Ռուսաստանից ֆինասավորվող գործակալները ուշադրությամբ հետեւում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերին: Այս մասին ասվում է ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած զեկույցում եւ ավելին՝ ընդգծվում, որ Փաշինյանը նույնիսկ օպերատիվ մականուն ունի՝ «Մորուք»:

«Դոսյե» կենտրոնը, որ ըստ տեղեկությունների պատկանում է Կրեմլի ամենասուր քննադատներից, վտարանդու կարգավիճակով արտասահմանում գտնվող միլիարդատեր Վլադիմիր Խոդորկովսկուն, հանդես է եկել հրապարակումներով, որոնք վերաբերում են հարեւան երկրների, այդ թվում Հայաստանի ներքին գործերին Կրեմլի միջամտությանը:

Կենտրոնը վստահեցնում է, որ հրապարակումներն արված են բազմաթիվ փաստաթղթերի ուսումնասիրության վրա հենվելով: Եվ ահա, ըստ այդմ՝ Ռուսաստանը այլ երկրների գործերին միջամտում է ՌԴ արտաքին հետախուզության գեներալ Վլադիմիր Չերնովի ղեկավարությամբ գործող ցանցի կողմից:

Իր տրամադրության տակ հայտնված գաղտնի փաստաթղթերից «Դոսյե»-ն պարզել է, որ Չերնովը տարածաշրջանում ամենամեծ հաջողություններին հասել է Հայաստանում, որտեղ գործում է «Ռուսաստանի բարեկամների» մի ամբողջ ցանց: Վերջիններս, ըստ կենտրոնի, ՀՀ-ում գործում են ինչպես հրապարակային, այնպես էլ ընդհատակյա։ Դարձյալ ըստ հրապարակման՝ նրանք ամենուր են՝ Կառավարություն, խորհրդարան, ԱԳՆ, հատուկ ծառայություններ եւ այլն: Նրանց աշխատանքն է՝ աղբյուրների որոնումը, տեղեկությունների հավաքագրումն ու վերլուծությունը, ինչպես նաեւ հակաքարոզչությունը։

Ահա այս «բարեկամները», «Դոսյե»-ի փոխանցմամբ, Հայաստանում 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո հսկում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը գաղտնի զեկույցներում ներկայացվում է որպես «Սորոսի հիմնադրամի դրածո»։

Օրինակ Չերնովի ղեկավարությամբ գործող անձանցից մեկը, որի անունն է Սվետլանա Մաքսիմովա, զեկուցել է. «Մինչեւ օգոստոս, ինչպես Միշան էր խոստանում, Նիկոլին չեզոքացնել չհաջողվեց: Հիմա, ամենայն հավանականությամբ, գործի կդրվի կոշտ սցենարը»:

Մեկ այլ դեպքում նա հայտնել է. «Ստացվում է` Փաշինյանը իր չափերը չի ճանաչում, դե, դե, սպասենք, տեսնենք, ինչպես է սայթաքելու: Եվ շնորհակալություն հայտնենք նրան, որ միանգամից այսքան արեւմտամետ ձրիակերների բացահայտեց»: Ով է Սվետլանա Մաքսիմովան, ով է Միշան, «Դոսյե»-ի հրապարակման մեջ չի հստակեցվում: Հետաքրքիր է, որ ըստ հրապարակման նա հետեւում է նաեւ Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանին, որի վերաբերյալ կենտրոնի հրապարակման մեջ նշված է՝ «արեւմտամետ»: Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա ըստ հրապարակման՝ նրա մասին կոմպրոմատ է ուղարկում նաեւ «Թեկնածու» (Кандидат) կեղծանունով մեկ այլ աղբյուր: Նրա ով լինելը եւս չի հստակեցվում: Միայն նշվում է, որ վերջինս իր ղեկավարներին զեկուցել է.

«Հայաստանի ղեկավարը չի ձգտել սերտորեն համագործակցել կոլեկտիվ անվտանգության պայմանագրի գործընկերների հետ: Ավելին, Ն.Փաշինյանը կասկածի տակ է դրել ՀԱՊԿ-ին ե նույնիսկ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցությունը պահպանելու նպատակահարմարությունը: Դրա հետ միասին, նա բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ՀԱՊԿ-ի նկատմամբ՝ հրամայելով ձերբակալել կազմակերպության ներկայիս գլխավոր քարտուղարին՝ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին»: Ավելին, այստեղ խոսք է գնում նաեւ Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթին Փաշինյանի չմասնակցության մասին, նրա բերած պատճառը անվանվում է անտեղի:

Հրապարակման մեջ նշվում է նաեւ, որ «Ռուսաստանի բարեկամները» չեն վախենում գաղտնազերծումից, քանի որ ՀՀ ԱԱԾ-ն անվանում են ռուսական ԱԱԾ-ի՝ «Լուբյանկայի մասնաճյուղ»: Այդ առումով հիշատակվում է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի անունը, որն, ըստ քննության նյութերի վերջերս ինքնասպան եղավ, ինչպես նաեւ Արթուր Վանեցյանի անունը: «Վերջինս ԱԱԾ-ի ղեկավար պաշտոնում աշխատեց մոտ մեկ տարի, պաշտոնանկությունից հետո դարձավ Փաշինյանի կոշտ քննադատը, եւ հիմա նրան հաճախ են տեսնում Մոսկվայում` ազդեցիկ գործարարների ընկերակցությամբ», – գրում է «Դոսյե»-ն: Խոսք կա նույնիսկ 90-ականներին ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Կառլոս Պետրոսյանի մասին: Ըստ հրապարակման՝ 2004 թվականին պաշտոնից ազատվելուց հետո նա ՌԴ քաղաքացիություն է ստացել եւ ապրում է Մոսկվայի Կոմպոզիտորների տանը, որտեղ 200 մլն ռուբլի արժողությամբ բնակարան է գնել։ Բացի այդ, Պետրոսյանին է հանձնվել մերձմովկովյան Մալախովկայում գտնվող ՊԱԿ-ի նախկին ամառանոցը։

Չերնովի ղեկավարած կառույցի փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում գտնվել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնագրի պատճենը։ Անձնագրի պատճենը պահելու պատճառը չի նշվում, փոխարենը նշվում է, որ նա Մոսկվայի հաճախակի հյուրն է, իսկ 2019 թվականի փետրվարին նրա կուսակցությունը համագործակցության հուշագիր է ստորագրել «Եդինայա Ռոսիայի» հետ։

Հրապարակման մեջ ներկայացվում են Ծառուկյանի կենսագրության որոշ հատվածներ, մասնավորապես այն, որ 2004 թվականին Երեւանի կենտրոնում իր մեքենան պայթեցնելու համար այն ժամանակ դեռեւս «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը մեղադրել է հենց Ծառուկյանին։

«Կրեմլի այս գործընկերը բավական բուռն կենսագրություն ունի», – նշում է կենտրոնը՝ որպես օրինակ բերելով Ծառուկյանի մասնակցությաբ բռնաբարության գործը. «1979-ին խորհրդային ոստիկանության ծառայող Ծառուկյանը մեղավոր է ճանաչվել խմբակային բռնաբարության համար եւ պատիժը կրել Նիժնի Տագիլում»:

Հրապարակման մեջ անդրադարձ կա նաեւ որոշ ՀԿ-ների, որոնք սերտորեն համագործակցում են Կրեմլի հետ: Խոսքն, օրինակ, Լազարեւյան ակումբի մասին է, որն, ըստ «Դոսյե»-ի, ռուսական կողմից համակարգում է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, իսկ անդամներն են Զորի Բալայանը, Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը:

Արձագանքներ

ՀՀ ԱԱԾ-ն չմեկնաբանեց «Դոսյե»-ի հրապարակումը: Մեր հարցին, թե արդյոք ուսւմնասիրվո՞ւմ է այն, ԱԱԾ-ից գրավոր հարցում խնդրեցին:

Ռուսական կենտրոնի հրապարակման առաջին արձագանքը թերեւս պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումն էր. «Ժողովուրդ հասկանալի է չէ՞, որ Հայաստանի քաղաքական դաշտում «Կանդիդատ» ծածկանունով գործող օտարերկրյա գործակալը Վանեցյանը չի»:

Ֆեյսբուք սոցցանցում թեմային անդրադարձավ նաեւ Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը. «Չեմ կարող որեւէ կերպ գնահատել այս հոդվածում օգտագործված փաստերն ու դրանց արժանահավատությունը։ Քանի որ այնտեղ շոշափված է նաեւ իմ անունը, միայն կհայտարարեմ, որ իմ շրջապատում կամ ծանոթ օտարեկրացի/ռուս անձանց մեջ չկա Սվետլանա Մաքսիմովա անունով որևէ մեկը, առավել ևս առաջին անգամ եմ լսում նրա «կուրատորների» անուն ազգանունները ու երբևէ որևէ առնչություն նրանց հետ չեմ ունեցել։ Թե ինչպես են նրանք «հետևում» ինձ, որևէ բան ասել չեմ կարող»,- գրել է նա։

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •