Այսօր կամավոր ռազմաճակատ մեկնողների շարքում կան նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ:
Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ
քաղաքապետարանի բոլոր այն աշխատակիցները, որոնք կամավոր կամ աշխարհազորի կազմում մեկնում են ռազմաճակատ, աշխատանքային օրենսդրությամբ կպահպանեն իրենց աշխատատեղերը:
«Անհրաժեշտության դեպքում այդ տեղերը ժամանակավորապես կլրացվեն»,- գրել է նա:
Մեզ հետ զրույցում Կարապետյանը հրաժարվեց նշել՝ քանի՞ աշխատակից է մեկնում ռազմաճակատ: Նա միայն նշեց, որ մեկնողներ կան:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով սկսված մարտական գործողությունները շարունակվում են:

Արցախին օգնություն ցուցաբերելու և իրենց ներուժը հայրենիքի պաշտպանության գործին ծառայեցնելու նպատակով ԵՊՀ-ում ձևավորվել է կամավորական ջոկատ, որն այսօր համալսարանի բակից ուղևորվեց Արցախ:

ԵՊՀ մամուլի ծառայությունը հայտնում է, որ կամավորական ջոկատի անդամներն իրենց հետ որպես օգնություն վերցրել են սնունդ, դեղորայք և անհրաժեշտ այլ պարագաներ:

Ի դեպ, ԵՊՀ Ուսանողական խորհուրդը նախաձեռնել է անհրաժեշտ իրերի՝ ծխախոտի, պահածոյացված ու չփչացող սննդի, առաջին անհրաժեշտության այլ պարագաների հավաքագրում առաջնագիծ ուղարկելու համար:

Նախաձեռնությանը միանալու համար անհրաժեշտ է այցելել ԵՊՀ կենտրոնական մասնաշենք՝ 6-րդ հարկ, ՈՒԽ սենյակ, այսօր՝ 15:00-ից մինչև 22:00-ն: Հավաքագրումը շարունակվելու է մի քանի օր:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •