Ezerk.am. Դիվանագիտական կորպուսի որակի մասին բազմապատկվող հրապարակումները, կարծում ենք, հիմնականում արտացոլում են առկա ոչ բարվոք վիճակը եւ դրա անադեկվատությունը պատերազմական պայմաններին: Արվեստների կամ բիզնեսի ձիրքը՝ մեկ կողմ, դիվանագիտության, ավաղ, արյունալի դարձած ասպարեզը՝ մեկ կողմ

Վրաստանն ու Իսրայելը դարձել են ՀՀ-ում եւ Արցախում զինվորականների եւ խաղաղ բնակչության սպանության փաստացի մեղսակիցներ: Իսրայելը՝ նաեւ մահաբեր զենք-զինամթերքի պաշարների գլխավոր մատակարարն է: Մի կողմ դնենք հայակործան պատմական մանրամասները, որ ծայրահեղ բացասական են, մանավանդ Վրաստանի պարագային, մի կողմ դնենք «հավիտյանս հավիտենից միակ ողջակիզված ազգի» թեզը պաշտպանող հրեից պետության դիրքորոշումը 1915-ի եղեռնի վերաբերյալ եւ անդրադառնանք չոր փաստերին:

Ցանցային ուշադիր օգտատերերի աչքից չեն վրիպել սեպտեմբեր 27-ից առաջ եւ մանավանդ հետո Իսրայել-Թուրքիա-Վրաստան օդային երթուղով դեպի Կասպիցի Արեւմուտք թռչող բեռնանավերի շարանները: Մեր ուշադրությունից, ինչպես նաեւ պաշտոնյաների՝ ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանի, օրինակ, չի վրիպել հայկական զինվորական բեռների արգելափակումը Վրաստանի թե օդային, թե ցամաքային ուղիների վրա:

Բեռնափոխադրության տվյալները մեզ են հասնում  հիմնականում մասնավոր անձանց օգնությամբ: Բոլոր հիմքերը կան մտածելու, թե զենքի օդային եւ ցամաքային փոխադրումների մասին հայկական պետությունը բավարար չափով տեղյակ էլ չէ:

Հայանպաստ գործունեությամբ հայտնի հրեա բլոգեր  Ալեքսանդր Լապշինը ստիպված է հարց տալ. ինչով է զբաղված Իսրայելում Հայաստանի դեսպանությունը, ինչու չի անդրադառնում մահաբեր բեռների մատակարարման խնդրին, չէ որ չվերթների թիվը օրեցօր աճում է: Լապշինը հենվում է Կնեսեթի նախկին պատգամավոր Ռոման Բրոնֆմանի տեղեկությունների վրա:

Մատակարարումները իրականացվում են կողմնակի աչքից հեռու գտնվող եւ 2019-ից կոնսերվացված Ուվդա օդակայանից, որ ի սկզբանե ռազմական էր, սակայն սպասարկում էր նաեւ բեռնատար ավիացիայի առեւտրային չվերթները: Այժմ այն գործում է բացառապես Բաքվի շահերի համար:

Տարիներ առաջ հայտնի էր դարձել Իրանի դեմ իսրայելական օդուժի ենթադրելի արշավանքները սպասարկելու նպատակով Բաքվի շրջակայքում եւ երկրի հարավում նախկին սովետական օդակայանների՝ Իսրայելի կողմից վարձակալվելու փաստերը:

Այժմ կարելի ենթադրել, որ Ուվդա օդակայանը դարձել է Բաքու-Իսրայել ոչ միայն հակաիրանական, այլեւ հակահայ գործարքի մաս: Ու այս ամենը Իսրայելում ՀՀ ոչ ռեզիդենտ դեսպան Արմեն Սմբատյանի եռանդուն ջանքերով Թել-Ավիվում ՀՀ դեսպանատան բացումից հետո:

Դեսպանատան բացումը հապճեպ եւ ծայրահեղ կասկածելի քայլ էր, նկատի ունենալով Բաքվին Իսրայելի բազմամիլիոնանոց մատակարարումները եւ դրանց հետեւանք՝ տասնյակ զոհերը Արցախում: Հիմա արդեն նաեւ ՀՀ տարածքն է իսրայելական արտադրության ԱԹՍ-ների թիրախում:

Ոչ թե կասկածելի, այլ խելացնոր է կարելի համարել երաժիշտ-դեսպանի ջանքերով դեսպանատան բացումը քաղաքական իմաստով: Իսրայելը դրանից հետո ճանաչե՞ց 1915-ը: Թե դադարեցրեց զենքի եւ զինամթերքի մատակարարումները: Ուվդա օդակայանից էլ չվերթներ չկա՞ն: Ոչ, անշուշտ:

Փոխարենը լրջորեն տուժել են Երեւան-Թեհրան հարաբերությունները: Սա արժե՞ր ստանալ դեսպանի՝ Իսրայելում բազմելու եւ մերթընդմերթ զվարճալի ֆլեշ-մոբերի մասին հաղորդումներ արձակելու դիմաց: Ընդ որում, հայ հարկատուների հաշվին:

Շարադրածից միակ եզրահանգումը. Իսրայելում ՀՀ դեսպանը պետք է ետ կանչվի, ինչը նշանակալից ազդակ կլինի Բաքվին զենք-զինամթերքով մատակարարելու անթույլատրելիության մասին:

Իսկ սիմֆոջազ արդեն փոքր-ինչ մոռացված ժանրի մետր մեր սիրելի կոմպոզիտոր Արմեն Սմբատյանը հնարավորություն կստանա վերջապես վերադառնալու սեւուսպիտակ ստեղների առջեւ: Բոլորս միայն կշահենք:

Ուվդա «կողբ» օդակայանը Էյլաթ քաղաքից 60 կմ դեպի հյուսիս, Իսրեյելի հարավում | googlemap

Սմբատյան-Շվիդկոյ ազգակից զույգը (երկուսը ձախից)՝ դեսպան Բուլբուլօղլիի առաջնորդությամբ բարեկամություն են քարոզում Արցախում, 2009 |

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •