mak

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Տեղի է ունեցել փակ քննարկում, քննարկման արդյունքով ՄԱԿ-ի ԱԽ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներն անհանգստություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդումների առնչությամբ։

ԱԽ անդամները վճռականորեն դատապարտում են ուժի գործադրումն ու ցավում՝ զինծառայողների ու քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ։

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներն աջակցում են կազմակերպության Գլխավոր քարտուղարի՝ կողմերին ուղղված կոչին՝ հորդորելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունն ու անմիջապես վերադառնալ կառուցողական բանակցությունների դաշտ։

ԱԽ անդամները հայտարարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին լիակատար աջակցության մասին ու կոչ անում կողմերին համագործակցել նրանց հետ՝ առանց նախապայմանների երկխոսության շուտափույթ վերսկսման համար»։

Ավելի վաղ ՄԱԿ-ում Նիգերի մշտական ներկայացուցիչ Աբդու Աբարին քննարկման արդյունքներով հայտնել էր, որ չի բացառվում հակամարտության կողմերի ներկայացուցիչների հետ հանդիպման անցկացումը, ինչի մասին 2 երկրների ԱԳ նախարարները կտեղեկանան:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացման հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու համար հայտ էին ներկայացրել Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, էստոնիան ու Բելգիան: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախքան քննարկման անցկացումը հեռախոսազրույցներ էր ունեցել Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ վարչապետ հետ: Նա կոչ էր արել անհապաղ դադարեցնել կրակը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վերադառնալ բանակցային դաշտ:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •