HHK

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախօրեին հերթական անգամ կրկնել էր ավելի վաղ արտահայտած, նաև հետագայում այլ կուսակիցների կրկնած միտքը, որ առանց ՀՀԿ-ի ընդդիմությունը չունի իշխանափոխության շանս: Խոսքը հասկանալիորեն այն ընդդիմության մասին է, որը սերում է կառավարող նախկին համակարգից կամ էապես ասոցացվում դրան:

Այն, որ ՀՀԿ-ն հերթական անգամ կրկնում է այդ միտքը, վկայում է, որ այդուհանդերձ կա այդպիսի փորձ՝ առանց ՀՀԿ-ի իշխանափոխության կամ քաղաքական հաջողության հասնելու փորձ: Այլապես ինչ կարիք կար պարբերաբար կրկնելու դա և դրանով իսկ մեդիափորձագիտական դաշտին տալու այդ հարցը դիտարկելու ավելորդ հնարավորություն կամ առիթ:

Սակայն հարցը թերևս միայն առանց ՀՀԿ-ի իշխանափոխություն իրականացնելը չէ: Դրա տեսանելի հեռանկար՝ ՀՀԿ-ով, թե առանց ՀՀԿ-ի, Հայաստանի քաղաքական դաշտում առայժմ առկա չէ: Չկա ուժերի անհրաժեշտ հարաբերակցություն: Հնարավոր է անգամ գործնականում դիտարկել հեռանկար, երբ հաջողվում է ստեղծել իրավիճակ, որը իշխանությանը մղում է խորհրդարանի արտահերթ ընտրության գնալու քաղաքական որոշման, բայց նույնիսկ դա ոչ թե իշխանափոխության, այլ ընդամենը իշխանության հանդեպ ուժերի հարաբերակցության փոփոխության արձանագրման միջոց է: Եվ այստեղ է թերևս առանցքային հարցը և տողատակը կամ համատեքստը, որ առկա է ՀՀԿ-ի հիշեցումների առումով:

Հարցն այն չէ, որ առանց ՀՀԿ-ի կա իշխանափոխության հասնելու նախկին համակարգից սերող փորձ: Հարցը հենց ՀՀԿ-ն ընդհանրապես լուսանցք մղելու փորձի մասին է, որ կիրառում են նախկին համակարգը ներկայացնող, դրանից սերող ուժերը, որոնք այսօր ներկայանում են մի քանի ձևաչափով: Արմեն Աշոտյանի խոսքը ուղիղ իմաստով վերաբերում է առանց ՀՀԿ-ի նրանց իշխանության հասնելու անհնարինությանը, բայց խորքային առումով այդ խոսքը ՀՀԿ-ին լուսանցք մղելու անհնարինության մասին է, այն մասին, որ նախկին համակագը ներկայացնող ուժերը չեն կարող ՀՀԿ-ն դուրս դնել այդ համակարգի վարքագծային կառավարելիությունը կանխորոշող ուժերի շրջանակից և որոշումներ կայացնել առանց Հանրապետականի:

Իսկ, այսպես ասած, ընդդիմադիր դաշտում, որ ներառում է նախկին համակարգը և նաև այդ համակարգի հետ ասոցացվող արտաքին շրջանակների շահերը, ներկայումս օրակարգում հենց այդ հարցն է՝ իշխանափոխության հարցը «իլյուստրացիա» է:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •