Tavush gyux

Արցախի Մարտունի քաղաքի բնակիչները լրագրողներին պատմեցին, որ մտադիր չեն հեռանալ իրենց բնակավայրից:

Նրանցից մեկը ցույց տվեց տների կիսաքանդ պատերը, պատմեց որ ադրբեջանական կողմի գործողությունների հետեւանքով մահացել են իր զոքանչն ու հարեւանի յոթ տարեկան երեխան: Նա նաեւ հավելեց, որ իր փոքր երեխան եւ կինը Ստեփանակերտում են, վիրավոր են, երկու հարեւանների կանայք նույնպես վիրավոր են:

Թե ինչով է եղել կրակոցը, տղամարդը դժվարացավ պատասխանել, բայց ասաց, որ ուժգին ձայն է եղել: «Ֆռում եմ, գալիս եմ էստեղ, տեսնում՝ ծուխ, սաղ պառկած ստեղ՝ կինս, զոնքաջս, երկու երեխաներ»,- ասաց բնակիչը, շեշտելով, որ չորս անգամ կրակել են միայն իր տան ուղղությամբ եւ այդ քաղաքում առաջին կրակոցը եղել է իր տան ուղղությամբ:

Նրա խոսքով՝ այս պահի իրադարձությունները նույնն են, ինչ 2016-ին, պարզապես հիմա մի քիչ ավելի շատ են «խփում»: «Բայց սենց էլ չի լինի, ավելի լավ է՝ մինչեւ վերջ կռվենք: Ես պատրաստ եմ կռվել, մահանալ, բայց էս հարցի լուծումը տանք: Սենց չի լինի, ոչ կռիվ ա, ոչ՝ խաղաղություն»,- ասաց բնակիչը՝ շեշտելով, որ ամեն ինչի էլ մեր հայ ժողովուրդը պատրաստ է:

Մարտունի քաղաքի մեկ այլ բնակիչ նույնպես պատմեց, թե ինչպես է եղել ռմբակոծությունը: «Ստեղ կանգնած էի, երեկ չէ առաջին օրը, սնարյադը եկավ, հարսս փախավ դրսից, գնաց հարեւանի տուն, ես վազեցի… հայ, մեռնում եմ, մեռնում եմ, գնացի, տեսա՝ ընկած, մեռած: Հարսս մահացել ա, աղջիկս՝ վիրավորված, թոռնիկս՝ մեկ տարեկան յոթ ամսեկան, ոտքից վիրավոր»,- ասաց տղամարդն ու ցույց տվեց ամբողջովին փլուզված մի կառույց, որը եղել է իր ամբողջ ունեցվածքը:

Նա պատմեց նաեւ, որ այսօր արդեն մոտ քսան անգամ կրակել են քաղաքի ուղղությամբ, բայց եւ ինքը ոչ մի տեղ չի գնալու: «Չէ, չէ, չեմ գնալու: Տեղ չունեմ գնալու, երկու ախպերներս սպանված են, հերս, մերս չկան, մենակ մարդ եմ մնացել: Հարսս էլ մահացավ, էլ ինչ պիտի անեմ»,- ասաց բնակիչն ու սկսեց արտասվել:

Մի քանի այլ բնակիչներ նույնպես պնդեցին, որ չեն գնալու հայրենի քաղաքից եւ, որ պատրաստ են ամեն ինչի, միայն թե այս ամենն ավարտվի:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •