՀ Կառավարության՝ ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի արդյունքները դեռեւս չհաստատելն է։ Հավաքվածներն այսօր արդեն չեն պնդել, թե մինչեւ արդյունքների հաստատումը դասապրոցեսը չի վերսկսվելու: Ասել են, որ դա կարող է տեղի ունենալ նույնիսկ մեկ-երկու օրից, քննարկան արդյունքում կհասկանան:

Հիշեցնենք, որ ռեկտորի ընտրության մրցույթը տեղի էր ունեցել հուլիսի 17-ին, եւ հաղթել էր Դիանա Գալոյանը։ Քննարկման ժամանակ ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունները կատարող, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանն ուսանողներին ներկայացրեց ստեղծված իրավիճակը, ուսումնական գործընթացի դադարեցման պատճառը։ Նրա խոսքով՝ բուհի երկարաժամկետ զարգացման հնարավորություն են ցանկանում ունենալ, մինչդեռ դա չկա, քանի որ բուհը տեւական ժամանակ ղեկավարում են ռեկտորի պաշտոնակատարները։

Բուհն անորոշ վիճակից տուժում է։ Նշենք, որ քննարկման նպատակն այն է նաեւ, որ իրենց դժգոհությունը ներկայացնեն ուսանողները։ Բուհի ուսանողական խորհրդի նախագահը, օրինակ, նշեց, որ ճիշտ կլինի, որ դասերը որքան հնարավոր է շուտ սկսվեն։

«Դասապրոցեսի երկար խաթարումը որեւէ մեկի՝ ո՛չ անձամբ իմ, ո՛չ անձնակազմի, ո՛չ էլ ուսանողների համար պայքարի ընդունելի տարբերակ չէ: Սա պարզապես գործիք է, որը կարող է լսելի դարձնել անձնակազմի ձայնը»,- ասաց Դիանա Գալոյանը:

Գալոյանի խոսքով՝ դասապրոցեսը երկար խաթարված մնալ չի կարող, եւ մրցույթի արդյունքների հաստատումն ուշացնելու դեպքում՝ կարող են ընտրել այլ գործիքակազմ: Թե հատկապես ինչ գործիքակազմի մասին է խոսքը, դեռ հստակ չէ: Կազմկոմիտեն դեռ պետք է քննարկի:

Նա նշեց, որ բուհում կա խնդիր. ռեկտորի պաշտոնը թափուր է արդեն երկու տարի: Համալսարանը խնդիրը լուծելու ուղիներ է փնտրում: Օրինակ՝ մեկ ամիս առաջ բուհի Գիտական խորհուրդը նամակով դիմել է ՀՀ վարչապետին եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին՝ խնդրելով հաստատել մրցույթի արդյունքները կամ պարզաբանել՝ ինչո՞ւ է ձգձգվում հաստատումը: Պատասխան չեն ստացել: Այնուհետեւ անձնակազմը գնացել է ՀՀ կառավարության շենք, այնտեղից էլ խոստացել են 1-2 ժամից պատասխանել, սակայն պատասխան նորից չեն ստացել:

Գալոյանը, սակայն, չգիտի՝ ո՞րն է ձգձգման պատճատը, ինչպես նշեց, հենց դա են ցանկանում պարզել: Նա հավելեց, որ բուհի անձնակազմն ու ինքը միասնական կարծիք ունեն հարցի վերաբերյալ:

Արդյո՞ք նոր մրցույթ հնարավոր է հայտարարել. հարցին անդրադարձավ ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը: Ինչպես տեղեկացրեց, ՀՊՏՀ ռեկտորի նոր մրցույթ այս պահին պարզապես հնարավոր չէ իրականացնել: Ոչ էլ հնարավոր է բուհի կազմակերպաիրավական ձեւը փոխել: Մրցույթը կայացել է, արդյունքում ընտրվել է ռեկտոր, պետք է նրան նշանակել:

«Եթե անգամ մտադրություն կա, որ Գալոյանը չլինի ռեկտոր, պետք է նրան նշանակես ու պարտադրես հրաժարական տալ»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունն անգամ չունի հնարավորություն՝ քննարկել ու կայացնել այլ որոշում:

«Կառավարությունը պետք է հաշվի առնի, որ իրավիճակը երկար չպետք է այսպես մնա: 2016 թվականին, երբ ընդունվեցի, բուհն առաջին տեղում էր, այժմ այս վիճակի պատճառով բուհի վարկանիշն է իջնում»,- նշեց ՀՊՏՀ բակում բաց քննարկմանը մասնակցող ուսանողներից մեկը:

Նրանցից մյուսն էլ ընդգծեց, որ ցանկանում են ռեկտորի պաշտոնում տեսնել հենց Դիանա Գալոյանին, այդ պատճառով էլ հավաքվել են. «Այս ամենին վերաբերում եմ լավատեսորեն, համալսարանը պետք է ունենա նորմալ ռեկտոր, որ դասերը պատշաճ ձեւով կարողանանք կազմակերպել, բուհը ունենա բարեկիրթ վիճակ»:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •