Ադրբեջանի կողմից լայնածավալ ագրեսիայի սկսելու առաջինիսկ պահից Հադրութ շրջկենտրոնը գտնվում է թշնամու թիրախում: Տարբեր զինատեսակներից ռմբակոծվում է շրջկենտրոնը. ամենաինտենսիվն առաջին օրվա հարվածներն էին, համեմատաբար հանգիստ էր սեպտեմբերի 28-ին՝ օրվա 2-րդ կեսից հետո: Այս մասին գրում է Դիզակ թերթը։

Հադրութ համայնքի ղեկավար Վահան Սավադյանի փոխանցմամբ՝

– Այս պահին հարաբերական անդորր է: Բայց պատերազմի սանձազերծումից ի վեր ավելի քան 50 արկ է ընկել Հադրութում՝ չհաշված ԱԹՍ-ների հարվածները: Արդյունքում վնասվել են ենթակառուցվածքները, էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է, սեպտեմբերի 28-ի երեկոյան մասնակիորեն վերականգնվել է հեռախոսակապը, ջրի խնդիր չի եղել, բայց գազամատակարարումն անջատված է:

Թիրախները հիմնականում քաղաքի կենտրոնական հատվածներում էին, ցավոք նաև զոհ ունենք խաղաղ բնակչության շրջանում: Համայնքում կատարվում է բնակիչների հաշվառում, որպեսզի կարողանանք կազմակերպել նրանց սննդի հարցերը, անհրաժեշտության դեպքում կազմակերպենք տարահանում:

Վնասների մասով կկատարվի գույքագրում, վնասվել են բնակելի շենքերի տանիքներ, պատուհաններ, ինչպես նաև շարժական գույք: Իսկ մենք խորը կսկիծով պետք է հավելենք, որ համայնքից զոհված բնակչուհին 1941թ. ծնված Լ.Ս. Ստեփանյանն էր, ով իրենց տան տարածքում՝ նույն վայրում, արկի հարվածից ստացած վիրավորման արդյունքում զրկվել էր ձեռքից դեռևս 1993-ին, իսկ մեկ տարի անց կորցրել էր հերոս որդուն՝ Ռաֆիկ Ստեփանյանին /Ափո/:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •