vanadzor

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վանաձորի կենտրոնում գործող խանութներից մեկում նախօրեին տեղի ունեցած պայթյունի ժամանակ խանութի տնօրեն Աշոտ Ոփյանը ներսում է եղել:

Նույն այդ տեղեկություններով՝ քննությամբ դեռեւս չպարզված անձը մտել է խանութ՝ իբր ձուկ գնելու, տնօրենը ձուկը վերցրել ու առաջ է գնացել, որպեսզի մաքրի այն, ու այդ ժամանակ տվյալ անձը պայթուցիկը նետել է խանութի մեջ, այն դիպել է ջրագծի խողովակին ու չի հասել խանութի այն հատված, որտեղ տնօրենն է այդ պահին գտնվել: Տնօրենը ՀԺ-ի հետ զրույցում չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ, միայն նշեց, որ արդար քննություն է ակնկալում իրավապահ մարմիններից. «Ես միայն ուզում եմ, որ հանցագործին գտնեն»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել երեկ երեկոյան Վանաձորի կենտրոնական ու մարդաշատ վայրում, խանութ նետված պայթուցիկը եղել է ձայնային նռնակ: Պայթյունի հետեւանքով վնասվել է խանութի ողջ գույքը, առաստաղը, ապակիները: Թե որքան վնաս է պատճառվել, տնօրենը դեռեւս չի հաշվարկել, ասաց՝ իր համար այս պահին ոչ թե վնասի չափն է կարեւոր, այլ հանցագործությունը կատարած անձի հայտնաբերումը:

Րոպեներ անց դեպքի վայրում են եղել ոստիկանության Լոռու մարզային վարչության ու Բազումի բաժնի ծառայողները՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում առկա են եղել տեսախցիկներ, որոնց ձայնագրությունն առգրավվել է:

Դեպքի հետ կապված իրավապահները քննարկում են մի շարք վարկածներ, որոնցից մեկն էլ այս տարվա փետրվարի 29-ին Վանաձորում տեղի ունեցած վիճաբանությունն է, որի հետեւանքով դանակահարված վիճակում Վանաձորի Շիրակի խճուղում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնից Վանաձորի բժշկական կենտրոն էին տեղափոխվել ձկան խանութի տնօրեն Աշոտ Ոփյանի տղան ու եղբորորդին: Վիճաբանության մյուս կողմից մեկ հոգի էլ հիվանդանոց էր տեղափոխվել հրազենային վնասվածքով: Հրազենը, ըստ տեղեկությունների, պատկանել էր Աշոտ Ոփյանին:

Թե որքանով այս դեպքը կապ ունի ամիսներ առաջ տեղի ունեցած վիճաբանության հետ, դեռեւս հայտնի չէ: Սա քննարկվող վարկածներից մեկն է, որը քննությամբ կա՛մ պետք է հաստատվի, կա՛մ հերքվի: Այս առնչությամբ եւս խանութի տնօրենը որեւէ մեկնաբանություն չտվեց, միայն ասաց, որ քանի դեռ հանցագործությունը չի բացահայտվել, ինքը ոչինչ չի կարող ասել:

Նշենք, որ դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •