Անհամբերությամբ սպասում եմ մեր բարեկամության ամրապնդմանը առաջիկա տարվա ընթացքում, Հայաստանի Անկախության տոնի առիթով շնորհավորելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Արդյո՞ք Թրամփի հայտարարությունը վկայում է, որ առաջիկա տարվա ընթացքում նախատեսվում է որևէ իրադարձություն, որը կամրապնդի հայ-ամերիկյան հարաբերությունը:

Համենայն դեպս, անհամբերությունը, որ կիրառում է Թրամփը, խոսում է հենց շատ կոնկրետ իրողության սպասման մասին: Ի՞նչ ոլորտում է այն տեղի ունենալու: Թե որքան կարևոր է հայ-ամերիկյան հարաբերությունը Հայաստանի համար կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում, թերևս չունի ավելորդ մեկնաբանության կարիք, սակայն ընդհանրացնելով այդ կարևորությունը, հարկ է թերևս արձանագրել Հայաստանի համար առանցքային հանգամանքը` անվտանգություն և ինքնիշխանություն:

Հենց այդ առումով է, որ Միացյալ Նահանգների հետ սերտ հարաբերությունը Հայաստանի համար ապահովում է դիվերսիֆիկացիա, որն էլ թույլ է տալիս ավելի ճկուն լինել անվտանգության ու ինքնիշխանության հարցերում: Դրանք են ներկայումս համաշխարհային իրողությունների և մասնավորապես ռեգիոնալ իրադրության բերումով Հայաստանի համար գերակա մարտահրավերները, հաշվի առնելով մի շարք տրանսֆորմացիոն գործընթացներ` ռուս-թուրքական հարաբերություն, հայ-ռուսական հարաբերություն, ռեգիոնալ անվտանգային համակարգի շուրջ զարգացումներ և թուրքական ագրեսիվության նկատելի աճ, Ադրբեջանի հանդեպ թուրքական գերակայության ամրագրում և Բաքվի փոխարինում Անկարայով: Այդ ամենը Հայաստանի անվտանգային քաղաքականության ինքնիշխանության հարցը դարձնում է էլ ավելի հրատապ, ինչն էլ իր հերթին էապես պայմանավորված է լինելու համաշխարհային թիվ մեկ բևեռի, թիվ մեկ և, թերևս, այս պահին դեռևս միակ գերտերության հետ հարաբերության սերտ և հագեցած բնույթով:

Թե հատկապես ինչ ոլորտներում կգնա հիմնական ծավալումը, այստեղ, իհարկե, հարցն այլ է, որովհետև հայ-ամերիկյան գործակցությունն այդ իմաստով մշտապես աչքի է ընկել բավականին լայն դիապազոնով: Ակնառու է մի բան, որ այն իսկապես ունի նոր շնչի անհրաժեշտություն, ընդ որում՝ ոչ թե որևէ երրորդ կողմի դեմ, այլ հենց երկկողմ համատեքստում: Ի վերջո, Հայաստանի հետ իրապես բարեկամական շահով, իրապես փոխկապակցված հետաքրքրությամբ անկեղծ և առարկայորեն շահագրգռված որևէ երրորդ կողմի համար միայն կարող է շահեկան լինել հայ-ամերիկյան հարաբերության սերտացումը, քանի որ այն նպաստելով Հայաստանի պաշտպանվածությանը, անկախ այդ երրորդ կողմի ԱՄՆ հետ հարաբերությունից, անուղղակի իր էֆեկտն է թողնելու նաև ռեգիոնալ անվտանգության համակարգում Հայաստանի կարողունակության ու ինքնիշխանության գործում: Իսկ դա այն է, ինչ առաջնային անհրաժեշտություն է Հարավային Կովկասում կայունությամբ շահագրգռված որևէ սուբյեկտի համար:
Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •