Serzh Aliyev

Ադրբեջանի նախագահ Ալիևը ՄԱԿ ԳԱ 75-րդ նստաշրջանի բացման առիթով ունեցած հեռավար ելույթում Հայաստանին մեղադրել է պատերազմի պատրաստվելու և ռազմատենչության մեջ՝ կոչ անելով ՄԱԿ երկրներին քայլեր ձեռնարկել Հայաստանի այդ գործողությունները կանխելու համար:

Այդ պատկերը իսկապես ծիծաղելի կդիտվեր՝ երբ Հայաստանի հանդեպ պատերազմի սպառնալիքը կենսակերպ դարձրած Ալիևը կոչ է անում ՄԱԿ-ին կանխել Հայաստանի ռազմատենչությունը, եթե իհարկե անհրաժեշտ չլիներ լուրջ դիտարկման ենթարկել Ադրբեջանի նախագահի այդ հռետորաբանության տրանսֆորմացիան: Եթե նախկինում Հայաստանն էր միջազգային հանրությանն ինտենսիվ կոչ անում կանխել Ադրբեջանի ռազմատենչությունը, ապա այժմ դա անում է Ալիևը, որն իհարկե միևնույն ժամանակ շարունակում է գործնականում ինքը լինել ռազմատենչ:

Որն է Ալիևի այդ տրանսֆորմացիայի պատճառը: Հայաստանում այդ առնչությամբ հնչում են տարբեր գնահատականներ, այդ թվում՝ զգալիորեն պայմանավորված նաև ներքին քաղաքական կոնյունկտուրայով: Օրինակ՝ Հայաստանում կարող են գտնվել նախկին համակարգի ներկայացուցիչներ, որոնք Հայաստանի ղեկավարությանը կմեղադրեն բանակցությունը փակուղի մտցնելու համար: Իրենց կառավարման շրջանում այդօրինակ հայտարարությունների պարագայում նրանք ամբողջ քարոզչական մեքենայով, տեղեկատվական սպասավորներով կլծվեին տվյալ հայտարարության հեղինակին Բաքվի ջրաղացին ջուր լցնելու համար մեղադրելու գործին: Իսկ այսօր իրենք են սիրով ջուր լցնում այդ ջրաղացին: Սակայն անգամ այդ ջուրը հազիվ թե օգնի Ալիևին առավել արագ և արդյունավետ պտտել այն, որովհետև ադրբեջանական ջրաղացի խնդիրները շատ ավելի խորն են, և դրանք են պատճառը, որ Ալիևն այսօր ինտենսիվորեն փորձում է ռազմատենչության համար մեղադրել Հայաստանին և կանխելու համար դիմել միջազգային հանրությանը:

Բաքվում Անկարան պարտության է մատնել Կրեմլին, ու Ադրբեջանի նախագահը լավ է պատկերացնում, որ դրա համար վճարելու է ինքը: Իսկ Ալիևը լավ գիտի, որ Ռուսաստանն ու Թուրքիան որքան էլ գտնվեն հակադրության տրամաբանության, շահերի բախման տրամաբանության մեջ, նրանք դեռևս ունենալու են մարտավարական շատ պայմանավորվածություններ, որոնք ինչ ռեգիոնի էլ վերաբերեն, դրանց հիմքը լինելու է թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի համար «օրորոցային»՝ կովկասյան ռեգիոնը: Իսկ այստեղ այդ պայմանավորվածությունների թույլ օղակի դերում է հայտնվում Ադրբեջանը, որովհետև այն չունի լեգիտիմ իշխանություն՝ ի տարբերություն Հայաստանի: Մինչդեռ Ալիևը ինքը հիանալի գիտի, թե ինչ ռուս-թուրքական պայմանավորվածություններ են եղել Հայաստանի հաշվին, երբ Հայաստանում էլ եղել է ոչ լեգիտիմ իշխանություն:

Այստեղ է, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալիևը հայտնվում է խուճապի մեջ, որովհետև մնացել է իր ոչ լեգիտիմության մեջ մենակ: Այստեղ է նաև այն մղման պատճառը, որ նկատվում է ադրբեջանական պրոպագանդայի վարքագծում՝ Հայաստանի նախկին համակարգի ներկայացուցիչների հայտարարությունների հանդեպ:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •