Տնտեսագիտական համալսարանի ուսանողները եւ դասախոսները հավաքվել են ՀՀ Կառավարության շենքի դիմաց եւ պահանջում են, որ Դիանա Գալոյանը վերջապես հաստատվի բուհի ռեկտորի պաշտոնում։

Ասում են՝ հոգնել են տիրող անորոշությունից, արդեն տեւական ժամանակն է՝ բուհը ղեկավարում են պաշտոնակատարները։ Բուհի պրոռեկտոր Արմեն Գրիգորյանի խոսքով՝ նախկին պաշտոնակատարը՝ Ռուբեն Հայրապետյանը, բուհում մի շարք անօրինություններ է արել, անձնակազմին գրգռել իր դեմ, այդ պատճառով հարցը նրա հրաժարականին է հասել։

Այնուհետեւ եկել է Դիանա Գալոյանը, որին Հայրապետյանը նույնաբովանդակ մեղադրանքներ է հղել, սակայն ստեղծվել է ականավոր մարդանցից կազմված հանձնաժողով, եւ պարզ է դարձել, որ Գալոյանի գիտական աշխատանքում համընկնումներ կան, սակայն այն գիտականության վրա չի ազդում. «Մենք հավաքվել ենք իր շուրջ, որովհետեւ նա անձնապաշտությունից համալսարանը տարել է դեպի գաղափարապաշտություն։ Հետայսու մենք ազատ մարդանց համալսարան ենք, անկախ քաղաքական ու կրոնական հայացքներից»։

Նրա խոսքով՝ մեկ տարվա ընթացքում համալսարանի խնայողություններն աճել են 444 միլիոն դրամով։ Հավաքվածները նշում են՝ բոլորով են ընտրել Գալոյանին ու ցանկանում են՝ նա իրենց բուհը ղեկավարի։ Ներկաների մեջ է նաեւ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը հավաքվածների պահանջն օրինական է համարում։

Նրա խոսքով՝ խորհուրդն օրինական ընտրել է ռեկտորին, այժմ Կառավարությունը չի ընդունում որոշում, իսկ բուհը անորոշության պայմաններում չի կարող լինել։ Դասախոսներից Յուրի Հովականյանը նշեց, որ արժանավոր է համարում Գալոյանին՝ ի տարբերություն նախորդի: Նրա խոսքով՝ Գալոյանը հասուն է, կազմակերպչական ընդունակություններ ունի, գիտի վարվել ինչպես ավագի, այնպես էլ կրտսերի հետ, հարգում են նրան դասախոսներն ու ուսանողները։ Հավաքվածները պնդում են՝ որեւէ քաղաքական պահանջ չունեն, ուղղորդված չեն, ու չի կարող ոչ ոք այսքան մարդու ստիպել, որ հավաքվեն գան այստեղ։

Նշենք, որ պրոռեկտորը եւս 3 հոգու հետ այսօր Կառավարության շենքում հարցը ներկայացրել է։ Նրանց, սակայն, պատասխան դեռ չեն տվել, այն կլինի ավելի ուշ։ Այդ ընթացքում համալսարանում կսպասեն, իսկ բաց թողած դասերը լրացնելու են։

Հիշեցնենք, որ տնտեսագիտական համալսարանի խորհուրդը ռեկտորի մրցույթ էր անցկացրել հուլիսի 17-ին: Այդ պաշտոնում ընտրվել էր Դիանա Գալոյանը: Տեղի ունեցող մրցույթին զուգահեռ հայտնի էր դարձել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի հրամանը, ըստ որի՝ Դիանա Գալոյանը զրկվել էր դոկտորի գիտական աստիճանից, մինչդեռ դրա առկայությունը կարեւոր պայման է՝ ռեկտորի պաշտոնի հավակնորդների համար: Այդուհանդերձ, Գալոյանն ընտրվել էր, իսկ ավելի ուշ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով չեղարկվել էր նրան՝ գիտական աստիճանից զրկելու որոշումը: Այդուհանդերձ, թափուր պաշտոնի մրցույթից երկու ամիս է անցել, բայց Գալոյանի հաստատումն այդ պաշտոնում դեռ տեղի չի ունեցել: Կառավարությունը պատճառների մասին առայժմ լռում է:

Թե՛ Դիանա Գալոյանին եւ թե՛ դրանից առաջ նախկին ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին մեղադրում էին դոկտորական ատենախոսության մեջ գրագողություն անելու, հղումները պատշաճ չներկայացնելու համար: Հենց դա էլ, ըստ էության, դարձավ Հայրապետյանի հրաժարականի պատճառը, թեպետ խնդիրը, իհարկե, ի հայտ էր եկել այն բանից հետո, երբ նա ձեռնամուխ էր եղել նոր ու խիստ չափորոշիչներով դասախոսների մրցույթ անցկացնելուն:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •