Putin Vladimir

Անհրաժեշտության դեպքում դա տեղի կունենա, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ի պատասխան լրագրողի հարցի, թե Փաշինյանի հետ հեռախոսազրույց ունեցած Պուտինը ծրագրո՞ւմ է հեռախոսազրույց Ալիեւի հետ:

Պեսկովն ասել է, թե անհրաժեշտության դեպքում դա կլինի, միաժամանակ հիշեցնելով, որ արտգործնախարար Լավրովն առաջին իսկ օրից ներգրավված է երկու կողմերի հետ շփումներում:

ՌԴ նախագահ Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին հաղորդվեց սեպտեմբերի 27-ի երեկոյան: Քննարկման մանրամասները հայտնի չեն, այդ համատեքստում Պեսկովի արձագանքը Ալիեւի հետ զրույցի հնարավորության մասին հարցին, ստանում է բավականին բազմիմաստ երանգ:

Արդյոք Լավրովի մասին հիշեցումը խոսում է այն մասին, որ Պուտինը ներկայիս իրավիճակում դեռեւս հարկ չի համարում ներգրավվել եւ բավական է համարում Լավրովի մակարդակը: Հատկանշական է, որ նույն կերպ արտգործնախարարների մակարդակին է հղում անում Պեսկովը նաեւ Էրդողանի հետ հեռախոսազրույցի հնարավորության մասին հարցին:

Այդ հանգամանքը արժանի է ուշադրության: Պուտինը բարձրացնու՞մ է իր միջամտության գինը: Ու՞մ համար՝ Հայաստանի եւ Ադրբեջանի՞, թե ավելի շուտ՝ Էրդողանի: Հաստատապես երկրորդը: Անկասկած է, որ ադրբեջանական արկածախնդրությունը Թուրքիայի հրահրումն է, առանց Անկարայի Ալիեւը չէր շարժվի տեղից: Իսկ Անկարայի բուն խնդիրը Մոսկվային առեւտրի մեջ ներքաշելն ու պայման թելադրելն է:

Այդ համատեքստում էլ հատկանշական է Պեսկովի հայտարարությունը, որ Պուտինը կխոսի Ալիեւի հետ՝ անհրաժեշտության դեպքում:

Թերեւս նուրբ հարց է՝ ու՞մ համար անհրաժեշտության դեպքում, Պուտինի՞, թե՞ Ալիեւի համար անհրաժեշտության: Արդյոք Էրդողանի կցորդի վերածված Ալիեւը պետք է լինի այնպիսի վիճակում, որ պայմանականորեն՝ ենթարկվի Պուտինի, ոչ թե Էրդողանի զանգին:

Իսկ այդ պարագայում «անհրաժեշտությունը» նշանակում է, որ Ալիեւը պետք է բախվի կամ ռազմաճակատային, կամ ներքին լրջագույն խնդիրների: Ալիեւի այդ վիճակում Պուտինը կարող է ակնկալել, որ Էրդողանը կզգա արդեն իրեն զանգահարելու անհրաժեշտություն:

Հայաստանն ու Արցախը անշուշտ դիտարկում են այդ շերտերն ու զարգացումները, միաժամանակ ունենալով հստակ ռազմավարությունը՝ պատժել հակառակորդին առավելագույնս, երբ գործնականում նշանակություն չի ունենա, թե ով ում կզանգահարի: Այդ պարագայում բոլորի նպատակը թերեւս կլինի մեկը՝ ապահովել գոնե Ափշերոնյան թերակղզու ամբողջությունը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •