«Այս տանը 1906-1922 թթ. ապրել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը». ահա այսպիսի մի ցուցանակով է հիշատակված Թբիլիսիիում այն հասցեն, որտեղ անցել է հանրահայտ երաժշտի մանկությունն ու պատանեկությունը:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական հատվածում գտնվող տանը (Ուզնադզե 93) ծնողների եւ ավագ եղբոր հետ միասին Արամ Խաչատրյանն ապրել է 16 տարի:

Փողոցին հարող տունը, որի վրա փակցված էր այդ ցուցանակը, բավականին հին էր, դուռը՝ կողպեքով ամրացված: Առաջացանք՝ մտածելով, թե հենց փողոցի վրայի այդ տանն է ապրել Խաչատրյանը:

Ցուցանակի անմիջապես կողքին տան թվացյալ ետնամաս տանող կարճ ճանապարհ կար, որը մեզ տարավ իտալական հին ոճով կառուցված տների մոտ: Դրանցից մեկում էլ ապրել է Արամ Խաչատրյանը: Մոտավորապես մեկ տասնյակ տարբեր տների պատշգամբներն իրար դիմաց էին:

Ի դեպ, Խաչատրյանի տունը փնտրելիս հետաքրքիր զուգադիպությամբ դիմեցինք հենց այն կնոջը, որը պարզվեց ապրում է կոմպոզիտորի նախկին տանը: Վրացուհի երիտասարդ կինը, լսելով Արամ Խաչատրյանի մասին մեր հարցը, կանչեց կողքի հարեւանին, հարեւանն էլ՝ իր մյուս հարեւանին, եւ 2 րոպեի ընթացքում բոլորն արդեն իրենց պատշգամբներում էին: Ժպիտով սկսեցին ասել, թե ով ինչ գիտի Խաչատրյանի մասին, բայց որոշեցին, որ երաժշտի մասին ամենաշատ ինֆորմացիայի տիրապետում է իրենց ամենատարեց հայ հարեւանուհին: Իսկ մինչ այդ մեզ առաջնորդեցին եւ ներսից ցույց տվեցին այն տունը, որտեղ ապրել է մեծանուն երաժիշտը: Զարմանալին այն էր, որ Խաչատրյանի՝ այդ հասցեում բնակված լինելու, նրա ընտանիքի եւ հայրական տան մասին գիտեին բոլորը, տեղյակ չէր միայն այն կինը, որն այժմ ապրում է նրա տանը:

Իսկ հարցին, թե ինչպիսի՞ն է եղել Խաչատրյանի հայրական տունը, եւ ի՞նչ է փոխվել այսօր այնտեղ, հարեւաններից մեկը պատասխանեց. «Բնականաբար, այն առաջվանը չէ: Այս երիտասարդ զույգն այն վերափոխել է»:

Տունը վերանորոգված էր ու ժամանակակից ձեւով կահավորված, Խաչատրյաններից միայն դրսի դուռն ու պատուհաններն էին մնացել: Համենյան դեպս, հարեւանները վստահեցրին, որ դրանք չեն փոխվել: Բնակչուհին ցույց տվեց այն սենյակը, որտեղ ապրել էր Խաչատրյանը:

Երկրորդ հարկում գտնվող այդ բնակարանը, որտեղ երկար տարիներ ապրել է կոմպոզիտորը, երբեք էլ տուն-թանգարան չի եղել: Այդտեղ են ապրել Արամ Խաչատրյանի ծնողները, իսկ նրանց մահից հետո տունը վաճառվել է:

Այս ամենը մեզ պատմելուց հետո հարեւանուհիներն ուղղորդեցին դեպի առաջին հարկում բնակվող 96-ամյա հայ տատիկի՝ Տալիթա Ճերմակյանի տուն: Մեզ դիմավորեց ականջակալներով նստած մի կին: Նա, արագ ընդհատելով արեւածաղիկ ուտելու գործը, թռավ տեղից ու ժպիտով եկավ ընդառաջ, ասաց՝ ականջակալներով է հեռուստացույց լսում, որ դրա բարձր ձայնը չխանգարի հարեւաններին:

Թբիլիսիում ապրող այս հայուհին տարիքի համեմատ չափազանց առույգ է: Նա դա «պատճառաբանեց» նախկինում սպորտսմեն լինելով. երկար տարիներ բասկետբոլի մարզիչ է եղել: Առաջարկեց նստել ու ամենայն մանրամասնությամբ պատմել այն, ինչ լսել է իր ավագ քույրերից ու ծնողներից:

«Ես Խաչատրյանին չեմ տեսել, երբ ծնվել եմ, նա արդեն այստեղ չի ապրել: Հետագայում գալիս-գնում էր: Նրանք երկու եղբայր էին, մեծ եղբայրը Հայաստանում էր ապրում, իսկ ինքը 16-17 տարեկան դառնալուց հետո գնաց Մոսկվա. դա իր երազանքն է եղել: Ծնողները նրա գնալուց հետո երկար տարիներ այստեղ ապրեցին, չնայած հայրը մի փոքր շուտ մահացավ, բայց մայրը երկար ապրեց: Երբ արդեն մենակ էր, գնաց Երեւան՝ մեծ տղայի մոտ, հետո լսեցինք, որ այնտեղ մահացել է: Մոր մահից հետո Արամը եկավ, վաճառեց բնակարանն ու ընդմիշտ հեռացավ»,- պատմեց Տալիթա Ճերմակյանը:

Արամ Խաչատրյանը երեխա ժամանակ խաղացել եւ շատ մտերիմ է եղել Տալիթա Ճերմակյանի քրոջ՝ Եկատերինայի հետ: Մոտ 18-19 տարեկան հասակում Արամ Խաչատրյանն անգամ ցանկացել է ամուսնանալ Կատյայի հետ, բայց ինչպես 96-ամյա Տալիթան է պատմում, քույրը նրան մերժել է: «Քույրս չուզեց Արամին, որովհետեւ նրան այդ ժամանակ Բաթումիից եկած շատ գեղեցիկ մի երիտասարդ էր սիրում: Այդ երիտասարդն արդեն կայացած էր եւ լավ մասնագետ: Կատյան նրան ընտրեց: Դրանից հետո Արամը երկար ժամանակ չէր ամուսնանում, հետո իմացանք, որ այնտեղ՝ Մոսկվայում, ամուսնացել է ինչ-որ մեկի հետ»,- հիշեց 96-ամյա տատիկը:

Տալիթա Ճերմակյանին քույրն է պատմել հռչակավոր կոմպոզիտորի մասին, ասել՝ նա շատ ընկերասեր ու շփվող է եղել, միշտ երգել է, նվագել, իսկ Մոսկվայում բարձրագույն երաժշտական կրթություն ստանալը եղել է նրա երազանքը: Տալիթա Ճերմակյանի խոսքով՝ Արամ Խաչատրյանն անգամ իր գործերից մի փոքրիկ կտոր նվիրել է առաջին սիրուն՝ Կատյային:

96-ամյա տատիկը նաեւ պատմեց Խաչատրյանի մանուկ հասակի արկածներից մեկը, որն անչափ տպավորվել էր տիկնոջ հիշողության մեջ. «Արամենք տանը կատու են պահել, եւ եթե հանկարծ կատուն սեղանից որեւէ ուտելիք է գողացել, Արամը նրան պատժել է՝ կապելով բակի մեջտեղի ծառից: Այդ ծառն էլ արդեն չկա: Հետո հարեւանները տեսել են, որ կատուն շատ է տանջվում, գնացել ու ազատել են բանտարկությունից, բայց ամեն անգամ այդ ձեւով Արամը պատժել է կատվին»:

Երբ Խաչատրյանն արդեն հայտնի երաժիշտ է դարձել, չի կարողացել հաճախ լինել հայրական տանը, բայց գնացած ժամանակ այցելել է բոլոր հարեւաններին ու նվերներ տարել. «Գալիս էր, բոլորին մի ձեւով ուրախացնում, պատմում էր իր սիրելի գործի մասին, կիսվում տպավորություններով»:

Տալիթա Ճերմակյանի ընտանիքը Արեւմտյան Հայաստանի գաղթականներից է եղել: Նրա հայրը՝ Վարդան Ճերմակյանը, 1915 թվականին ընտանիքով հաստատվել է Վրաստանում: Անչափ մտերիմ են եղել իրենց տան անմիջապես վերեւի հարկում բնակվող Խաչատրյանների ընտանիքի հետ: Ճերմակյանների ընտանիքում խոսել են արեւմտահայերեն, սակայն պատմում է, որ երբ ամուսնացել է կիսով չափ ռուս, կիսով չափ գերմանացի տղամարդու հետ, դադարել է հայերեն խոսել. «6 քրոջով էլ ռուսական կրթություն ենք ստացել, միայն ծնողներիս հետ էինք հայերեն խոսում: Հետո երեխաներիս հետ արդեն ռուսերեն էի խոսում, քանի որ ամուսինս էլ հայերեն չէր հասկանում, բայց նրանք ծնողներիս՝ իրենց տատիկի ու պապիկի հետ սկսեցին հայերեն խոսել եւ հայերին շատ էին սիրում: Ես Հայաստանը, Երեւանը շատ-շատ եմ սիրում, մի կարճ ընթացք եմ բախտ ունեցել երիտասարդ տարիքում այնտեղ ապրելու: Կարոտում եմ, գիշերները՝ բոլորից թաքուն երբեմն արտասվում:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •