ՀՅԴ, «Հայրենիք» և ԲՀԿ կուսակցությունները հայտարարել են համապետական հանրահավաքի մասին: Հավաքի բացատրությունը պարզ է՝ իշխանությունը տապալել է երկրի կառավարումը և պետք է անհապաղ հեռացնել այդ իշխանությանը:

Անկախ, իհարկե, երեք կուսակցությունների վերաբերյալ գնահատականներից, անկախ նրանց հանդեպ հանրային վերաբերմունքից՝ քաղաքական այդօրինակ կոչերը ցանկացած ուժի իրավունքն են, եթե դրանք դուրս չեն գալիս օրինականության և սահմանադրականության շրջանակից և չեն ստանում պետության համար վտանգավոր ընթացք:
Մյուս կողմից, սակայն, եթե քաղաքական ուժերը հայտարարում են այն մասին, որ կառավարությունը պետք է հեռանա, քանի որ տապալել, ձախողել է իր խնդիրը և Հայաստանը, զարգացման փոխարեն, տանում է վտանգների, ապա տրամաբանությունը և հանրության հետ ազնվությունը հուշում են, որ այդ ուժերը պետք է հանրությանն օր առաջ ներկայացնեն այն կառավարության առնվազն կմախքը, որը, նրանց կարծիքով, դուրս է բերելու պետությունը այն վտանգավոր հունից, որում հայտնվել է:

Այսինքն՝ երեք կուսակցությունները, որ ախատանքային խմբով արդեն տևական ժամանակ փորձում են մշակել ընդհանուր ռազմավարություն կամ գոնե մարտավարություն, թերևս պետք է հրապարակավ խոսեն այն մասին, թե ո՞ւմ են տեսնում վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի փոխարեն: Կամ՝ ինչպե՞ս են տեսնում խորհրդարանական նոր մեծամասնությունը: Դիցուք, եթե լինում է արտահերթ ընտրություն, իրենք մասնակցում են դրան միասնական ցուցակո՞վ՝ երեքը միասին կամ ներգրավելով նաև այլ ուժեր, թե՞ առանձին-առանձին:

Ի վերջո, այն, թե ով է «կործանում» երկիրը, շատ ժամանակ չի պահանջվում ասելու՝ երբ որևէ ուժ ստանձնում է ընդդիմության դեր և փորձում այդ հռետորաբանությամբ լուծել իր հարցը: Հետևաբար հարյուր անգամ խոսել «կործանողի» մասին՝ պետք չէ, և ավելի լավ է գեթ մեկ անգամ խոսել այն մասին, թե ով և ինչ ձևաչափով է «փրկելու»: Այ դա արդեն կարող է լինել առարկայական խոսակցություն: Կլսի հանրությունը, թե ոչ՝ այլ հարց է, բայց խոսակցությունը առարկայական և ազնիվ կարող է լինել միայն այդ դեպքում: Եթե, իհարկե, երեք ուժերը ունեն այդ հարցերի պատասխանները, և իրենք էլ իրենց հերթին չեն սպասում, որ որևէ տեղից այդ պատասխանը կիջեցվի իրենց:
Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •