Erdoghan Putin

Ռուսաստանը հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության վերաբերյալ Թուրքիայի հայտարարություններին՝ սեպտեմբերի 30-ին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա դարձյալ կրկնել է միտքը, որ այդպիսով Թուրքիան յուղ է լցնում կրակին: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Թուրքիան կրակին յուղ է լցնում ոչ թե զուտ քաղաքական աջակցությամբ, այլ ռազմական և ռազմատեխնիկական, մինչդեռ Պեսկովը կարծես թե լռում է այդ առնչությամբ և չի նշում, որ Մոսկվան հավանություն չի տալիս Թուրքիայի ռազմական աջակցությանը:

Իհարկե, մյուս կողմից՝ իրական քաղաքականության ռեժիմում ռազմականը քաղաքականության մի բաղադրիչ է, և նկատի ունենալով քաղաքական աջակցությունը՝ Պեսկովը կարող է նկատի առնել դրա բոլոր, այդ թվում՝ ռազմական բաղադրիչները: Առավել ևս, որ նա հայտարարել է նաև, թե ռուս զինվորականներն ուշադրությամբ հետևում են զարգացումներին և վերլուծում դրանք: Դա նշանակալի հայտարարություն է, ակնարկ թերևս այն մասին, որ ռուս զինվորականները շատ ավելի մոտ են իրադարձություններին, քան դա կարող է թվալ առերևույթ, որովհետև զինվորականության տեսանկյունից իրադարձությունները և ռազմական զարգացումները վերլուծելու համար պետք է տիրապետել դրանց ամենայն մանրամասնությամբ, որովհետև ռազմական իրադրության վերլուծությունը գործնականում հնարավոր է դասել անգամ «ճշգրիտ գիտության» դասին, հետևաբար կարևոր է դառնում ամեն մանրուք:

Այդ իմաստով Պեսկովի հայտարարությունը դառնում է իսկապես ուշագրավ՝ հատկապես նրա հայտարարությունների դինամիկայի համատեքստում, որ ծավալվում է անցնող օրերի ընթացքում: Սեպտեմբերի 28-ի, 29-ի և 30-ի դինամիկայի մեջ բավականին նկատելի է Թուրքիային ուղղված մեսիջների որոշակիությունը, հատկապես այն հայտարարության ֆոնին, որ «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում արել է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն: Նա հայտարարել է, որ Ռուսաստանին առաջարկել են աշխատել միասին՝ ինչպես Սիրիայում, բայց Մոսկվան չի համաձայնել՝ ասելով, թե նախ պետք է դադարեցվի պատերազմը:

Ըստ ամենայնի դրանով է պայմանավորված նաև թուրքական ռազմական միջամտության ինտենսիվացումը, քանի որ պատերազմ դադարեցնելը՝ առանց որևէ ռազմական հաջողության, անգամ որևէ էական կորուստ չունենալու դեպքում, Ալիևի համար նշանակելու է պարտություն: Թուրքիայի համար գուցե ոչ այնքան, բայց տվյալ պարագայում Անկարան հայտնվում է մի վիճակում, երբ կա՛մ պետք է ամեն գնով հասնի գոնե նվազագույն ռազմական հաջողության, կա՛մ արագորեն գտնի Ալիևի պարտության հարցը լուծելու ներադրբեջանական միջոցներ: Հայկական ուժերն ու հայությունը պետք է շարունակեն Անկարայի ու Բաքվի համար այդ դիլեմայի խորացումը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •