Վերջին երկու օրերի ընթացքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն էականորեն ավելացել է 200-ից՝ նախորդ օրը 257, երեկ՝ 295 դեպք է գրանցվել։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի սկզբում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ճիշտ է, հայտնաբերման տոկոսը մեզ մոտ բավական բարձր է, այսինքն՝ թեստերի թիվը մեծ է, երեկ ունեցել ենք 4319 թեստ, նախորդ օրը՝  4135։ Ես հիշեցնեմ, որ ամենաբարդ շրջանում մեր թեստերի մաքսիմալ ծավալը 3000-ի չի հասել։ Բայց այնուամենայնիվ, միտումն անհանգստացնող է, և ես կարծում եմ, որ մենք մեր բոլորի և հանրության ուշադրությունը պետք է հրավիրենք այս խնդրի վրա։ Օրինակ՝ ես երեկ մարտից հետո առաջին անգամ Երևանում խցանում նկատեցի։ Թերևս դա կապված է դպրոցների բացման հետ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ վերլուծություն կա՞, թե  թվերի աճն ինչի հետ է կապված։ Ավանեսյանն ասաց, որ թեստավորուների թիվը մեծ է, այդ պատճառով էլ բացարձակ թվով դրական դեպքերի թիվը մեծ է։

«Բայց մենք նաև նկատում ենք թեստավորման մեջ նաև տոկոսային աճ, այսօր մոտ 7 տոկոս է կազմում, ինչը մեզ համար մտահոգիչ է։ Մենք մեր վերլուծությունների արդյունքում կարծում ենք, որ այս աճի միտումը կապված է մինչդպրոցական շրջանի ակտիվացման և տեղաշարժի ավելի ակտիվացման հետ՝ մինչդպրոցական առևտուր անելու, հանգստյան տներից վերադառնալու»,- ասաց փոխնախարարը։ Ավանեսյանը հավելեց, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում արդեն տեսանելի կլինի, թե դպրոցների բացման արդյունքում ինչ իրավիճակ է համաճարակային առումով։

Նրա խոսքով՝ թեև արտակարգ դրության ռեժիմն ավարտվել է, բայց կանոնները խստորեն պետք է պահպանել։ Վիճակագրությունը փաստում է՝ միայն կանոնների խստորեն պահպանման արդյունքում կարող ենք զսպել աճի միտումը և աշնան ընթացքում չունենանք թվերի կտրուկ վերելք, ինչը առողջապահական համակարգում մեծ լարում է առաջացնում։

Պետք է շարունակել կրել դիմակներ, պահպանել անվտանգության կանոնները։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք պետք է առավել հետևողական լինենք այս հարցում, ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնի։ Այս ընթացքում պետք է նաև օրինականությունը, քաղաքացիների արժանապատվությունը, իրավունքները լիարժեք պահպանվեն։ Երեկ ԱԺ-ում ասում են՝ գիտեք՝ ոստիկանությունը տուգանում է միայն այն դեպքում, երբ միայն քիթն է բացում։ Կներեք, բայց այդ վիրուսի մարդու օրգանիզմ ներթափանցելու թիվ մեկ գործիքը քիթն է։ Դա շնչառական վիրուս է, դիմակը ծնոտը փակելու համար չէ, քիթն ու բերանը փակելու համար է։ Դիմակը պետք է կրել այնպես, որ քիթն ու բերանը փակված լինեն»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ կորոնավիրուսի դեպքերի նվազմանը զուգահեռ առողջապահական հզորությունները հետ են ծավալվել, բայց դրանք պատրաստ են ցանկացած պահի նորից ամբողջությամբ անցնել կորոնավիրուսի դեպքերի սպասարկմանը։
«Սա անհարմարություն է, բայց մենք այդ անհարմարությունը պետք է կրենք, որովհետև մարդկանց կյանքերի հետ գործ ունենք։ Մենք արդեն կորոնավիրուսից մահացած 925 մարդ ունենք, 283 հոգի կորոնավիրուսով վարակված մահացել են այլ պատճառներով։ Երբ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում այլ երկրներում, ես ավելի եմ համոզվում, որ մենք պետք է շարունակենք գնալ այն ճանապարհով, որ պետք է սովորենք կորոնավիրուսի հետ ապրել՝ առանց խիստ սահմանափակումների։ Բայց դա հնարավոր է միայն այն պարագայում, երբ մեր առողջապահական հիմնարկները պատրաստ են սպասարկել, բուժել բոլոր քաղաքացիներին։ Մենք չենք կարող մեր տնտեսությունը կոնսերվացնել, և զուգահեռ պետք է այս ճանապարհով գնալ։ Հուլիսին, օրինակ, մենք եզրին էինք, օրեր ենք ունեցել, երբ մեր վերակենդանացման բաժանմունքներում 1, 2, 3 ազատ տեղ է եղել ընդամենը, բայց մենք կարողացել ենք այդ իրավիճակը հաղթահարել։ Եվ ըստ էության ոչ մի քաղաքացու առանց բժշկական օգնության չենք թողել»,- ասաց Փաշինյանը։
Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •