Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա ՌԴ քաղաքական ղեկավարության հետ: Մոսկվա-Թեհրան հանդիպումը անշուշտ մեծ նշանակություն կարող է ունենալ Հայաստանի համար, քանի որ Ռուսաստանն ու Իրանը ներկայումս կանգնած են մարտահրավերների առաջ, որոնք ուղիղ առնչվում են նաև Հայաստանին:

Մասնավորապես, այստեղ խոսքը իհարկե միայն մերձավորարևելյան խնդիրների մասին չէ, այլ առաջին հերթին այն նոր իրավիճակի, որ ստեղծվել է Կովկասում, այն բանից հետո, երբ Անկարան ուղղակի կլանեց Ադրբեջանը: Դա անշուշտ ոչ միայն զուտ ռեգիոնալ անվտանգային համակարգին առնչվող խնդիր է, որի հանդեպ Իրանն ու Ռուսաստանը բնականաբար խիստ զգայուն են: Այստեղ կա նաև անմիջականորեն Ադրբեջանի հարցը, որտեղ Թուրքիայի գերակտիվացումն ու այլ կերպ ասած՝ կլանումը, նշանակում է լուրջ անհաջողություն և գրեթե պարտություն Մոսկվայի ու Թեհրանի համար, որոնք Թուրքիայի գլխավոր մրցակիցներն էին և են՝ Ադրբեջանում ազդեցության իմաստով:

Այդպիսով, Անկարան այս փուլում պարտության է մատնում նրանց և ի թիվս այլ հարցերի, Մոսկվայի և Թեհրանի օրակարգում կարող է հայտնվել Ադրբեջանում կրած պարտության հանդեպ ռևանշի խնդիրը: Ինչպե՞ս կդիտարկվի այդ խնդիրը, ի՞նչ հնարավորություն և ո՞ր ուղղությամբ: Փորձ կարվի այդ հարցում անմիջապես ռևանշի ձգտել հենց Ադրբեջանում ազդեցության ռեսուրսները գործի գցելո՞վ, ռևանշի ծանրության կենտրոն դարձնել Կասիցի՞ ավազանը, որը անկասկած Անկարայի հետադրբեջանական թիրախներից է, թե՞ դիտարկել կովկասյան ռեգիոնում ռևանշի հնարավորությունը՝ մասնավորապես հայկական ուղղությամբ, ավելի հեռահար, ռազմավարական տեսանկյունից՝ նպաստելով ռեգիոնում հայկական դիրքերի ամրացմանն ու ապավինելով Հայաստանի հետ իրենց երկկողմ հարաբերությանը:

Հետևելով Մոսկվա-Թեհրան հարաբերությանն ու այդ իմաստով Զարիֆի այցի վերաբերյալ ադրբեջանական պրոպագանդայի արձագանքին, ակնառու է, որ Բաքվում բավականին նկատելի խանդով են հետևում դրան, ու նաև չարախնդությամբ նկատում, որ Մոսկվա-Թեհրան պայմանավորվածությունների և կշռի բարձրացման հեռանկարը մեծ չէ: Դա սակայն թերևս քարոզչական արձագանք է և թույլ է տալիս շոշափել տրամադրություններն ու սպասումները, և իհարկե Զարիֆի մոսկովյան այցի նշանակությունը, այլ ոչ իրական քաղաքական պատկերը: Որովհետև Մոսկվայի և Թեհրանի մրցակցային հարաբերությամբ հանդերձ, ներկայումս կա շատ ավելի մեծ միավորող մրցակից՝ Թուրքիան: Եթե Ռուսաստանն ու Իրանն այդ հարցում հապաղեն և ուշանան, ապա այստեղ նրանց առաջ հառնելու է ԵՄ-Թուրքիա հարաբերության օրինակը, երբ Անկարան ուղղակի «մատի վրա պտտեցնելու» է Թեհրանին ու Մոսկվային, ինչպես ներկայումս անում է ԵՄ պետությունների պարագայում, որոնք հապաղեցին թուրքական սանձարձակությունը համարժեք գնահատելու հարցում:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •