Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 29-ին թուրքական օդուժի Ֆ-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, Վարդենիսի ուղղությամբ օդ բարձրանալով ադրբեջանական օդանավակայանից, խոցել է հայկական ՀՕՊ ուժերին աջակցություն ցուցաբերող հայկական Սու-25 ռազմական օդանավը:

Ցավոք սրտի, զոհվել է մեր օդաչուն: Դա ուղիղ հարված է ոչ միայն հայկական օդանավին, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին, այլ նաև Հայաստանի Հանրապետության անվտանգային դաշնակից Ռուսաստանի և անվտանգային ռազմա-քաղաքական դաշնակցային բլոկի կարգավիճակ ունեցող ՀԱՊԿ տարածքին: Ունե՞ն Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն այդ ուղիղ թիրախավորմանը նույնքան ուղիղ և հստակ պատասխան: Երկուսն էլ առայժմ հավատարիմ իրենց ոճին ու բնույթին, պահում են այսպես կոչված հավասարակշռությունը, ավելի շատ կամ գերազանցապես հղում անելով այսպես ասած՝ միջնորդական քան դաշնակցային կարգավիճակին ու պարտավորություններին: Այդ ընթացքում Թուրքիայից հնչում են ավելի ագրեսիվ հայտարարություններ, որ հարվածն Ադրբեջանի տարածքին նշանակելու է հարված Թուրքիային:

Կարո՞ղ են Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը հայտարարել, որ հարված Հայաստանի տարածքին նշանակելու է հարված ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին: Թերևս, վստահաբար հնարավոր է ասել՝ չեն կարող, ամենատարբեր պատճառներով: Ու, դժբախտաբար, դա զարմանալի չէ:

Հարցը տվյալ դեպքում այլ է, իսկ գոնե ոչ հռետորաբանության, սակայն իրական քաղաքականության ռեժիմում կցուցաբերվի համարժեք աջակցություն դաշնակցին, առաջին հերթին, իհարկե, Ռուսաստանից: Այստեղ խնդիրը բոլորովին այն չէ, որ Հայաստանը չի կարող առանց Ռուսաստանի: Հայաստանը հայտարարել է համահայկական դիմակայության և միայն սեփական ուժերին ապավինելու մասին: Հարցն այստեղ այլ է՝ Ռուսաստանը չի կարող մնալ և անմասն չէ ծավալվող իրադարձություններից: Ըստ այդմ՝ ամեն ինչ շատ պարզ է՝ իրական քաղաքականության ռեժիմում Մոսկվան եթե Հայաստանի հետ չէ, ապա Թուրքիայի և Ադրբեջանի հետ է: Իսկ, քանի որ ռազմական գործողություններից բացի, անկասկած, ծավալվում են նաև քաղաքական գործընթացներ, այդ հանգամանքը, բնականաբար, էական նշանակություն է ստանում այդ գործընթացներում Հայաստանի մարտավարության և ռազմավարության համար: «Մենք հավաքում ենք ամբողջ տեղեկատվությունը շփման գծում տեղի ունեցողի վերաբերյալ, հետևում ենք բոլոր նորություններին, վերլուծում ենք իրավիճակը, այդ գիտելիքը օգտագործում ենք մեր ապագա դիրքորոշումը ձևավորելու և հետագա քայլերը որոշելու համար՝ ԵԱՀԿ խմբի մեր գործընկերների հետ»,- սեպտեմբերի 29-ին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ակնառու է, որ Ռուսաստանը գերադասում է դադարի կամ սպասողական մարտավարությունը և բավարարվում հայտարարություններով, որ շփումների մեջ է Երևանի, Բաքվի ու Անկարայի հետ: Այդ ընթացքում ակնհայտ նկատելի է թուրքական ագրեսիվության աճը թե՛ դիվանագիտական, թե՛ փաստորեն ռազմական իմաստով: Սեպտեմբերի 29-ի երեկոյան արցախյան պատերազմի առիթով արտահերթ նիստ է անելու ՄԱԿ անվտանգության խորհուրդը, որ նախաձեռնել են Ֆրանսիան ու Գերմանիան: Թուրքիան ագրեսիվանում է այդ խորհրդին ընդառաջ, իսկ Ռուսաստանը՝ սպասում: Հայաստանի և հայության խնդիրը չի փոխվում՝ Հայաստանն ու հայությունը շարունակում են պարտադրված պատերազմը ինքնիշխանության համար և հետ մղել հերթական ռեգիոնալ խաղի մանրադրամ դառնալու սպառնալիքը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •